HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հանուն Գ. Ծառուկյանի թիկնապահի զոհեցին «ազգային անվտանգությունը»

Նոյեմբերի 5-ը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար պատմական էր. «իր դիմումի համաձայն» աշխատանքից ազատվեց իրենց պետը' Կառլոս Պետրոսյանը: «Այդ օրը մեզ համար շատ ցավալի ու խայտառակ մի դեպք պատահեց: Մենք չկարողացանք պաշտպանել մեր սպայի պատիվը: Իմ համար դա մեր կառույցի մահն է»,- ասում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք կարող նշել: Ի՞նչ էր տեղի ունեցել նոյեմբերի 5-ին:

Նոր Նորքից «Ժիգուլի» մակնիշի մեքենայով դեպի կենտրոն էր իջնում Ազգային անվտանգության սպա Արարատ Պետրոսյանը' կնոջ եւ երեխայի հետ: Նրանց ետեւից մեկ այլ մեքենայով գալիս էր այդ աշխատակցի աները' Հրաչ Ուտուկյանը: Մյասնիկյան պողոտայով («Ջրաշխարհի» ուղղությամբ) մեծ արագությամբ իջնող «Rang Rover» մակնիշի ջիպը, առաջին շարքից միանգամից շրջադարձ կատարելով, փորձեց անցնել ճանապարհի հակառակ ուղղություն' դեպի վերեւ: Ջիպին ուղեկցում էր «Shevrolet» մակնիշի մեքենա: Ճանապարհի այդ մասում շրջադարձի տեղ չկա: Բետոնե արգելապատնեշը շարված է Նորք տանող ճանապարհի սկզբից մինչեւ Ավան թաղամասի սկիզբը: Այս ամբողջ հատվածում միայն մեկ շրջադարձի տեղ կա' կենդանաբանական այգու մոտ:
Մեքենայի նման շրջադարձին այստեղ ոչ մի վարորդ չի սպասում: Ջիպը հարվածեց Ազգային անվտանգության սպայի մեքենային' վնասելով մեքենայի դռները: 008SS08 պետհամարանիշով «Rang Rover»-ից իջել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահ-վարորդը (մականունը' «Արջուկ») եւ սկսել «հոխորտալ»: Երբ Արարատը նայում էր վնասված մեքենային, «Արջուկը» հետեւից հարվածել է նրան' կնոջ եւ երեխայի ներկայությամբ: Հետո հարվածել է նրա աներոջը, որը, կանգնեցնելով մեքենան, մոտեցել էր փեսային: Հրաչ Ուտիկյանը, ընկնելով գետնին, գլուխը խփել է ասֆալտին ու ստացել վնասվածքներ: Հետո ջիպի եւ նրան ուղեկցող մյուս մեքենայի վարորդները, նստելով մեքենաները, փախել են:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշ ժամանակ անց իմացել են դեպքի մասին եւ որոշել են պատժել թիկնապահներին: Իրենց գործընկերոջ վրա ձեռք բարձրացնողը պետք է պատժվեր' «սպայի պատիվ» հասկացությունը դա է ենթադրում եւ պահանջում:

Մեր աղբյուրներից մեկը նշեց, որ ԱԱԾ-ի Հատուկ գործողությունների ծառայության վարչության պետը' Միշա Թադեւոսյանը, իրենց կատարելիք գործողությունների մասին տեղեկացնում է Հայաստանի թիվ մեկ թիկնապահին' Գրիգորի (Գրիշ) Սարկիսյանին, որպեսզի վերջինիցս ստանա գործողությունն իրականացնելու թույլտվություն:

Եվ քանի որ Հայաստանում ամենամեծ կատեգորիան քավոր-սանիկությունն է, իսկ Գագիկ Ծառուկյանը' Գրիշի քավորը...: Գրիշը որոշեց «փակել» գործը եւ «հանգստացրեց» ազգային անվտանգության ուսադիրավորներին:

Արարատ Պետրոսյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Հնարավոր է' նույնիսկ այս հրապարակումից հետո նա հերքի այս ամենը, բայց մենք ունենք մարդիկ, ովքեր կխոսեն:

«Սպայի պատիվ հասկացությունը, իհարկե, խորթ է ու անհասանելի թիկնազորի պետի' Գրիշի համար: Նրան չես էլ կարող մեղադրել մի բանում, որի մասին պատկերացում չունի: Բայց մենք մեզ այդ դեպքից հետո «չուլ» ենք զգում»,-ասաց ԱԱԾ աշխատակիցը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ այդ օրը ճանապարհի այդ հատվածում ավտոտեսչությունը ոչ մի պատահար չի գրանցել:
ԱԱԾ լրատվության վարչության պետը' Արծվին Բաղրամյանը, մեր հարցին' թե ինչ է ձեռնարկվել այս դեպքի առնչությամբ, պատասխանեց, որ իրենք նման դեպք չեն գրանցել:

Իսկ փաստն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պարտվեց Գագիկ Ծառուկյանի «Արջուկ» մականունով թիկնապահ-վարորդին: Այսինքն' Հայաստանում ազգային անվտանգության ծառայությունը մի վարորդ-թիկնապահի արժեք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter