HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորում «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների քայլերթին միացան նաև ուսանողներ, աշակերտներ և այլ կազմակերպությունների աշխատակիցներ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործադուլ հայտարարած աշխատակիցների քայլերթին միացել են նաև Վանաձորի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, բուհերի ուսանողներ ու աշխատակիցներ և աշակերտներ:

Եթե նախորդ օրերի բողոքի ակցիաներին, հատկապես Վանաձորի պետական համալսարանից և բժշկական քոլեջից միացող ուսանողների թիվը քիչ էր, ապա այսօր նրանց թիվը մեծ է: Վանաձորցիները նշում են, որ քաղաքի պատմության մեջ չեն հիշում նման մարդաշատ ցույց: Հոսքն այնքան մեծ է, որ պարբերաբար երկկողմանի երթևեկություն է փակվում տարբեր փողոցներում, իսկ ոստիկանությունը մտավախություն ունի, որ երթը կարող է անկառավարելի դառնալ: Սա հաշվի առնելով՝ ոստիկաններն առաջնագծում գտնվողներին պարբերաբար զգուշացնում են հետևել երթի ընթացքին: Երթն ուղեկցվում է «Միացեք», «Քայլ արեք, մերժեք Սերժին», «Ազատեք Նիկոլին» կարգախոսներով:

Հայքի հրապարակից հետադարձ երթով վանաձորցիները շարժվում են ավտոկայան և կրկին կվերադառնան Հայքի հրապարակ:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter