HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենի անցակետի մոտ ցուցարարների բողոքի երթը վերածվեց տոնական շքերթի

Այսօր  Նոյեմբերյանի օղակաձև շրջադարձի  մոտ  հավաքվել էին Սերժ Սարգսյանի  վարչապետության դեմ բողոքող  մոտ 400 ցուցարաներ:  Սակայն  Նոյեմբերյանից,  Բարեկամավանից, Այրումից  և հարևան մյուս բնակավայրերից  ցուցարաների հոսքը չէր դադարում: Ժամը 15-ին նրանք փակեցին  հայ-վրացական  միջսահմանային Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի մուտքը:

Մեկ ժամ  ճանապարհը  փակելուց հետո` ժամը 16-ին, ցուցարարները երթով շարժվեցին  դեպի Բագրատաշենի  միջսահմանային անցակետ: Որոշել էին  շրջապատել  անցակետի շենքը և իրենց  զայրույթը հայտնել սահմանային գյուղերի  առևտրականների  նկատմամբ մաքսավորների  կոշտ վերաբերմունքի համար. «Անցակետով անցնելիս մեր ձեռքի մի ձմերուկը մաքսավորը դանակով կես է անում, մի կեսը թողնում  է անցկացնեք, մյուս կեսը մեր ձեռքից խլում ու շպրտում է»,- պատմում էր Բագրատաշենի առևտրական կանանցից մեկը:

Ցուցարարները  առևտրականների նկատմամբ մաքսավորների վատ վերաբերմունքի համար  մեղադրում էին Սերժ Սարգսյանին: «Ամեն ինչ վերևից է սկսվում»,- իրենց ելույթներում ասում էին նրանք:

Դեպի անցակետ  գնացող ցուցարաների շարքերը ձնագնդի պես մեծանում էր: Այն հասավ շուրջ 2000-ի:  Ցուցարաների շարքերում նկատեցինք  բագրատաշենցի  15-ամյա Համլետ Պապիկյանին: Նա վերջին 3 օրերի ցույցերի ակտիվ մասնակիցներից էր: Բագրատաշենի անցակետի  մոտ տեղի ունեցած ապրիլի 21-ի  ցույցին  մի ոստիկան պատռել է  Համլետի  շորը: Ասաց` ոստիկանը շորը իրեն քաշքշելիս է  պատռել:  Պատանին  անհանգիստ էր.

«Ախր,  հայրս հաշմանդամ մարդ է, հեշտությամբ չէ ինձ համար հագուստ առնում»,-բացատրեց  նա:  Համլետն ասաց, որ ցույցերին իր կռիվն ունի Սերժ Սարգսյանի դեմ:

«Ես  մեծ սիրով գնալու եմ ծառայելու,  բայց  ցանկանում եմ օրենքը գործի, հաստատվի արդարություն ու ինձ հետ  նույն զորամասում ծառայեն նաև Սերժ Սարգսյանի  շրջապատի  հարուստների երեխաները»,- բացատրեց  նա:

Արգիշտի  Խանդալյանը նույնպես հայտնեց  իր հակակրանքը հարուստների` բանակում չծառայող տղաների նկատմամբ. «Գիտեք, հարուստների երեխաները լպիրշ են մեծանում, չեն գնում բանակ ծառայելու:  Ու  Սերժն այդ արտոնությունը տվել է հանրապետական կուսակցության  վերնախավի  տղաներին»,- բացատրեց Արգիշտին:

Երթից 20 րոպե անց՝ ժամը 16:40 –ին  Սերժ Սարգսյանի հրաժարակի լուրը ստացվեց ցուցարաների շարքերում: Սկզբում ոչ ոք  չէր հավատում դրան: Հավաքվածների  մեծ  մասը  բջջային հեռախոսներով  սկսեցին լուրը  ճշտել Երևանում բնակվող իրենց  հարազատների և ծանոթների հետ:  Երբ լուրը ճշտվեց, բողոքի երթը վերածվեց տոնական շքերթի:  Ցուցարարները տոնում էին իրենց հաղթանակը, պարում ու բաժակաճառեր էին ասում:   «Բագրատաշենի անցակետի մաքսավորների դեմ  մեր  կռվում  հաղթելու ենք՝ ժողովրդի ընտրյալ վարչապետի  աջակցությամբ»,- ասաց բագրատաշենցի Սերգեյը:  

«Հիմա հավատում ենք,  որ  բանակ  կմեկնենք  հարուստների տղաների հետ»,- ասացին  Համլետն ու Արգիշտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter