HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան․ «ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»

«Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը և մասնավորապես վարաչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը իրեն լրիվ բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով, և հիմա ժամանակն է մտածել Հանրապետական կուսակցության վերարտադրության մասին, այսպես ասած է Սերժ Սարգսյանի հրաժարականի ծխածածկույթի ներքո ապահովել Հանրապետականի հետագա իշխանավարումը։ Կարծում եմ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումը արտահայտենք»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր էջում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  

Իրադարձությունների նման զարգացումը, ըստ Փաշինյանի, որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության ծրագրերի մեջ։ Փաշինյանն անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը , որտեղ վերջինս դիմել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ «իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»։

«Մի նրբություն կա, ես ուզում եմ ընդգծել,- շարունակեց Փաշինյանը,- ինչի մասին է խոսքը, նրանք ուզում են, որպեսզի ընտրությունները տեղի ունենան մի պայմաններում, երբ վարաչպետի պաշտոնակատարը Հանարապետական կուսակցությունից է , թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները, գիտենք 2017թ․-ից և ուզում եմ հստակ արձանագրել, որ դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ և մենք կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, ընդ որում՝ ոչ թե պասիվ, այլ ակտիվ ձևով՝ շրջափակելով բոլոր ընտրական տեղամասերը և թույլ չտալով, որ Հանարապետական իր վերարտադրության միջոցառումը կազմակերպի»։

Փաշինյանը նշեց հետագա կետերը, որ պետք է իրականացվեն․ ժողովրդի թեկնածուն՝ թավշյա հեղափոխության թեկնածուն, պետք է նշանակվի վարչապետ, որից հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարությունը, որին պետք է հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ արդեն ոչ Հանրապետական, ժողովրդի կողմից ընտրված վարչապետի գործունեության առկայության պայմաններում։

«Մենք կարողացել են հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանանաք առավելևս հասնել նրան, որպեսզի Կարեն Կարապետյանը և Հանրապետական հրաժարվեն ժողովրիդ հաղթանակը խլելու իրենց պլաններից։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ մենք իհարկե ձեզ թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել և ինչքան շուտ հասկանանք, այնքան բոլորիս համար ավելի լավ»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանը կոչ արեց այսօր ժամը 11։00-ից վերսկսել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները և հավաքել Հանրապետության հրապարակում։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկանածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։ Այսօրվանից նա հայտարարեց Քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների սկիզբը։   

Մեկնաբանություններ (1)

HARUT CHANTIKIAN
NIKOL PASHINYAN - Congratulations on your efforts to bring the Armenian Nation and its people the freedom the they deserve. DO NOT allow Karen Karapetyan and members of the Republican Party of Armenia to take part in the election process. BEST WISHES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter