HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետադարձ հայացք անկախության տարիներին

Քաղաքական դաշտ մուտք գործած օլիգարխները վերահսկում են երկրի տնտեսությունը

Ռիչարդ Կիրակոսյան

Հետադարձ հայացք նետելով Հայաստանի անկախության և պետականության կառուցման 20 տարիներին՝ կարելի է հստակ կերպով գիտակցել, որ պետականություն ստեղծելը և մեր ինքնիշխանությունն ապահովելը հեշտ չի տրվել: Լինելով փոքր, աղքատիկ բնական պաշարներով և դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը դարձել է ինչպես իր աշխարհագրական դիրքի, այնպես էլ ողջ աշխարհաքաղաքական իրադրության պատանդը:

Իր պատմության ողջ ընթացքում Հայաստանն անցել է մեկը մյուսին հաջորդող մեկուսացման և ռազմավարական նշանակության փուլերով՝ լինելով պարսկական, ռուսական և թուրքական կայսրությունների մրցակցության և շահերի բախման տարածաշրջանային կենտրոնում:

Նույնքան խոցելի է մնացել Հայաստանը նաև իր նորագույն պատմության ժամանակահատվածում: 1918-1920 թթ. Հայաստանը կարճ ժամանակով անկախացավ, որից հետո հարկադրաբար դարձավ Խորհրդային Միության մասը:

Խորհրդային համակարգի 70 տարվա գոյության և կտրուկ փլուզումից հետո Հայաստանը պատրաստ չէր և անգամ հակված էլ չէր անկախությանը: Ի տարբերություն, օրինակ, մերձբալթյան երկրների՝ Հայաստանի անկախության վերահաստատումն արտահայտվեց խորհրդային համակարգի համատեքստում, այլ ոչ թե Մոսկվայի հետ ուղղակի առճակատման միջոցով: Անգամ ԽՍՀՄ փլուզմանը նախորդող ղարաբաղյան հակամարտության սկիզբը պայմանավորված էր խորհրդային սահմանադրությանը համապատասխանելու ռազմավարությամբ:

Սակայն Խորհրդային Միության հանկարծակի փլուզումը Հայաստանը կանգնեցրեց անկախության անմիջական մարտահրավերների առջև: Նորանկախ պետության գոյության համար անմիջական սպառնալիք էր ստեղծվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, որի պատճառով Հայաստանը ենթարկվեց տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ շրջափակման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Այս ամենին գումարվել էին նաև 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները:

Հայաստանի անկախության առաջին փուլն ուղեկցվում էր պատերազմով, տնտեսական ճգնաժամով և շրջափակմամբ, սննդամթերքի, էլեկտրականության և վառելիքի պակասով: Այս ճգնաժամային իրավիճակը ձախողեց երկրում ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու առաջին փորձերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո երկրորդ պլան մղելով քաղաքական բարեփոխումները: Շարունակական պատերազմական վիճակը նույնպես նպաստել է քաղաքական ուղու ձևավորմանը, և ներկայումս ակտիվ ազգայնականությունը գերիշխող դիրք է գրավել քաղաքական ասպարեզում:

Անկախության առաջին տասնամյակում քաղաքական դաշտում երկու միտում էր նկատվում: Առաջինը այն է, որ եթե քաղաքական հայեցակարգը և քննարկումները նախկինում չափավոր բնույթ էին կրում, ապա այժմ ավելի ռազմատենչ երանգավորում ստացան: Երկրորդ որոշիչ գործոնը քաղաքական էլիտայի փոփոխությունն էր. Ղարաբաղից վերադարձածները իշխանության եկան՝զբաղեցնելով բարձրաստիճան քաղաքական պաշտոնները և ի վերջո նախագահական աթոռը:

Այս պայմաններն էլ կանխորոշեցին տնտեսական համակարգի երկարաժամկետ զարգացումը՝ լրջորեն խարխլելով նաև բարեփոխումների իրականացման ընթացքը: Ապրանքների պակասի, տնտեսական և տրանսպորտային շրջափակման այս հզոր համադրությունը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքի կազմալուծումը արագորեն նպաստեցին Հայաստանի տնտեսական անկմանը: Կապիտալիստական խոշոր ձեռնարկությունները շուտով վերացրին իրենց մրցակիցներին և գերիշխող դիրք գրավեցին հիմնական ապրանքների, սննդամթերքի ներմուծման և արտահանման շուկայում:

Այս կապիտալիստական ապրանքային ձեռնարկություններն ի հայտ եկան Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում զարգացած «հակամարտության տնտեսության» արդյունքում՝աջակցելով բավական թուլացած պետությանը: Երկրի իշխանություններն այն ժամանակ առավելապես զբաղված էին այլ բնագավառներում տնտեսական միջոցառումների իրականացմամբ՝ջանալով սկիզբ դնել հողային օրենսդրության արմատական բարեփոխումներին և կայուն ազգային արժույթի ներդրմանը:

Այս խոշոր ձեռնարկությունների իշխանությունը շուտով տարածվեց ապրանքների ոլորտից դուրս և ինչպես այլ նախկին խորհրդային երկրներում, նրանք օգտագործեցին իրենց կապերը պետական օղակների հետ՝ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ հսկայական հարստություն և ունեցվածք ձեռք բերելու համար:

Միևնույն ժամանակ նրանք հետագայում ավելի ամրապնդեցին իրենց իշխանությունը՝ բարձր դիրք գրավելով պետական համակարգում՝ արագ զարգացող հովանավորչական և կոռուպցիոն ցանցերի շրջանակներում:

Ժամանակի ընթացքում այս կապիտալիստական ձեռնարկությունները իրենց իշխանությունն ընդլայնելու ավելի լավ մշակված մեթոդներ որդեգրեցին. նրանց հաջողվում էր գաղտնի համաձայնությունների միջոցով սահմանել ապրանքների գները, կանխել մրցակիցների ի հայտ գալը և ապրանքների մատակարարման բացառիկ պայմանագրեր կնքել պետական ​​հաստատությունների հետ:

Այս փակ, վերահսկվող տնտեսական համակարգը փոխարինեց կենտրոնացված պլանավորման և բաշխման պայմաններում գործող խորհրդային համակարգին: Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլի ընթացքում ի հայտ եկած և հզորացած այս կապիտալիստական ձեռնարկությունները, որոնք հետագայում ամրապնդեցին իրենց դիրքերն ու ազդեցությունը, ստեղծեցին առևտրային նոր վերնախավ՝ օլիգարխներին: Կենտրոնացված հրահանգներով գործող խորհրդային տնտեսությունը փոխարինվեց միանգամայն տարբեր՝ օլիգարխիկ վերնախավի կողմից վերահսկվող տնտեսական համակարգով:

Պետական ​​հիմնարկների ընդհանուր թուլության և քաղաքական կամքի վառ արտահայտված բացակայության պայմաններում, օլիգարխիկ համակարգի ի հայտ գալը կարելի է համարել անկախության երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի համար ամենաավերիչ զարգացումներից մեկը: Այս համակարգը քայքայիչ ազդեցություն ունի. այն խարխլում է պետական հեղինակությունը և իշխանությունը, որը չի կարող հարկեր սահմանել օլիգարխների բիզնեսի վրա կամ վերահսկել նրանց գործունեությունը: Եվ եթե պետությունը վճռի վերականգնել տնտեսական համակարգի նկատմամբ իր վերահսկողությունը, ապա նրան դժվարին պայքար է սպասվում:

Մի շարք հզոր օլիգարխների մուտքը քաղաքական դաշտ ավելի է բարդացնում իրադրությունը: Սա հատկապես ընգծվում է այն հանգամանքով, որ նրանք մեծ ազդեցություն են ձեռք բերում խորհրդարանում պատգամավորական մանդատը ստանալու միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց միջամտել և խոչընդոտել բարեփոխումների իրականացմանն անմիջականորեն համակարգի ներսից: Երկրի ներքին քաղաքական կյանքում նրանց ունեցած անմիջական ազդեցությունը ցույց է տալիս, թե ինչ սպառնալիք է իշխանությունների և բիզնեսի սերտաճումը:

Նման հանգամանքներում Հայաստանին այլ մարտահրավերներ էլ են սպասվում: Անկախության երկու տասնամյակներն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ կախվածություն են առաջացրել՝ անցյալում թողնելով բազում բաց թողնված հնարավորություններ:

Այս մարտահրավերներն ահանզանգող բնույթ են կրում: Օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ակնհայտ բացակայության և ձևական իշխանության պայմաններում, պետությունը շարունակում է խարխափել թերի օրենսդրության, անարդյունավետ հարկահավաքման և օրենքի գերակայության կամայական և թույլ իրականացման հորձանուտում:

Հայաստանի անկախության հետագա 20 տարին դժվար է կանխատեսել: Միակ իրատեսական գնահատականն այն է, որ հայկական պետականությանը չափազանց լուրջ փորձություն է սպասվում:

23-ը դեկտեմբերի, 2011թ.
Ռիչարդ Կիրակոսյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենն է Հայաստանում:

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Մեկնաբանություններ (3)

ominac
Նկատեցիք որ այս յօդուածի մէջ ոչ միտք կայ, ոչ ալ նպատակ, կրածես պարզապէս գրելու համար գրած է, միթէ Հետք-ի խմբագրութիւնը չ՛ընտրեր թէ ինչ պիտի տպէ թէ, այս մարդը իր ծանրութեան պատճառով պարզապէս ստիպուեցաք տպել։ Եթէ կարելի է որակը բարձր պահէք։
Նուբար Ասլանյան
Նույնպես հարգելի Բագրատ Միկոյան:Շնորհավորում եմ Ձեզ հղի կանանց ներքին զգացմունքների եւ մայրության ասպարեզում Ձեր ունեցած փայլուն գիտելիքների համար:Իսկ եթե ավելի լուրջ՝ ես լրիվ կիսում եմ ՌՀ-ի անհանգստությունները եւ վերլուծությունը ի դեմս օլիգարխիկ Հայաստանի:Հարգանքներս:
Նուբար Ասլանյան
Bagrat Mikoyan դու ավելի շուտ կարող ես գրել հղի կնոջ մասին (չգիտես՝ կհարցնես,կսովորես)քան թե հասկանաս այն լուրջ հարցերը, որ առաջ է քաշում ՌՀ-ը:Հավատացնում եմ,այս հարցերը քեզ համար ավելի բարդ են,քան հղի կնոջը ուսումնասիրելը:Սա էլ քո բախտից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter