HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ-ն արշավ-երթ է կազմակերպում դեպի Ամուլսար

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է արշավ-երթ՝ դեպի Ամուլսար: Ակցիայի նպատակները և մանրամասները ներկայացված են ՀԲՃ հայտարարության մեջ:

«Ամուլսարը Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է, ունի 2987 մ բարձրություն և գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին: Այստեղ են ձևավորվում բազմաթիվ խմելու և հանքային ջրերի աղբյուրներ, ինչպես նաև Արփա, Որոտան և Դարբ գետերը, որոնք Վայոց Ձորի և Սյունիքի հիմնական ջրային զարկերակներն են։ Այս գետերի ջրերով են ոռոգում հարյուրավոր հեկտար խաղողի, ծիրանի, դեղձի, խնձորի այգիներ և այլ հողահանդակներ։ Նաև Արփա գետի հովտում են արտադրվում լավագույն հայկական գինիները։ Ամուլսարից մի քանի կմ հեռավորության վրա են գտնվում Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, որոնք Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելով միացված են Սևանա լճին։ Լեռան ընդերքով բացված այս թունելով հնարավոր է տարեկան 415 միլիոն խորանարդ մետր ջուր տեղափոխել դեպի Սևանա լիճ: Ամուլսարի մոտակայքում են գտնվում նաև Ջերմուկի հանրահայտ հանքային ջրերը, որոնց շնորհիվ այս տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկը:

Հենց այստեղ՝ Հայաստանի ջրերի սրտում, Լիդիան օֆշորային ընկերությունը՝ ՀՀ կառավարության հովանավորությամբ, ցանկանում է ոսկի արդյունահանել: Արդեն շուրջ տասը տարի է, ինչ այս տարածքների բնակիչները, բնապահպանները, հանրային գործիչները, ոլորտի լավագույն մասնագետները, նաև արտասահմանյան գիտնականները պնդում են, որ Ամուլսարում հանքի բացումը և դրա արդյունքում հողերի ու ջրերի անխուսափելի աղտոտումն ու կորուստը ճակատագրական կլինեն ոչ միայն Վայոց Ձորի և հյուսիսային Սյունիքի, այլ ամբողջ Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի համար:

Այս պայքարների շնորհիվ է նաև, որ հանքի շահագործումը ձգձգվում է արդեն 7 տարի՝ 2011 թվից մինչև այսօր: Իսկ այս տարի արդեն բոլորս ականատես եղանք նաև ոչ պակաս հանրային դիմադրություն ստացած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի տապալմանը: Այն բոլոր վատ կանխատեսումները, բոլոր նախազգուշացումները, որ անում էին բնապահպանները, ի վերջո, ցավոք, իրականություն դարձան: Այսօր Ամուլսարի հանքարդյունաբերողները գրեթե նույն խոսքերով, նույն ոճով նույն խոստումներն են տալիս, ինչ մի քանի տարի առաջ Թեղուտի դեպքում էր:

Ապրիլի 28-ին Ամուլսար արշավելով մենք նպատակ ունենք մի կողմից մեկ անգամ ևս իրազեկել շրջակայքի բնակիչներին այդ ծրագրի վտանգների և մեր բոլորի պայքարի մասին, իսկ մյուս կողմից մեր միասնական բողոքի ձայնն արտահայտել ու հայտարարել Ամուլսարը պահպանելու պահանջը: Յուրաքանչյուրիս մասնակցությունը շատ կարևոր է, մեր բազմամարդ լինելն էական ազդեցություն կունենա, քանի որ այս մասին լրատվական նյութերը տարածվելու են միջազգային մամուլում, իսկ բողոքի ու դիմադրության ցանկացած գործողություն ազդում է Լիդիանի հեղինակության վրա և նվազեցնում ծրագրի շահութաբերության ակնկալիքները։

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք անպայման գրանցվել հետևյալ եղանակներից որևէ մեկով․

1․ Զանգել 099 53 05 88, 093402849 համարներով։

2․ Անձնական նամակ գրել Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Frontի էջին։

3․ Նամակ գրել [email protected] էլ․ փոստին:

Հարկավոր է նշել անունը, ազգանունը, հեռախոսի համարը, եթե գալու եք ձեր մեքենայով, ապա նաև առկա ազատ տեղերի թիվը: Գրանցման վերջնաժամկետը մինչև ապրիլի 26-ի օրվա վերջն է։

Երևանից մեկնելու ենք ապրիլի 28-ին ժամը 7։30՝ Կոնսերվատորիայի մուտքի մոտից, իսկ վերադարձը նախատեսվում է ժամը 22.00-ի հատվածում: Եթե միանալու եք այլ քաղաքներից, ապա խնդում ենք, զանգեք կամ նամակ գրեք, որպեսզի համակարգենք գործողությունները:

Արշավ-երթի ծրագին և մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ»։

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Ապրե՜ն կազմակերպիչները: Տեսնենք, թե որ պառլամենտական քաղաքական ուժի առաջնորդներն կմիանան այս արշավ-երթին, որն շատ-շատ ավելի կարևոր է քան Ս.Սարգսյանի հրաժարականից հետո փողոցներ փակելու պոպւլիստական կոչեր անելը, այն հաշվարկով, որ կոչ անողը` սահմանադրությունը խախտելով դառնա վարչապետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter