HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ցույցերից հետո քաղաքացիները մաքրում են Հանրապետության հրապարակը

Այսօր առավոտյան՝ 11:00-ից, տասնյակ քաղաքացիներ մաքրում են Հանրապետության հրապարակի տարածքն ու հարակից փողոցները:

Քաղաքացիները միայնակ, ընտանիքների և երեխաների հետ ավլում են հրապարակի շրջակայքը, տոպրակներով շրջում են տարածքով և հավաքում մանր աղբը:

10-ամյա Վահեն և 8-ամյա Հռիփսիմեն վաղ առավոտից, հայրիկի ուղեկցությամբ մաքրում են հրապարակի շրջակայքը: Տանից վերցրել են ավել ու գոգաթի և եկել մաքրելու: Եղբայրը պահում է տոպրակը, իսկ քույրը ավլում է փողոցները, գոգաթիով աղբը լցնում տոպրակը: Ասում են՝ ծնողների նախաձեռնությամբ, բայց մեծ սիրով են եկել այսօրվա աղբահավաքին: Մեկ ժամվա ընթացքում արդեն երկու տոպրակ աղբ էին հավաքել: Հռիփսիմեն առաջին անգամ է փողոց մաքրում: Աղջկան այս աշխատանքը դուր է եկել, համաձայն է ամեն շաբաթ Երևանի փողոցները անվճար մաքրել:

Երեխաները հավաքել էին տերևներ, թղթեր և ծխախոտի մնացորդներ: Ասում են՝ չեն հոգնել, համեստաբար լռում են, երբ հարցնում եմ, թե նրանցից ով է ամենաշատ գործը արել: Իսկ երբ հարցնում եմ՝ լա՞վ գործ է, Վահեն լուրջ դեմքով պատասխանում է. «Այս երկրի համար՝ հա»:

Հռիփսիմեին մայրը խոստացել է, որ մաքրությունն ավարտելուց հետո շատրվան է տանելու, իսկ Վահեին դեռ որևէ խոստում չեն տվել, վարձատրությունը կուզի աշխատանքն ավարտելուց հետո, երբ կհասկանան՝ որքան է հոգնել. «Լավ, գոնե պաղպաղակ ուզի»,- կողքից հուշում է քույրը:

«Դե սրտով եմ անում, որ լավ երկիր ունենամ: Դե իմացանք, որ Սերժը հրաժարական տվեց ու էսքան կեղտ մնաց, մեր երկիրը հիմա կեղտոտ երկիր ա, ուզում եմ՝ մաքուր լինի, լավ լինի»,- ասում է տղան:

Երեխաներից քիչ հեռու՝ Ամիրյան փողոցում, սև տոպրակը ձեռքին շրջում է տեղեկատվական ոլորտի մասնագետ Նարեկ Ասլիկյանը, իսկ նրա կողքին ավել-գոգաթին բռնած կինը կրթության ոլորտի մասնագետ Շարմաղ Սաքունցն է:

Ամուսինները մասնակցել են օրեր շարունակվող ցույցերին: Շարմաղն ասում է՝ անգամ ամուսնուն ոստիկանները բռնության են ենթարկել, ոստիկանական բաժին տարել, սակայն իրենք շարունակել են իրենց պայքարը և հաղթել են:

Երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատել են, որ Հանրապետության հրապարակում մեծ քանակով աղբ կա և որոշել են առավոտյան իրենք իրենց նախաձեռնությամբ դուրս գալ փողոց, իրենց ուժերի սահմաններում մաքրել հրապարակի տարածքը:

«Չնայած մենք էլ էինք երեկվա հաղթանակը տոնում, բայց կարծում եմ՝ սա կարևոր նախաձեռնություն է: Ինձ թվում է՝ երեկվանից ինչ-որ բան կոտրվեց: Երևի մենք արդեն սկսում ենք կառուցել մեր երազած Հայաստանը ու թվում է՝ փոքր, բայց իրականում շատ կարևոր բաների մեջ է երկրի կայությունն ու զարգացումը»,- ասաց Շարմաղը:

Մեկնաբանություններ (1)

Վրեժ Գասպարյան
Ապրեք: Հիանում ենք ձեզանով և ձեր օրինակով:-) Մենք նույնպես մաքրում ենք մեր շուրջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter