HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բժշկական համալսարանի ուսանողները դասադուլ են անում, ոստիկանությունն ուժ կիրառեց (թարմացվող)

11:10

Ուսանողների բազմահազարանոց երթն այս պահին Մաշտոցի պողոտայում է: Նրանք փակել են Մաշտոցի պողոտայի երթեւեկելի մի ուղղությունը և առաջ են շարժվում:

10:55

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները Հերացի փողոցից սկսած քայլերթով անցան Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտով եւ այս պահին միացան Աբովյան փողոցում հավաքված բազմահազարանոց ուսանողական քայլերթին: Ուսանողները քայլերթը շարունակում են «Ազատ, անկախ ուսանող», «Ոստիկանը մերն ա» վանկարկումներով: 

10:25

Բախումներից խուսափելու համար Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները քայլերթը շարունակում են մայթերով: Հարյուրավոր ուսանողներ այս պահի գտնվում են Խանջյան փողոցում:

10:00

Րոպեներ առաջ ոստիկանները կրկին ցուցարարներին ծեծելով փորձում էին բերման ենթարկել: Ուսանողներից մեկին ոստիկանները այնքան ծեծեցին, որ նրա ինքնազգացողությունը վատացավ եւ շտապօգնության մեենայով տեղափոխեցին հիվանդանոց:


09:55

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հերացի փողոցով խաղաղ երթ էին անում, երբ ոստիկանները եկան եւ ուսանողներից ոմանց ծեծելով, բռնի ուժ կիրառելով` բերման ենթարկեցին:

Ոստիկանները բռնի ուժով մայթ տեղափոխեցին որոշ ցուցարարների: Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, սակայն ոստիկաններն այդ ուսանողին շարունակեցին գետնին քարշ տալով բերման ենթարկել: 


Ցուցարարները այս պահին շարունակում են քայլերթը արդեն Հերացի փողոցի մայթով:

09:33

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ այս պահին համալսարանի տարածքում դասադուլ են անում: Նրանք հավաքվել են համալսարանի դիմաց եւ վանկարկում են «միացեք», «մենք ենք տերը մեր երկրի»: 

Ուսանողների մի զգալի մաս հագել է բժշկական սպիտակ խալաթներ եւ այս պահին քայլերթով շարժվում է Աբովյան փողոցով:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter