HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ըստ վերլուծաբանների՝ խորհրդարանական «մեծամասնությունը» կընտրի Նիկոլ Փաշինյանին

Համաժողովրդական շարժման ապրիլի 25-ի օրակարգում մեկ հարց է· ինչպե՞ս ձեւավորել նոր իշխանություն, որը կարտահայտի պայքարի ելած ժողովրդի կամքը, միաժամանակ լեգիտիմ կլինի եւ չի ոտնահարի ՀՀ Սահմանադրությունը: Երկրի վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ի հրաժարականից հետո համաժողովրդական շարժումը պահանջում է, որ հրաժարական ներկայացնի իշխող Հանրապետական կուսակցությունը:

Ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցելու պայմանավորվածությունը նախորդ օրը երեկոյան չեղյալ համարվեց, քանի որ վարչապետի պաշտոնակատարն առաջ քաշեց արտահերթ ընտրություններ նշանակելու հարցը:

«Ոնց չափենք՝ էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մյուս քաղաքացիները՝ մեկ ուրիշին, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք արտահերթ ընտրություններ, և ժողովուրդն ընտրի իր թեկնածուին»,- հայտնեց վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանը:

Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում արտահերթ ընտրություններից, բայց նա համաձայն չէ իշխող կուսակցության կազմակերպած ընտրություններին: Համաժողովրդական շարժման առաջնորդը պնդում է մինչեւ արտահերթ ընտրություններ նշանակելը փոփոխել Ընտրական օրենսգիրքը, իսկ դա պետք է կատարվի ՀՀԿ-ի իշխանությունից ազատվելուց հետո: Անցնող 20 տարիներին ընտրությունները կեղծելու չափազանց ճկուն աճպարարություն ցուցադրած Հանրապետական կուսակցության նկատմամբ այլեւս հավատ չկա: Այս առաջարկն ընդունելը ծուղակ է, որովհետեւ նրանց կազմակերպած ընտրությունը կրկին ժողովրդի ազատ կամարտահայտությունը չի լինելու, եւ կրկին կունենան ժողովրդի քվեի խեղված պատկեր:

ՀՀԿ-ն այլեւս համոզված է, որ ինքը քաղաքական մեծամասնություն չէ անգամ խորհրդարանում, այդ պատճառով չի շտապում վարչապետի ընտրության հարցը խորհրդարանի օրակարգ մտցնել: Այսօր առավոտից մի քանի քաղաքական ուժեր համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարություններ տարածեցին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր կուսակիցներին կոչ արեց «մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց»: Կուսակցության պատգամավորներն այս պահին փողոցում են եւ միացել են քայլերթին: «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես իր անդամներին կոչ արեց դուրս գալ փողոց: «Մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ելք» խորհրդարանական խմբակցությունն իր ողջ կազմով՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, միացան շարժմանը: ՀՀԿ-ի հետ դաշինք կազմած Հայ հեղափոխական դաշնակության (ՀՅԴ) վերջին օրերի գործելաոճն ու կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի հայտարարությունը, որ իրենք լավագույնս են կատարում միջնորդի դերը, խոսում է այն մասին, որ պատեհ առիթի են սպասում շարժմանը միանալու համար: Իսկ ՀՅԴ շարքային անդամները, ելնելով facebook-ում արտահայտած կարծիքներից, սա կուսակցության վարկը փրկելու լավագույն հնարավորությունն են համարում: Խորհրդարանական մեծամասնության շարքերից արդեն արտահոսքն սկսվել է, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանին միանալու մասին:

Հայաստանի եւ արտերկրի հայության հիմնական մտահոգությունն այս օրերին այն է, որ չվերսկսվի 1988 թ·-ի իշխանափոխությունից հետո երկու տասնամյակից ավելի տեւած անարխիան: Համաժողովրդական հաղթանակի էյֆորիան անցնելուց հետո պետք է գործի Սահմանադրությունը, եւ իրավական կարգավորումները կարող են միայն լեգիտիմացնել ընտրյալին:

-Ինչպե՞ս եք պատկերացնում լեգիտիմ իշխանության ձեւավորումը այս իրավիճակում,- մեր հարցն ուղղված է հասարակական գործիչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին:

-Ազգային ժողովն է ընտրում վարչապետին: Դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Ելք» խորհրդարանական խմբակցությանը միանալու դեպքում ՀՀԿ-ն ձայների անհրաժեշտ մեծամասնություն չի ունենում: Բացի այդ, ՀՀԿ-ի մեջ կան պատգամավորներ, որոնք զանազան նկատառումներով Նիկոլին կողմ կքվեարկեն: Բայց գլխավոր դերը կխաղա այն հանգամանքը, որ պատգամավորների մեծ մասը, հեռանկարից վախենալով, այլ կերպ ասած՝ այսօրվա շարժման ճնշման տակ, ստիպված կլինի կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Դա նրանց ընտրությունն է լինելու, բայց իհարկե, հասարակության պարտադրած ընտրությունը:

-Տիկին Խառատյան, միջին եւ ավելի բարձր տարիքի մարդիկ խոր մտահոգություն ունեն, որ շարժումը պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը շրջանցելով պետք է երկրի ղեկավար ընտրի: Վախենում են, որ վերադառնում ենք 1988 թ·-ի շարժման ակունքներին ու դրա թողած հետեւանքներին:

-Ես էլ եմ վախենում, հույսս վերջին տարիների կուտակած փորձն է: Հիմա խոսքը կարճաժամակետ վարչապետության մասին է, ում գլխավորությամբ պետք է վերանայվի գոնե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, եւ փորձ արվի առավելագույնս կանխել ընտրակեղծարարությունը: ՀՀԿ-ի գլխավորությամբ դա պարզապես անհնար է:

-Համաժողովրդական շարժումը կարո՞ղ է երկրի վարչապետ առաջադրել, այն լեգիտիմ կհամարվի՞, թե խորհրդարանական նոր ընտրություններ պետք է նշանակել եւ դրա արդյունքներով իշխանություն ձեւավորել:

Հարցին պատասխանում է Գերմանիայի Հագենի եւ Բեռլինի համալսարանների դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկոտոր Գոռ Հովհաննիսյանը:

-Գործող Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարականի դեպքում, յոթնօրյա ժամկետում ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։ Փաստորեն, վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունքը այս պահին պատկանում է միայն խորհրդարանական խմբակցություններին։ Բայց, ցանկացած իրավանորմ պետք է կիրառվի ողջամտության սահմաններում, հաշվի առնելով գոյություն ունեցող փաստացի հանգամանքները։ Դա նշանակում է, որ թեև համաժողովրդական շարժումն ինքը ձևականորեն վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք չունի, բայց խորհրդարանական խմբակցություններն իրենց այդ իրավունքից կարող են օգտվել միայն համաժողովրդական շարժման կամքը հաշվի առնելով։

Համաժողովրդական շարժումը դեմ է ոչ թե կոնկրետ անձի, այլ ընդհանրապես հանրապետական կուսակցության իշխանությանը։ Հետևաբար, ոչ մի իմաստ չի ունենա խորհրդարանական խմբակցությունների կողմից վարչապետի հանրապետական թեկնածու առաջադրելը, որովհետև այդ թեկնածուն չի արտահայտում ժողովրդի կամքը ու ոչ լեգիտիմ է։

Բացի այդ, առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու վարչապետի թեկնածու առաջադրելն ու նրան ընտրելը կխախտի venire contra factum proprium (հակասական վարքի արգելք) ընդհանուր իրավական սկզբունքը, որովհետև ժողովրդի կամքին դեմ գնալով՝ հանրապետական թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը կրկին բերելու են նրան, որ ժողովուրդը նոր թեկնածուին էլ կստիպի հրաժարական տալ։ Հետևաբար, անտրամաբանական ու հակասական է առաջադրել ու ընտրել մի թեկնածու, որն ակնհայտորեն կրկին ժողովրդի պահանջով ու ճնշման տակ հրաժարական է տալու։ Ուստի, խորհրդարանական խմբակցությունները վարչապետի թեկնածությունն առաջադրելու իրենց իրավունքը պարտավոր են իրականացնել իրականության հետ ողջամտորեն հաշվի նստելով, այն է՝ միմիայն ժողովրդի կամքին համապատասխան։

Մեկնաբանություններ (3)

Կարինե
Այսօր միայն Կարեն Կարապետյանն է ի վիճակի երկիրը դուրս բերել ճգնաժամից:
Սառա Պետրոսյան
Հարգելի ընթերցող Որպեսզի համոզվեք ճիշտ եմ գրում Կարեն Կարապետյանի ներկայիս պաշտոնը, խնդրեմ այցելեք http://www.primeminister.am/hy/ էջ եւ ծանոթացեք պաշտոնական գրությանը: Այսքանը գոնե հասկանում եմ եւ պատրաստակամ եմ օգտակար լինելու Ձեզ նաեւ մյուս չհասկացածները պարզաբանելու հարցում:
Հայկ
Հարգելի Սառա պետք չէ ապատեղեկացնել ժողովրդին։ Չգիտեմ դուք չեք հասկանում, թե դիտավորյալ եք անում՝ Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի այլ փոխ վարչապետի պաշտոնակատար է, իր խիստ սահմանափակ լիազորություններով։ Նրան ազգային ժողովը ընտրել է փոխվարչապետ։ Վարչապետ Ս․Սարգսյանի հրաժարականը նշանակում է ողջ կառավարության հրաժարական։ Բոլոր նախարարները, ինչպես նաև փոխվարչապետերը համարվում են իրենց վերապահված պարտականությոնների ժամանակավոր պաշտոնակատարներ։ ոչ ոք և ոչ մի օրենքով Կարեն կարապետյանին վարչապետի պաշտոնակատարի, պարտականություն չի լիազորել։ Նա ինքնակոչ է և ղարաբաղյան կլանի պահեստային խաղացող է։ Նրա հայտնվելը Հայաստանում պատահական երևույթ չե։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունեցել Ռոբերդ Քոչարյանի , Սերժ Սարքսյանի և Բակո Սահալյանի հետ․ Նրանց ծրագիրը ղեկավարվում է Մոսկվայի կողմից։ Մի հավատացեք Մոսկվայի կեղծ հավաստիացումներին մեր ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։ Թիվ մեկ խնդիրը պետք է հանդիսանա գործակալ Կարե Կարապետյանի անհապաղ չեզոքացում ցանկացած եղանակով։ Հապաղելը շարժման վախճանն է։ Խնդրում եմ անհապաղ փոխանցեք Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter