HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիլիզա և Ճոճկան գյուղերից վերջին 2 տարիներին 70 կով են գողացել․ իրավապահները չեն կարողանում հայտնաբերել գողերին

Վերջին երկու տարիներին Լոռու մարզի հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզա գյուղում գրանցվել է անասնագողության 30 դեպք։ Նույն ժամանակահատվածում Ճոճկանում գրանցվել է 40 կովի գողության դեպք։ Անասնագողության դեպքերից ոչ մեկը Լոռու մարզի ոստիկանության կողմից չի բացահայտվել: Կովատերերը ասում են, որ ոստիկանությունը առանձնապես շահագրգռված չէ դա բացահայտելու համար:

Գյուղացիների մի մասի կարծիքով՝ կովերի գողերը «շարքային» գողեր չեն,  քանի որ նրանք օրը ցերեկով կարողանում են գողոնը հայ-վրացական սահմանով անարգել տեղափոխել Վրաստան:

Ջիլիզա գյուղից ապրիլի 12-ին 9 կով են գողացել: Ջիլիզայի վարչական պատասխանատու Մհեր Վարդանյանը կովերի գողության մասին ոստիկանության Թումանյանի բաժնում հայտարարություն է տվել 4 օր հետո՝ ապրիլի 16-ի ուշ երեկոյան: Մինչ այդ` գյուղացիները փնտրել են կովերին:

Մհեր Վարդանյանը

Ջիլիզայի բնակիչ Ալբերտ Լալայանն ասում է, որ շուկայում, ըստ քաշի, մեկ կովը վաճառվում է մոտավորապես 400-500 հազար դրամով եւ անասնագողերը Ջիլիզայի գյուղացիներին պատճառել են մոտ 13 մլն դրամի  վնաս: Ֆերմեր Մուշեղ Կոնինյանը պնդում է, եթե  Ջիլիզայի կովերը հայտնվում են Վրաստանի տարածքում, ապա դա կարող է լինել միայն հայ և վրացի սահմանապահների համաձայնությամբ:

Ալբերտ Լալայանը

Ապրիլի 12-ին գողացած կովերից մեկը Հերիքնազ Վարդանյանինն է, 8-ը՝ Ջիլիզայի վարչական պատասխանատու Մհեր Վարդանյանինը: Ամիսներ առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, գողերը տարել էին Հերիքնազ Վարդանյանի 6 կովերին:

2016թ-ի նոյեմբերի 12-ին գողացել են Սպարտակ Ծատինյանի` 6, իսկ Արարատ Հակոբյանի 4 կովերը:

Հերիքնազը պատմում է, որ ամուսնու՝ Սուրիկ Վարդանյանի անասունները պահելու հերթապահության օրն է եղել գողությունը, ցերեկվա ժամին: «Սուրիկը կովերը տարել է Ջիլիզայի Ղաշի հանդ: Օրվա ընթացքում տուն է եկել ընդմիջման: Հետո, երբ գնացել է կովերը բերելու, 6 կով իրենց տեղում չեն եղել:

Սուրիկ Վարդանյանը

Հերիքնազ Վարդանյանի ամուսինը՝ Սուրիկը, Ջիլիզա-Ալավերդի երթուղով ավտոբուսի վարորդն է: Նրա ավտոբուսին հանդիպեցինք ճանապարհին՝ Ջիլիզայից դուրս գալիս: Ասաց` հետաքրքվել է եւ իմացել, որ իր կովերը սահմանն անցել են և երևացել են Մառնեուլի շրջանի Օփրեթ գյուղի կողմերում: Սուրիկի ընտանիքը  այլևս կով չունի: «Պրծավ, վերջ: Աշունքվանից դեսը ապրանքս սրբեցին, տարան: Իմ երեխի համար մի հատ կթան կով չմնաց»,- ասում է Սուրիկը: Ընտանիքը, 7 կովը կորցնելուց հետո, հայտնվել է սոցիալական ծանր վիճակում:  

Ջիլիզայի մոտ, մի հատվածում, հայ-վրացական սահմանը Շուլավեր գետակն է: Այն հազիվ 1 կմ է հեռու Ջիլիզայից: Գետակի մյուս կողմում Վրաստանի սահմանապահներն են: Ջիլիզայի բնակիչը իրավունք չունի սահման դարձած գետակն անցնի և վրացի սահամանապահին իր կորած անասունի մասին հարց տա:

Մուշեղ Կոնինյանը Ջիլիզայում ամենաշատ անասունն ունի: Նա 27 գլուխ խոշոր եղջերավոր, 24 գլուխ ոչխար ու գառ, 3 հատ ձի, 50-60 գլուխ խոզ ունի:

«Եթե անասունը Շուլավեր գետակն անց է կացել, մենք էլ ոչինչ չենք կարող անել: Բայց մեր գյուղի կովերը գողանում են հենց գյուղից», ասում է Մուշեղը: Մուշեղը Ջիլիզայի անասնատերերին մեղադրում է անփութության մեջ՝ այսքան գողությունը տեսնելուց հետո անասունը անտառում անտեր թողնելու համար:

Մեր այցելության օրը Մուշեղը գյուղի 100 գլուխ ոչխարի հերթապահ հոտաղն էր: Պատմեց, որ իր և բոլոր ջիլիզցիների խոտհարքները գտնվում են սահմանի վրա՝ Շուլավեր գետակի հարևանությամբ: Սահմանն անցնելու մտավախությամբ` գյուղացիները անասուններին վախենում են տանել իրենց խոտհարքներում արածելու: Կովերը դեպի սահման են գնում, որովհետւ գետակի մոտ խոտը հյութալի է, ջուրն էլ մոտ է: Մուշեղը չի բացառում, որ անասնագողերը դիտավորյալ Ջիլիզայի կովերին քշում են հայ-վրացական սահմանագիծ հանդիսացող Շուլավեր գետակի ուղղությամբ:

«Գողերը գալիս մեր սահմանով Ջիլիզայից կովերը տանում են։ Հայ սահմանապահների աչքի առաջ հատում են Հայաստանի սահմանը և մեզնից գողացած կովերը տեղափոխում են Վրաստան։ Դե կովերին որ էդպես ազատ տանում են, հայ-վրացական սահմանին ազգային անվտանգության այլ սպառնալիքներ ևս կարող են ծագել»,- ասում է գյուղացիներից մեկը։

Մուշեղ Կոնինյանը

Սահմանային գյուղերում կատարվող անասնագողությունը նույն ձեռագիրն ունի: Կովերի գողության ճոճկանցիների վնասը կազմում է մոտ 18 մլն դրամ: Վերջին 2 տարիներին գողացել են ճոճկանցի Գրետա Խուդինյանի` 4, Վահագ Երիցյանի՝ 4, Ռուբեն Երիցյանի՝ 5, Ջիվան Չերչինյանի՝ 3 կովերը:

2016 թ-ի հոկտեմբերի 1-ին գողացել են նաև Զավեն Մարտիրոսյանի 2 կովը, 2017թ-ի նոյեմբերի 6-ին տարել են Սահակ Վարդումյանի` 3 և Արմեն Թամազյանի 3 կովերը: Սահակ Վարդումյանը պատմեց, որ գողությունից 3 օր հետո` նոյեմբերի 9-ին, իր կովերը գտել է Վրաստանի Մառնեուլ քաղաքի անասունների շուկայում:

«Հանեցի բազարից: Լավ էլ Մառնեուլի ոստիկանության վարչության պետն ինձ օգնեց: Ասաց՝  ձեր ոստիկանությունից մի ոստիկանի հետ եկեք, կովերը տարեք: Մեր ոստիկանությունից ասացին՝ չենք կարող քեզ օգնել, նախարարի թույլ տալուց հետո կարող ենք օգնել: Նախարարին էլ ոստիկանությունը հայտնեց-չհայտնեց, այդպես էլ չիմացա»,- պատմեց Սահակ Վարդումյանը:

Սահմանային գյուղերում անասնագողությունը շարունակվում է:

Ոստիկանությունը դարձել է անասնագողության դեպքերը ընդամենն արձանագրող մարմին։ Այս գողություններից ոչ մի դեպք չի բացահայտվել։ Սահմանամերձ Ջիլիզայում, որտեղ երեք տասնյակ ընտանիք է ապրում, հիմնականում գոյատևում են անասնապահությամբ: Անասնագողության պատճառով գյուղացիները հայտնվում են աղքատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter