HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում նույնպես այսօր մի քանի ակտիվիստի բերման ենթարկեցին

Գայանե Սարգսյան

Վանաձորում անցկացվող «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիան այսօր առանց բախումների չանցավ: Հայքի հրապարակից մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները քննարկել ու որոշել էին՝ ակցիան սկսել երթով: Ոստիկանները թույլատրել էին` պայմանով, որ քաղաքի փողոցները չեն փակվի, ցուցարարները փողոց դուրս չեն գա: Չնայած ոստիկանների հրահանգներին՝ ցուցարարները պարբերաբար քայլում էին նաև մայթեզրով, փողոցով:

Հերթական նման փորձի ժամանակ մոտ 2 տասնյակ ոստիկաններ հարձակվեցին երկու երիտասարդի վրա ու սկսեցին բռնի ուժով նրանց քարշ տալ դեպի ոստիկանական մեքենան: Մասնակիցները փորձեցին խոչընդոտել նրանց։ Միջամտությունը, սակայն, ապարդյուն էր: Եվս մեկ վարորդի ձեռքից ոստիկանները վերցրին մեքենայի բանալին ու այն վերադարձրին միայն րոպեներ անց: Վարորդի մեքենայում տեղավորված ոստիկանները ուղղորդեցին նրան, թե որ ուղղությամբ վարի:

Հարցին՝ ինչո՞ւ բերման ենթարկեցին երիտասարդներին, Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը պատասխանեց՝ հասարակական կարգը խախտել են, տարել են:

Խնդրեցինք մանրամասնել, բաժնի պետը պատասխանեց՝ մի խանգարեք ծառայությանը, անցեք մայթ:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ.մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter