
Երբ գեներալները ջա՛զ են լսում (վիդեո)
Մեզ հրավիրում են սուզվել բերմունդյան եռանկյունու մեջ, որտեղ անցան Jim Morison-ական եւ Doors-ական ժամանակները, «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ», «Կազիրոկ»... Եվ լսվում են բոլորին քաջածանոթ բլյուզի ձայները, ներկաներն աննկատ սկսում են շարժել իրենց ոտքերը. Արմեն Ադամյանը երգում է իր Էրոտիկ բլյուզը. Երեւանի սիրուն աղջիկ-2:
Ուղիղ 20 տարի է անցել այս լեգենդար երգը գրելուց հետո: 20 տարի առաջ էրոտիկ բլյուզ երգելը այնքան էլ միանշանակ չէր ընդունվում: Ընկերական անմեղ հումորով արված, առանց ենթատեքստի այդ երգի մասին ասում էին` էս ի՞նչ ես երգում, կարո՞ղ է` մենք Բրուկլինում ենք, Երեւանի աղջիկները մեր քույրերն են, բա ո՞նց կլինի:
Արմեն Ադամյանին հանդիպում եմ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց: Հանդիպման վայրը պատահական չէր ընտրվել, հենց այդտեղ է կազմվում նրա այդքան սիրած բերմունդյան եռանկյունին` «Կազիրոկ», «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ» սրճարանները: Դա այն վայրերն են, որտեղ հավաքվում էր քաղաքի բոմոնդը: Ամենամատչելի խմիչքը սպիտակ թունդ պորտֆեյնն էր, որն արժեր մի քանի կոպեկ, մի քիչ հարուստները շամպայն էին խմում:
Դա հիպիների առաջին շարժումն էր, երբ հավաքվելով հենց «Նաիրի» կինոթատրոնի դիմաց` պարծենում էին իրենց առաջին մոդայիկ Lee կամ Levis Strauss ջինսերով կամ կոշիկներով: Այդ ամենի մասին իր հիշողությունները Արմեն Ադամյանը հավաքել է իր բանաստեղծությունների երկրորդ ժողովածուի մեջ, որը կոչվում է «Ծեր ռոքերի օրագիրը»: Բանաստեղծություններից մեկը Ջենիս Ջոփլինի «Mercedes Benz» երգին է նվիրված, մյուսը Ջիմի Հենդրիքսի «Band of Gypsys»-ի հիման վրա կոչվում է «Գնչուներ»:
Այսօր Արմեն Ադամյանն ապրում է Եղեգնաձորում, 4 թոռ ունի, ռոք պապի է, բայց ինչպես ինքն է խոստովանում` ավելի օրիգինալ է տատին: Կինը 35 տարի հարվածային է նվագել իր ռոք խմբում: Ամեն ուրբաթ Արմեն Ադամյանը 130 կմ ճանապարհ է անցնում հեղինակային երգի երեկոներից հետո: Նա մնում է Ակումբում մինչեւ ուշ գիշեր, որպեսզի երգի յուրատեսակ հրաժեշտի երգը, առանց որի երեկոն կկորցնի իր ամբողջական կոմպոզիցիան:
Հեղինակ-կատարողը հիշում է, որ երբ դեռ փոքր էր, Արենիում իրենց տանը ամսագրեր էին ստանում, որոնցից մեկի մեջ մի օր տեսնում է էլեկտրակիթառ, ու սկսվում են իր «կատաղի ֆանտազիաները կապված սեր առ ավել»: Տանը կիթառի նման ինչ գտնում է` լինի ավել, թե բահ, բռնում է ու ասում` ես պիտի կիթառ նվագեմ: Իսկ կիթառ ընդհանրապես չկար, այն էլ` Եղեգնաձորում, եթե պատկերացնենք, թե ինչ էր նշանակում այդ ժամանակվա Եղեգնաձորը` «ժամը հինգին ռադիոկայաններից հնչում է ադրբեջանական երգը, հիթը` «Փոշու մեջ ընկած ծաղիկը» կամ հնդկական կինոյի միջի այն տղայի ու աղջկա երգած երգն է»:
Այնուամենայնիվ, ավելը շուտով փոխարինվում է Մոսկվայից բերված կիթառով: Ռոստովում արգելված ճանապարհներով ձայնագրած դիսկեր է գնում, առաջին գործը «Beatles»-ի «Girl»-ն էր եւ «Yesterday»-ը: Ու սա ամեն ինչ կանխորոշում է:
1972-ին հավաքում է մի քանի համախոհ տղաների եւ ստեղծում «Էվրիկա» վոկալ-գործիքային նվագախումբը, որտեղ հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար, կիթառահար եւ մեներգիչ: «Էվրիկա»-ի հեռուստատեսային դեբյուտը լինում է «Ամառային ձայներ» կոչվող այն նույն հաղորդմանը, որտեղ իրենց դեբյուտն են ժամանակին ունեցել Ռուբեն Հախվերդյանը, «Արձագանքը», «Մելոմաններ» խումբը:
Ռոք համերգներին, երբ տղաները գնում էին հանգստանալու` սուրճ խմելու, Արմեն Ադամյանը վերցնում էր կիթառը եւ հանգիստ երգեր երգում: Իր խոսքերով` հեղինակային երգը նա միշտ ռոքին զուգահեռ է գրել: Հետո աստիճանաբար զգաց, որ հեղինակային երգն իր մոտ դառնում է առանձին ճյուղ:
Սկզբում գրեց «Պատանեկություն» երգը, որը հեռուստատեսության եթերից փորձում էին հանել, բայց, ի վերջո, ներկայացնում են որպես հակաիմպերիալիստական երգ:
1988 թ. Եղեգնաձորում Արմեն Ադամյանը կազմակերպում է հեղինակային երգի հանրապետական առաջին փառատոնը: Այնտեղ են իրենց ստեղծագործական մկրտությունը ստացել շատ բարդեր, ովքեր այդ տարիներին 17-18 տարեկան էին, այսօր մեզ հայտնի շատ երգեր հենց այնտեղ են գրվել:
Փառատոնն անցկացվում է հինգ անգամ: Լավագույն ռեժիսորները, լավագույն հաղորդավարները հինգ օր անընդմեջ ուղիղ եթերով հեռարձակում են հեղինակային երգի փառատոնը:
1992-1993 թթ. «Ասպարեզ» ստուդիայում Արմեն Ադամյանը ձայնագրում է իր առաջին ձայնասկավառակը` «Մի աղջիկ 16 տարեկան», 10 տարի անց ձայնագրում է «Օրերը», հետո լույս է տեսնում «Մենակության բանաձեւը»:
Համամարդկային են այն թեմաները, որոնց մասին նա երգում է: «Հեղինակային կատարողները իրենց ժամանակաշրջանի զգացմունքների պատմիչներն են: Այն, որ ես մի քիչ ավելի համամարդկայինի կողմն եմ, երեւի արդեն ռոքից է գալիս»,- ասում է նա: Թեմաներից մեկը մենությունն է, որի մասին շատ երգեր ունի: Տարբեր տարիների է գրել ձյան մասին շարքը: Ձյունը` որպես խորհրդանիշ, հաճախ է հանդիպում Արմեն Ադամյանի երգերում:
«Հեղինակային երգը միակ մաքուր տեղն է, որ մնացել է այսօր արվեստում: Այն բացարձակ նատուրալ է: Հեղինակային երգ լսելը հավասար է ամենահեռավոր գյուղում քո ձեռքով ծառից ծիրան քաղելուն: Էկոլոգիապես մաքուր արվեստ է հեղինակային երգը»,- ասում է նա:
«Հեղինակային երգը միակ բանն է, որ չես կարող կեղծել, եթե այն լավը չլինի, չի ապրի: Ինքը կանխորոշված է` երգ կամ կա, կամ չկա, հեղինակային կատարող կամ կա, կամ չկա: Հեղինակային երգի ունկնդրից սկսած, կատարողից վերջացրած` բոլորն ապրում են ինտելեկտուալ որոշակի կտրվածքի, մի շերտի մեջ, որը միշտ եղել է ու կոչվում է ինտելիգենցիա: Մենք` հայերս, ունեցել ենք, դա Թիֆլիսի Վերնատունն է, Աստաֆյան Երեւանն է, 50-ականների Կինո Երեւանն է, 70-ականների մեր Կինո Նաիրին է:
Հիմա ի՞նչ է տեղի ունենում. եթե օլիգարխները ռոք են լսում, ուրեմն էս ինչ լավ բան ա, եթե ինչ-որ մեկը գալիս է Պոպլավոկ Մալխաս լսելու` ուրեմն` ջա՞զ, գեներալները պետք է ջազ լսեն, կամ հայկական լեդիները` 4 օր ժուլիեն չեն կերել, գլխացավից մեռնում են»,- ասում է նա:
Այս քաղքենիական երեւույթները խորթ են նրան: Արմեն Ադամյանը համոզված է` մարդիկ հեղինակային երգ չեն լսում, որ կողքից տեսնեն` ինքն ինչպես է լսում այդ հեղինակային երգը: Նրա կարծիքով` հեղինակային երգի ակումբը մի տեղ է, ուր մարդիկ ոչ թե ցույց են տալիս, որ իսկապես հարգում, սիրում ու կարոտում են իրար, այլ իսկապես հարգում, սիրում ու կարոտում են:
«Հեղինակային երգը իմ փրկության կղզին է: Ամեն հեղինակ-կատարող շուշանի նման է, ճահճի մեջ բացված սիրուն, մաքուր, խոր արմատներով, մաքուր հողին կպած»,- ասում է նա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել