HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական եւ պետական գործիչները մեկնաբանում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների լրագրողները խնդրել են մեկնաբանել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Նրանց մեծ մասը, մասնավորապես` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առհասարակ չպատասխանեցին հարցերին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ծիծեռնակաբերդը ճիշտ տեղը չէ նման հարցեր տալու համար, իսկ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հորդորեց օրվա խորհրդից (նկատի ունի ապրիլի 24-ը-հեղ.) դուրս հարցեր չտալ:

Մյուս քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ ՀՀ-ում աշխատող օտարերկրյա դիվանագետների պարզաբանումները եւ տեսակետները ներկայացնում ենք ստորեւ:

Մանվել Գրիգորյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն

Էս երկրում ամեն բան էլ սպասելի է, միշտ էլ նման բաներ եղել են: Երկիրը ժողովրդինն է, ժողովուրդը ոնց որոշում է, այնպես էլ լինում: Ժողովրդի կամքն էր, ու շատ ողջունելի է, որ ժողովուրդն ու իշխանությունը կարողանում են երկխոսության միջոցով լուծել, ողջունելի է, որ արյուն չթափվեց:

Հարց- Որպես Սերժ Սարգսյանի թիմի անդամ...

Մ.Գ.- Ես «Երկրապահի» նախագահն եմ, եթե չգիտես, արի ծանոթանանք, ես գեներալ եմ, հերոս եմ: Ես առաջինը զինվորի հետ եմ աշխատում, Արցախի եւ ժողովրդի: Ես երկխոսության կոչ եմ անում, Աստծուն փառք` Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ, կարում է խոսի էլ, ժողովրդին հանի էլ. ով ումն է ջարդում: Եթե մեղավորներ կան, կամ հարկ-տուրք չեն տվել, այո, թող պատժեն, բերեն մուծել տան, թող դնեն օրենքով` ով ինչ արել է:

Ես «Երկրապահի» կողմից ներկայացուցչություն եմ ունեցել Հանրապետական կուսակցության ցուցակում:

Հարց- Դուք իշխող կուսակցության խմբակցության անդամ եք:

Մ.Գ.-Ոչ, ես խմբակցության մեջ եմ, բայց անդամ չեմ: Ես երկրապահ եմ, էն գլխից էլ, իմ ընտանիքով: Արտահերթ ընտրությունների մասին` Նիկոլը գնալու է բանակցությունների, եթե գտնեն պետք է` կլինեն ընտրություններ:

Հարց- Ինչը ստիպեց ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Մ.Գ.- Խելամտությունը: Անցյալ երկու նախագահների սխալները: Բոլորս պիտի Սերժին ողջունենք: Սերժը էնքան խելացի մարդ էր` հասկացող, հարգող` ժողովրդին, եւ երկիրը, պետությունը եւ Արցախը, որ հանկարծ կոպիտ բաների գնար:

Դադարեցրեք էսօրվա խորհրդից դուրս հարցերը:

Ռադիկ Մարտիրոսյան, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

Երեկվա տեղի ունեցածը նորմալ երեւույթ է: Հավերժ ոչինչ չկա: Ժողովուրդը գտավ, որ այս պահին անհրաժեշտ է փոխել այդ համակարգը, որը կար: Դժվարանում եմ ասել` հեղափոխություն էր, չգիտեմ ինչ էր:

Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարանի նախագահ

Պրն Թովմասյանն ի պաշտոնե չի կարող անդրադառնալ որեւէ իրադարձության: Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի` երկրում ինչ իշխանություն է:

Հարց-Չեք կարծում, որ այս ամենը Ձեր գրած Սահմանադրության արդյունքում եղավ:

Հ.Թ.-Սահմանադրությունը ներկայացրել է նախագահը, ընդունել է ժողովուրդը: Գրել է հանձնաժողովը: Սահմանադրական դատարանի նախագահը չի մեկնաբանում Սահմանադրությունը:

Լեւոն Ալթունյան, Առողջապահության նախարար

Պատրաստվում եմ նոր իշխանությունների հետ աշխատել: Մենք շարունակում ենք աշխատել պետական հիմնարկում, մինչեւ դա կորոշի խորհրդարանը եւ նոր առաջնորդը: Երեկ շատ նշանակալի մի բան տեղի ունեցավ: Ես շատ փորձառու մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց ինչ որ ստացվեց, շատ գեղեցիկ ստացվեց:

Էդուարդ Շարմազանով, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցություն

Սերժ Սարգսյանը բացառիկ պետական այր է, անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն, եւ ես եւս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, նրա գլխավորած թիմում աշխատել: Նա բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց:

Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Այսօր պետք է գովեստի խոսքեր ասել ցուցարարների մասին, ովքեր փողոց դուրս եկան խաղաղ, կանոնավոր կերպով` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պետք է գովեստով արտահայտվեմ նաեւ անվտանգության պաշտոնյաների, կառավարության մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին: Այնուամենայնիվ, եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնությունների մասին, եւ այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն: Իսկ մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով: Պետք է գովեստի խոսք ասեմ նաեւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ով, վարվելով առաջնորդի նման, լսեց ժողովրդի ձայնը եւ կատարեց, վստահ եմ, այդ բարդ որոշումը: Առաջիկա օրերին կաշխատենք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Բոլոր հայերի նպատակը հիմա պետք է լինի համախմբված երկխոսությունը, գալ ընդհանուր հայտարարի առաջիկա քայլերի շուրջ: Դա պետք է տեղի ունենա բանակցությունների եւ երկխոսության միջոցով, որին պետք է մասնակցեն հայաստանյան հասարակության բոլոր շերտերը: Սա հիանալի պահ է հայ ժողովրդի եւ այս երկրում ժողովրդավարության ոգու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter