HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Հրեշտակապետի տոնին քուրդն ու եզդին մեկ են

Քրդերը թանգարան են բացել Ալագյազում

Մենք Ալագյազ գյուղում ենք: Թակում ենք առաջին պատահած երկհարկանի տան դուռը: Բացում է ժպտադեմ մի կին ու, ձեռքով բարեւելով, ներս հրավիրում: Սենյակում մի քանի շարքով շարված սեղանների շուրջ նստած են տարբեր տարիքի ութ եզդի կանայք: Պատերին Օջալանի եւ քրդական շարժման նահատակների լուսանկարներն էին:

Մեզ ներս հրավիրող կինը ներկայանում է. «Ես Բերիթան Աղդալյանն եմ»:

«Արդեն մի տարի է հավաքվում ենք այս տանը: Տանտերն այստեղ չէ. մի սենյակում ժողովներ ենք անում, մեկում թանգարանն է, մյուսն էլ' հիվանդասենյակ: Եթե ուրիշ տեղերից հյուրեր ենք ունենում, նրանց տեղավորում ենք վերեւի հարկում: Հավաքվում ենք, մեր կուլտուրայից, կանանց թեմաներով ենք խոսում, նորություններ փոխանակում: Երեկոյան տղամարդիկ էլ են գալիս, միանում մեզ: Մեր պատմությունից, մեր ապրած օրերից ելնելով՝ որոշեցինք այսպես հավաքվել: Ինչպես գիտեք, մեր քուրդ ժողովուրդը հարուստ գիր ու գրականություն է ունեցել, մշակույթ, բայց մենք տեղահանվեցինք, բաժան-բաժան եղանք: Մենք շատ դժվար օրեր ենք ապրել, տարբեր լծերի տակ ենք եղել, եւ մեր գիրն ու գրականությունը, մշակույթը կորել են: Հիմա փորձում ենք վերականգնել»,-պատմում է Բերիթանը:

Բերիթան Աղդալյանն ապրում է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում, մասնագիտությամբ բուժքույր է: Քանի որ գյուղում հիվանդանոց չկա, նա էլ հենց կատարում է պատվաստումները, հիվանդներին առաջին օգնություն ցույց տալիս: Մի քանի տարի առաջ Բերիթանը եղել է Իրաքում. «Գնացել եմ մեր հայրենիք, իմ կամքով գնացել եմ ու եկել»: Վերադառնալով՝ Բերիթանը որոշել է Ալագյազում բացել թանգարան. «Մեր եղածը կործանվել է, ուզում ենք վերականգնել, դրա համար էլ թանգարան ենք ստեղծել: Տարբեր գյուղեր որ գնում ենք, ես հարցնում եմ ու հավաքում մեր տարազները, շորերը ու էսպես պահում եմ: Այս խալիները քրդերի գործածն է, կոչվում է «էմընի»: Մենք բոլորին ասում ենք, որ աջակցեն, կարծում եմ' լավ կլինի»: Մեր խնդրանքով Բերիթանը հագնում է թանգարանի հագուստներից մեկը եւ լուսանկարվում:

Բերիթանի կարծիքով՝ Հայաստանում ապրում են քուրդ-եզդիներ. «Մենք մի ազգ ենք եւ մի լեզվով ենք խոսում, իսկ եզդին մեր կրոնն է: Ուղղակի հիմա տարբեր քաղաքականություն են վարում Հայաստանում, ես դեմ եմ դրան: Այս շրջանում կա 11 քրդական գյուղ: Մենք բոլորս քուրդ ենք, խոսում ենք մի լեզվով, եզդին մեր դավանանքն է»,-ասում է Բերիթանը:

Շամիրամը եզդիների կենտրոնն է

Հայաստանի Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղը համարվում է համայն աշխարհի եզդիների կենտրոնը: Այստեղ է գտնվում Ուսըմ Բեգի աճյունը, որը 1918թ-ին հիմնադրել է Շամիրամ գյուղը: Նա եղել է հայոց խորհրդարանի անդամ: Շամիրամի սրբատեղին Մըլըկիտաուսն է, որ նշանակում է հրեշտակապետ, ամենասուրբ հոգի: Հարավային Իրաքում գտնվող Լալիշ սրբավայրից հետո սա եզդիների երկրորդ կենտրոնն է:

«Մեզ եզդի չպիտի ասեն, մեզ պիտի ասեն ըզդայ, որ նշանակում է աստվածատուր, սուրբ հոգու զավակներ: Գյուղի 92 տոկոսը եզդիներ են: Մենք եզդի ենք, մեզ մոտ քրդեր չեն ապրում: Բուսուլման քրդեր կան, որ նշանակում է կրոնափոխ, այ նրանք եզդի են եղել, հետո էլ կրոնափոխ են եղել»,-ասում է Շամիրամի գյուղապետը' Մրաս Բրոյանը:

«Շամիրամը մնացած եզդիական գյուղերից տարբերվում է նրանով, որ մենք հակված չենք դեպի քրդերը, մենք հարգում ենք իրենց, անձամբ ես հարգում եմ, բայց հակված չեմ դեպի քրդերը: Հայերը մեզ հարգում են, ընդունում են մեզ' որպես եզդի, մեր կրոնը, մեր եզդերենը, դրա համար ես ինձ լավ եմ զգում: Ես շատ եմ սիրում Հայաստանը, նույնիսկ ագիտացիա եմ անում, որ Ռուսաստանում վաճառեն իրենց ռեստորաններն ու հյուրանոցները ու գան էստեղ»,-ասում է Շամիրամ գյուղի դպրոցի տնօրենը' Տոսուն Խուդոյանը:

Ամեն տարի սեպտեմբերի 25-ին նշվում է Մըլըկիտաուսի տոնը: Եզդիների կենտրոնում՝ Շամիրամ գյուղում, հավաքվում են եզդիներն ու քրդերը, մոմ են վառում, երգում ազատագրական երգեր ու պարում ազգային պարեր: Այս օրը նրանց միջեւ քուրդ-եզդի հարցը չի շոշափվում. միասին երգում են, պարում ու իրենց առաջնորդների մասին ճառեր ասում:

«Փիրն ու շեյխը կրոնական աստիճաններ են, որոնք ստեղծվել են հրեշտակապաշտության արդյունքում: Ամեն ցեղ ունի իր փիրն ու իր շեյխը: Սրանք ժառանգաբար են անցնում: Ամեն տարի, ամեն գարուն' մարտին, մեր մոտ տարին փոխվում է (մարտի 13-ից հետո առաջին չորեքշաբթին), փիրն այցելում է ընտանիքներ, օրհնում է նրանց ժառանգներին: Շեյխերն էլ են նույնն անում, ոնց որ հայրություններ լինեն, աշխարհին տրված ուսմունքները տարածում են ժողովրդի մեջ»,-պատմում է փիր Օթար Նաբոյանը:

«Ոնց որ ձեր տերտերը, ես շեյխ եմ, ու եթե մատաղ են անում, մարդ է մահանում, ես օրհնում եմ: Էդքան բան: Շեյխերն ու փիրերը հավասար մարդիկ են, հոգեւորական աստիճաններ են, ոչ մեկիս աստիճանն էլ բարձր կամ ցածր չէ»,-ավելացրեց շեյխ Թաթուլ Բրոյանը:

«Ռյա Թազա» եզդիալեզու թերթի խմբագիր Ամարիկ Սարդարյանն ասում է, որ քրդերի 98 տոկոսը մուսուլման են, մնացած մասի մեջ են մտնում եզդիները: Նրանք նույն արմատներն ունեն, ուղղակի տարբեր դավանանքի են: «Եզդիները քրդերի այն հատվածն են, որ մուսուլմանություն չեն ընդունել,մնացել են իրենց հին կրոնին ու մինչեւ հիմա էլ արեւապաշտ են: Նրանց լեզուն, կենցաղը, ամեն ինչ նույնն է, տարբերությունները կապված են կրոնի հետ: Ինչպես մոլոկանները ռուս են, այնպես էլ եզդիները' քուրդ»,-ասում է Ա. Սարդարյանը:

65-ամյա Քուբար Հասանյանը շեյխ Զայիլի կինն է: Ունի 6 երեխա եւ12 թոռ:

«Մենք քրդերի նկատմամբ անտարբեր ենք, չնայած մենք մի լեզվով ենք խոսում: Եզդին քուրդի հետ չի ամուսնանում, հայի հետ ամուսնություն կա, բայց քրդերի հետ չենք ամուսնանում»,-ասաց Քուբար Հասանյանը:

Մրաս Բրոյանը 13 տարի է Շամիրամի գյուղապետն է: Նա նշեց, որ գյուղացիների 30 տոկոսը դրսում են: Պաշտոնապես Շամիրամում բնակվում է 1600 մարդ, 438 ընտանիք: «Իմ վեց երեխաներից չորսը Ռուսաստանում են: Ասում եմ' եկեք, Հայաստանում լավ է: Երեւի գան: Ռուսաստանը մեր ապագան չի, Հայաստանն է մեր ապագան, պիտի բոլորն էլ գան: Մենք հայերի հետ գաղթել ենք, հայերի հետ ապրել, հայերը մեզ ընդունում են, ուրեմն մենք պիտի Հայաստանում ապրենք»,-ասում Է Քուբարը: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշում էին, որ գյուղի բնակչության հիմնական մասը դրսում է:

Շամիրամում մարդիկ զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Գյուղացիները դժգոհում էին հատկապես խմելու ու ոռոգման ջուր չունենալուց:

«Հողագործությունը կապված է ջրի հետ, դրա համար էլ էնքան էլ հաջող չէ, մյուս կողմից էլ տեխնիկան հին է՝ խորհրդային տարիներից մնացած: Մեր գյուղը միշտ էլ անտեսված է եղել, հիմա կարելի է ասել' կիսով չափ է անտեսված: Գյուղը պետք է ունենա իրավաբան, որ բնակիչների հետ աշխատի, այլապես անկատար է մնում ամեն ինչ: Այսօր ջրի պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան եւ այլն.... Գյուղացին պետք է իմանա իր իրավունքները»,-ավելացրեց գյուղապետը:

Գյուղի 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները մեկնում են Ռուսասատան, որտեղ իրենց հարազատներն աշխատանք ունեն: Այսօր Ռուսաստանում կան շամիրամցի հաջողված գործարարներ: Հարցին' թե ինչու այդ գործարարները ներդրումներ չեն անում իրենց գյուղում, գյուղապետը պատասխանեց. «Եզդիները էստեղ ներդրում չեն անում, որովհետեւ գիտեն, որ Ռուսաստանում շահույթն ավելի մեծ կլինի»:

«Մենք անասունով ենք ապրում, եզդին որ անասուն չպահի, ուրեմն եզդի չի: Ա՛յ, դրանով առանձնանում ենք, անասուն շատ ենք պահում: Իսկ ինչքան շատ անասուն ես պահում, էնքան բարձրանում է ծալքը: Ամեն հոգեւոր եզդու տանը ծալք կա,-ոգեւորված շարունակեց Քուբարը,-ինչքան բարձր, էնքան լավ: Ու սուրբը դնում են ծալքի վրա: Մեր սրբերը Լալիշից են եկել, դնում ենք կարմիր բարձի վրա: Զատիկի օրերին տղամարդիկ բացում են, մարդիկ էլ ծնկաչոք գալիս ու համբուրում են սուրբը: Մենք որ գաղթել ենք, տանջվել ենք, էս սրբերը մեր հետ են եղել: Մենք տանջվելով բերել ենք, հիմա էլ դրել մեր տան ամենաբարձր տեղը՝ ծալքի վրա»:

Շամիրամի դպրոցը

Շամիրամի միակ ութամյա դպրոցում սովորում է 82 աշակերտ: Աշակերտները դպրոց են գնում տնակներում: Գյուղի նախկին դպրոցը վերանորոգելու փոխարեն գյուղապետարանի գրասենյակի մի մասը հարմարեցվել է դպրոցի: Դպրոցի տնօրեն Տոսուն Խուդոյանն իր դժգոհությունը հայտնեց գյուղապետից. «Շենքային սուղ պայմաններ ունենք, աշխատում ենք տնակներում, մեր շենքը վթարային է: Մեզ համար ուզեցին գյուղապետարանի գրասենյակը հարմարեցնել: Չնայած՝ այն ժամանակ ես խնդրեցի, ասացի, որ կառավարության որոշում կա, որ մինչեւ 2006թ. ոչ մի հարմարեցված դպրոց չպետք է լինի: Չգիտեմ ինչու, մարդիկ ամբողջ մարզով որոշեցին, որ եզդիական գյուղն ունենա հարմարեցված դպրոց: Երեւի նրանից է, որ տեր կանգնող չկա, ու նաեւ՝ ինչ-որ տեղից շահ կա: Հիմա գրասենյակը վերանորոգել են, բայց այդ շենքում չենք կարողանում դաս անել, որովհետեւ այնտեղ չկա ո՛չ սանհանգույց, ո՛չ զուգարան, ո՛չ էլ ջուր: Ընդամենը 12 սենյակ է, որից 3-ը շատ փոքր են ու չեն կարող ծառայել որպես դասասենյակներ»:

Տոսուն Խուդոյանն ի սկզբանե դեմ է եղել գրասենյակը դպրոցին հարմարեցնելու մտքին: Նա նամակներ է հղել համապատասխան պետական մարմիններին, փորձել է պետական բյուջեով նախատեսված գումարը նպատակին ծառայեցնել, սակայն չի հաջողվել: «Գյուղապետին եւ նախարարության աշխատակիցներին ձեռք էր տալիս, որ էդ գրասենյակը վերանորոգեն ու հարմարեցնեն դպրոցին»,-կարծում է Տ. Խուդոյանը:

Նա իր դժգոհությունն արտահայտել է դեռ ամռանը, որպեսզի մինչեւ ուսումնական տարվա սկիզբը որոշակի փոփոխություններ արվեն շենքում: Սակայն ոչինչ չի փոխվել: «Արդեն 3-րդ տարին է տնակներում ենք դաս անում, դրանից առաջ պարապել ենք մեր հին շենքում: Մեր հին շենքը դպրոցի հոյակապ տիպային շենք է, միայն պետք է դռները փոխել ու տանիքը վերանորոգել, ու մենք նորմալ դպրոցում դաս կանեինք: Այն գումարը, որ ծախսվել է այդ գրասենյակի վրա, այդ գումարի կեսը բավական կլիներ, որ այս նորմալ դպրոցում դաս անեինք: Գյուղապետին ձեռք էր տալիս իր գրասենյակի վերանորոգումը: Թող բերեն նախագիծն էլ, գումարային հաշիվն էլ, մտնենք տեսնենք, թե ինչ են արել: Սա կոռուպցիայի բուն է, թող հանցագործները պատժվեն»:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter