HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տավուշի բնակիչները փակել են Բագրատաշենի սահմանային անցակետը․ Այրումի ՀՀԿ-ական համայնքապետն ասում է, որ ժողովրդի հետ է

Տավուշի մարզի մի խումբ բնակիչներ քիչ առաջ հավաքվել են Այրում համայնքի Հաղթանակ գյուղի ջրային տնտեսության շենքի մոտ, փակել միջպետական ճանապարհն, ապա շարժվել Բագրատաշենի սահմանային անցակետ։

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Բագրատաշենի ցույցին մասնակցող բնակիչները։ Օրեր շարունակ տավուշցիները հավաքվում են Այրում համայնքի ջրային տնտեսության տարածքում, երբեմն շարժվում դեպի անցակետ, և բողոքի ակցիայի այս գործողությունների հետևանքով սահմանային անցակետի բնականոն աշխատանքը խոչընդոտվում էր, սակայն ՊԵԿ-ը հայտարարություններ էր տարածքում այն մասին, որ Բագրատաշենի անցակետը բաց է, ուստի բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներն այժմ որոշել են փակել հենց անցակետը։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել այս օրերի ընթացքում ամենամարդաշատ բողոքի ակցիան։ Միջպետական ճանապարհը ժամեր շարունակ փակվել է բեռնատարներով ու այլ մեքենաներով։

Մեզ հետ զրույցում ցույցի մասնակիցները հայտնեցին, որ նույն իրավիճակն այս պահին սահմանային անցակետում է։ Այնտեղ հավաքվել են Տավուշի Նոյեմբերյան, Բագրատաշեն, Հաղթանակ, Պտղավան և այլ համայնքների բնակիչներ։

Նշենք, որ Բագրատաշենը համայնքների խոշորացման ծրագրով ընդգրկվել է Այրում համայնքի մեջ։

Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցույցի մասնակից քաղաքացիները ներկայացնում են նույն պահանջներն, ինչ Երևանում է ներկայացվում։

Օրեր շարունակ Երևանում քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, և ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս պահին քաղաքացիները բողոքի ակցիաները չեն դադարեցրել։ Վերջիններս պնդում են, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի ընտրյալը, որ նոր վարչապետը չի կարող լինել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ ու պահանջում են ՀՀԿ-ի հեռացումը։

«Ես ժողովրդիս հետ եմ, իրենց կողքին եմ, նման իրավիճակում որևէ այլ տարբերակ չէր էլ կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Պարանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter