HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Աչաջուրում դպրոցականները երթ են անում, իսկ ծնողները փակել են միջպետական ճանապարհը

Այսօր Տավուշի մարզի տարբեր համայնքներում շարունակվում են քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության։

Մարզի երկու ամենախոշոր գյուղերը՝ Աչաջուրը եւ Կողբն ընդվզողների թվում են։ Աչաջուրում դպրոցականները դասադուլ են հայտարարել, նաեւ իրականացրել երթ՝ «հեռացե՛ք» կոչով։ Նրանց ծնողները եւ գյուղի չափահաս անձինք ի նշան ՀՀԿ-ի իշխանության դեմ բողոքի, փակել են Մ4 միջազգային ճանապարհը, որն անցնում է Աչաջուրի վարչական տարածքով։

«Հետք»-ի հետ զրույցում բողոքի մասնակիցներից մեկը, որ զբաղվում է ձեռներեցությամբ, չցանկանալով հրապարակել իր անունը, ասաց․ «Ժողովուրդը լարված է, չի ուզում իր գործողությունների ուժը պակասեցնել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ նրա առաջնորդած հեղափոխությունը չպարտվեն։ Եթե այս անգամ էլ հիասթափվենք, մեր կյանքն ավելի վատն է լինելու, քան մինչեւ շարժումն էր»։

Կողբեցիները երթով շարժվել են՝ փակելու Բագրատաշենի մաքսատան ճանապարհը։ Այս մասին տեղեկացանք Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանից։

Առավոտից վերսկսվել են դասադուլներն ու երթերը նաեւ Իջեւան քաղաքում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը մեկնարկել են ապրիլի 13-ին։ Ցույցերի 11-րդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը պահանջեց իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը։ Այսօր առավոտյան Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցները փակելու փոխարեն բացառել առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաների վարումը, ինչը մեծ տարածում էր գտել վերջին օրերին և հարուցել շատերի դժգոհությունը։

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter