HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակոբ Հակոբյանն ասում է, որ կապ չունի երեկ Էջմիածնում կատարված դանակահարության հետ

Երեկ գրել էինք, որ երեկոյան մահացու դանակահարել են Էջմիածին քաղաքի բնակիչ Նվեր Հովհաննիսյանին։ Նա Էջմիածնի քաղաքապետի օգնականն է, Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահը:

Երեկ ուշ ժամի պատճառով ոստիկանությունից հնարավոր չեղավ ճշտել դեպքի մանրամասները։ Նշել էինք, որ նախնական տեղեկություններով՝ Նվեր Հովհաննիսյանի և ցուցարարներից մեկի միջև վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն այսօր ասաց, որ ապրիլի 23-ին ժամը 18:55-ին Վաղարշապատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել ոստիկանություն: Հայտնել են, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 1972թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը: Նույն օրը ժամը 22:45-ին նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ն. Հովհաննիսյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են և կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն): «Քննություն է տարվում պարզելու դեպքի հանգամանքները և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը»,- տեղեկացնում է Ս. Տռուզյանը:

Մեր հրապարակումից հետո ֆեյսբուքյան օգտատերերը նշում էին, թե ցուցարարի հետ վեճ չի եղել: Վեճ հրահրել են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կողմնակիցները: Վերջիններիս գործողությունները կրել են սադրիչ բնույթ և նրանք ամենևին կապ չեն ունեցել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների հետ:

Հակոբ Հակոբյանից փորձեցինք տեղեկանալ, թե վերջինս կամ իր կողմնակիցներն ինչ առնչություն ունեն դեպքի հետ, քանի որ նրա անունն է շրջանառվում: «Հետք»-ի հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ երեկ երեկոյան, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Էջմիածին քաղաքում Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո ժողովուրդը հավաքվել է հրապարակում:

«Այն հրապարակում, որտեղ նախկինում արգելված է եղել քաղաքացիների կանգնելը, շփվելը, մեքենաների կանգնելը: Ես կոնկրետ եկել եմ այդ հրապարակ ժողովրդի հավաքվելուց, 3-4 հարյուր մարդ էր հավաքված, մոտ 2 ժամ հետո՝ 6.30-ի կողմերը: Երբ ժողովուրդը մեկը մյուսին համբուրում էին, շնորհավորում էին, ես էլ որպես Էջմիածին քաղաքի բնակիչ կանգնել եմ, իմ 70 տարեկան ընկերոջ հետ էի»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերով՝ այդ ընթացքում նա շփվել է համաքաղաքացիների հետ: Իսկ մի տղամարդ ելույթ է ունեցել և ձեռքերով ցույց է տվել մարդկանցից 20-25 մետր հեռավորության վրա կանգնած Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և նրա թիմակիցներին: Հակոբ Հակոբյանի պատմելով՝ տղամարդն ասում էր, որ ապրիլի 23-ի առավոտյան իր տղայի աչքի առաջ իրեն ծեծել, ստորացրել են: Նախկին պատգամավորը պատմեց, որ մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել է, որ նույն մարդիկ ծեծել են նաև իր տղային և այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ դժգոհող քաղաքացիներին չի ճանաչել, չգիտի էլ՝ քաղաքի բնակիչ են, թե գյուղերի: Նրանց հետ որևէ առնչություն չի ունեցել:

«Տեսավ, որ քաղաքապետն ու իր կողմնակիցներն իրեն նայում են, ձեռքն ուղղեց այն կողմ ու ասաց, որ այ էս սպարտիվկայով տղան էր ինձ ծեծում իմ տղայի մոտ և վիրավորված լինելով՝ հայհոյեց: Այդ ժամանակ Կարեն Գրիգորյանը թիմակիցների հետ մտավ ժողովրդի մեջ, թե ինչ եք անում: Իմ հետ փորձեց զրույցի բռնվել: Տվյալ պահին ոչ մեկ ոչ մեկի չի խփել, որևէ բան տեղի չի ունեցել»,- նշում է Հ. Հակոբյանը՝ հավելելով, որ ժողովուրդը վանկարկումներով ցույց է տվել իր անհամաձայնությունը և քաղաքապետն ու իր թիմակիցները, առանց որևէ միջադեպի, հետ են գնացել ու կանգնել իրենց տեղում:

Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ դանակահարության միջադեպը եղել է հավանաբար ավելի ուշ, քանի որ եթե այդ ժամանակ լիներ, Գրիգորյանը կամ նրա հետ եկած անձինք կասեին, որ դանակահարվել է իրենց կողմնակիցը: Սակայն, նմանատիպ խոսակցություն չի եղել և նրանք ավելի շատ «ցույց են տվել իրենց ուժը, դուխը, իբր մենք թելադրել ենք և շարունակելու ենք թելադրել»:

Հակոբ Հակոբյանն ասում է, որ երբ քաղաքապետի կողմնակիցները մոտեցել են ցուցարար քաղաքացուն, այդ ժամանակ նրանց խմբում չի եղել Նվեր Հովհաննիսյանը, նրան չի տեսել:

«Գրեք, որ իրանք ուզում էին ցույց տալ, որ նախկինում ոնց իշխել են Էջմիածնում, հիմա էլ փորձում են նույն ձևով, փոփոխություն կլինի, ինչ կլինի, իրենց ձևը որևէ քաղաքացի չի կարող խախտել: Ցուցարարների մեջ գալու ամբողջ նպատակը դա էր»,- ասում է Հակոբյանը:

Նախկին պատգամավորն ասում է, որ այնտեղ եղել են տեսախցիկներ և հետաքրքրվողները հանգիստ կարող են տեսնել, թե ինքն ում հետ է եկել հրապարակ և ինչ առնչություն է ունեցել դեպքին:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն էլ ասաց, որ երեկ որոշ անձինք օգտվելով ստեղծված վիճակից սադրիչ գործողություններ և հայտարարություններ են արել՝ փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինությունների:

«Նշեմ, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց և խոսք չի կարող գնալ երթը Էջմիածնի քաղաքապետարանի կամ ԵԿՄ անդամների կողմից խոչընդոտելու մասին: Տվյալ ժամին ոչ երթ է եղել, ոչ էլ ցույցեր: Սադրիչներին առաջնորդել է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով շատ աչքի ընկած քրեական անցյալ ունի: Դուք էլ երևի ճանաչում եք»,- ասում է Մարիամ Պողոսյանը՝ հավելելով, որ սադրիչներից մեկն է հարվածել Նվեր Հովհաննիսյանին կտրող-ծակող գործիքով:

Մարիամ Պողոսյանը, անդրադառնալով Հակոբ Հակոբյանի դիրքորոշմանը, թե ցուցարարներից մեկը մատնացույց է արել մի անձի և ասել, որ իրեն որդու ներկայությամբ հարվածել, ստորացրել է, նշեց, թե ցուցարարները սոցիալական ցանցում խումբ ունեն և նշել են, որ իրենց որևէ մեկը չի ճնշել, չի խանգարել և ակցիաների ընթացում միջադեպեր չեն գրանցվել:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը նշում է, որ ակնհայտ է՝ այդ անձինք ցուցարար չեն եղել և հիմա էլ սոցիալական խմբերում Հակոբյանի կողմնակիցները սադրիչ գրառումներ են կատարում: Նշեց, որ այդ ժամանակ հրապարակում եղել են մի քանի հոգի, ովքեր մեքենաներով կանգնած էին և ահագին հեռու ուրախանում էին:

Լուսանկարում ձախից առաջինը Նվեր Հովհաննիսյանն է / Նվեր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Սրանք բոլորն էլ բարի ու քաղաքավարի մարդիկ կարող էին լինել, բայց ձեւավորված հանցավոր սիստեմը իրենց դարձրել է մրցակից գազաններ: Հիմա վերեւում բալանս է փոխվել եւ ներքեւում անմիջապես արձագանքում են: Սա կրիմինալ մեծ ռազբորկաներ սկսվելու տագնապալի նշան է եւ հսկա աշխատանքային ճակատ է բացում Վ. Գասպարյանի համար: Թող սկսի՝ ուսանողներին «բերման ենթարկելու» փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter