HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մեր հռչակած «Թավշյա հեղափոխությունը» չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ»

«ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք: Երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի հանդիպումը, և նա կեսից թողեց գնաց, այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է վարչապետի պաշտոնից»: Այս մասին Հանրապետության հրապարակից հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այլևս նոր իշխանություն կա՝ ժողովրդի իշխանությունը:

Փաշինյանը խոսեց նաև իր ձերբակալության մասին. «Ինձ պահում էին կատարյալ մեկուսարանում, և երբ մի պահից սկսեցին բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել, համոզվեցի, որ մեր թավշյա հեղափոխությունը ստացվել է: Ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, երկու ժամից առաջարկում էին, որ նա հրաժարական տա մեկ ամսից, ավելի ուշ առաջարկեցին, որ հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես առաջարկեցի իմ տարբերակը՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և նա հրաժարական տվեց երկու ժամվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ շարժման օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված. «Սարգսյանը հրաժարական է տալիս, դա արդեն տեղի ունեցած է, ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, ժողովրդի թեկնածուի նշանակումից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվում»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ չորեքշաբթի առավոտյան սկսելու են բանակցություններ Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման պայմանները: «Հուսով եմ, որ ՀՀԿ վերնախավը կճանաչի ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ Հայաստանի և Արցախի համար: Մեր հռչակած թավշյա հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերև»,-հայտարարեց նա:

Փաշինյանը դիմեց այն գործարարներին, որոնք արդեն ճամպրուկները հավաքում են: «Վենդետա չի լինելու, որովհետև ատելություն չի լինելու, այս պահից սկսած ՀՀ-ում հաստատվելու է եղբայրության, հավասարության, արդարության, ազգային միասնության մթնոլորտ»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ Կարեն Կարապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մինչ հանրահավաքի ավարտը ձերբակալված բոլոր անձինք ազատ արձակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter