HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի նրա գտնվելու վայրի մասին. փստաբանական գրասենյակի հայտարարությունը

«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է.

Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցից  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մինչև սույն հաղորդագրության հրապարակման պահը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 10:00-ն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի. «Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`

(…)

5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

(…)»: 

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման»:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝

«1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:

2. Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար»:

 

Նույն կոնվենցիայի 2-ին հոդվածի համաձայն՝

«Սույն Կոնվենցիայի նպատակների համար բռնությամբ  անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առևանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետևում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս»:

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հետաքննելու համար 2-րդ հոդվածում նշված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ մի խումբ անձանց կողմից` առանց պետության թույլտվության, աջակցության կամ լուռ համաձայնության, և պատասխանատուներին հանձնելու համար արդարադատությանը»:

Վերոնշյալից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվում է ՀՀ քաղաքացու Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և միջազգային պայմանագրերով նախատեսված հիմնական իրավունքները, ինչն անհամատեղելի է իրավական պետությանը բնորոշ սկզբունքներին և  արժեքներին:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տրամադրել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Միաժամանակ պահանջում ենք պետական մարմիններից պատասխանատվության ենթարկել մարդու և քաղաքացու վերը նշված հիմնական իրավունքների խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter