HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահերթ ընտրությունների նշանակումը Թուրքիայում

Հայկ Գաբրիելյան

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • 2018թ. Թուրքիայում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումն անսպասելի չէր։
  • Արտահերթ ընտրություններն առաջին հերթին ձեռնտու են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) և նրա հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ)։
  • Արտահերթ ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ու նրա կուսակցությանհնարավոր հաղթանակը կազդարարի «Նոր Թուրքիայի» մեկնարկը։
  • Նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակին կարող է խոչընդոտել միայն Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։

ՆԱԽԱԲԱՆ

2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվեց երկրի պատմության մեջ 7-րդ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն (ՍԲՀ)։Ի դեպ, այն 3-րդն էր 2002թ. իշխանության ղեկին ԱԶԿ-ի գալուց հետո (նախորդ երկու ՍԲՀ-ներն անցկացվել են 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին)։Սահմանադրական բարեփոխումները, ի թիվս այլնի, նախատեսում էին, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից պետք է անցում կատարի կառավարման նախագահական համակարգի, նախագահը ստանում է աննախադեպ լայն լիազորություններ, վերացվում է երկիշխանությունը (վարչապետի պաշտոնը)։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) սահմանադրական բարեփոխումների հաստատման համար անհրաժեշտ էր 367 քվե (ԹԱՄԺ-ի 2/3-ը), սակայն ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի ուժերը բավականացրեցին միայն նրան, որ այն դրվի հանրաքվեի (դրա համար անհրաժեշտ էր ԹԱՄԺ-ի 3/5-ի աջակցությունը՝ 330 քվե)։ Այս երկու ուժերի դաշինքի հիմքում ընկած էրերեք հիմնական գործոն. ա) ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը շատ հարցերում ունեն նմանատիպ խիստ դիրքորոշումներ (օրինակ, քրդերի հանդեպ), և շատերը դժվարանում են ասել, թե այժմ որն է առավել ազգայնական կուսակցություն՝ ԱԶԿ-ը՞, թե՞ ԱՇԿ-ը (2015թ. ամռանը Թուրքիայում PKK-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսումից հետո թուրքական մամուլը գրեց, որ ԱՇԿ-ը միայն քննադատում է քրդերին, մինչդեռ ԱԶԿ-ը՝ հարվածում)։ բ) ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով նախկինում շարունակ աչքի էր ընկնում Էրդողանին քննադատելով, վերջին շրջանում չի զբաղվում նման գործունեությամբ։ Պատճառներից մեկն առաջին կետն է, սակայն կա նաև երկրորդ կետը. վերջին շրջանում Թուրքիայում գրանցված զանգվածային բռնությունները վախեցրել են Բահչելիին։ գ) ԱԶԿ-ը որոշեց չհատել Բահչելիի (ԱՇԿ) սահմանած «կարմիր գիծը». չփոփոխել Սահմանադրության առաջին 4 հոդվածները, որոնք առնչվում են պետության հանրապետական կառուցվածքին, դեմոկրատական, աշխարհիկ, իրավական ու սոցիալական բնույթին, տարածքային ամբողջականությանը, պետական դրոշին, լեզվին, մայրաքաղաքին, օրհներգին[1]։  

2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվեց ՍԲՀ, որի մասնակիցների 51.41%-ը կողմ արտահայտվեց, իսկ 48.59%-ը՝ դեմ։ Ուշագրավ է, որՍԲՀ-ն անցկացվեց արտակարգ դրության (OHAL) պայմաններում՝ չնայած նրան, որ 2016թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ՍԲՀ-ից առաջ կվերացվի OHAL-ը, որպեսզի ոչ ոք չկարողանա հայտարարել, թե ՍԲՀ-ն անցկացվում է ճնշումների պայմաններում։Այսպիսով, Էրդողանին դժվարությամբ հաջողվեց հասնել նրան, որ հանրաքվեի միջոցով հաստատվեն սահմանադրական բարեփոխումները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2019թ. նոյեմբերի 3-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո (2002թ. նոյեմբերի 3-ի վաղաժամ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ հաղթանակից ուղիղ 17 տարի անց)[2]։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց 2018թ. ապրիլին, երբ Թուրքիայի իշխանությունները որոշում ընդունեցին ընթացիկ տարում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

2018թ. ապրիլի 17-ին Դ. Բահչելին կոչ արեց ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Ելույթ ունենալով ԱՇԿ խորհրդարանական խմբակցությունում՝Բահչելին հայտարարեց. «Օգոստոսի 26-ը համընկնում է Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակի տարեդարձի (26.08.1071թ.) հետ։ Եթե թուրք ժողովուրդն այդ օրը կարողանա ընտրել թե՛ նախագահ, թե՛ պատգամավորներ, ապա դրանով արժանի դաս կտա Թուրքիայի թշնամիներին։ Դա ամենաընդունելի, տրամաբանական ու ժողովրդավարական ուղին է։ Անիմաստ է ընտրությունների անցկացումը ձգձգելը։ Անհրաժեշտ է ձախողել բոլոր նրանց մտադրությունները, ովքեր սփռում են քաոս ու շփոթմունք»[3]։

Ընդգծենք, որ 2017թ. օգոստոսի 26-ին Թուրքիայում առաջին անգամ պետական մակարդակով տոնեցին Մանազկերտի ճակատամարտի հաղթանակի 946-ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեց Էրդողանը, ով հայտարարեց. «Զգուշացնում ենք նրանց, ովքեր ցանկանում են թուրք ժողովրդին դարձնել իրենց վասալը։ Թուրքիան ամուր կանգնած է ոտքերի վրա։ Որևէ մեկն ի զորու չէ խանգարել Թուրքիայի հետագա զարգացմանը։ Նրանք, ովքեր հաշվի չեն առնում պատմության դասերը, դատապարտված են դրանք վերստին վերապրելու։ Դժբախտաբար, Մանազկերտի հաղթանակի կարևոր նշանակությունը երկար ժամանակ անտեսվել է Թուրքիայում։ Մանազկերտի հաղթանակից 4 տարի անց՝ 1075թ., այս տարածաշրջանում մեր առաջին պետությունը ստեղծեցինք Իզնիկում (Նիկիա), հիմնեցինք Անատոլիայի Սելջուկյան պետությունը (Իկոնիայի սուլթանություն)։ Սուլթան Ալփարսլանը 1071թ. մեր առջև բացեց Անատոլիայի դռները։ Իրականում այդ հաղթանակը մեզ պարգևեց նոր հայրենիք ու ապագա։ Դրանից երկու դար անց ստեղծեցինք աշխարհի խոշորագույն տերություններից մեկը՝ Օսմանյան կայսրությունը, որի տարածքները ձգվում էին Գալիցիայից դեպի Եմեն, Տրիպոլիից դեպի Կովկաս։ Այսօր մենք ունենք միասնական հայրենիք՝ 780.000 կմ2 տարածքով։ Հուսով ենք, որ այսուհետ շարունակ կտոնենք Մանազկերտի փառապանծ հաղթանակը՝ գիտակցելով դրա կարևորությունը։ Մեր հորիզոնում են 2023, 2053 և 2071թթ.»։ Նշենք, որ 2023թ. լրանալու է Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադրման 100-ամյակը, 2053թ.՝ օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, իսկ 2071թ.՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը[4]։  2018թ. մարտինհայտնի դարձավ, որ Մանազկերտի հովիտը (Մուշի նահանգ) վերածվում է ազգային պարկի[5]։

Այս ամենը նշանակում է, որ օգոստոսի 26-ը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն Բահչելիի, այլև՝ Էրդողանի համար։ Բահչելին քաջատեղյակ է, որ Էրդողանը սիրում է իր հակառակորդներին խորհրդանշական հարվածներ հասցնել, որի վկայություններից մեկն ԱԶԿ երկրորդ ՍԲՀ-ի անցկացումն էր 2010թ. սեպտեմբերի 12-ին՝ 1980թ. սեպտեմբերի 12-ին ԹՀ պատմության մեջկատարված ամենաարյունալի ռազմական հեղաշրջման 30-ամյակին (այդ ՍԲՀ-ի արդյունքներով Սահմանադրությունից վերացվեց 15-րդ ժամանակավոր հոդվածը, ինչը հնարավոր դարձրեց1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելը)։

Օգոստոսի 26-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասինարած հայտարարությունից հետո Բահչելիին իր նստավայրում ընդունեց Էրդողանը։ Դռնփակ ռեժիմովանցկացված հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ու անցկացման հարցերը[6]։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց. «Բահչելիի հետ քննարկեցինք երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Այսօրվանից սկսած՝ Թուրքիայում սկսվում է ընտրություններին նախապատրաստվելու իրավական գործընթաց։ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդն (YSK) անհապաղ ձեռնամուխ կլինի նախապատրաստական աշխատանքներին»[7]։

Այդպիսով, Էրդողանն ընդունեց Բահչելիի համապատասխան առաջարկը, սակայն արտահերթ ընտրությունները նշանակեց ոչ թե օգոստոսի 26-ին, այլ՝ հունիսի 24-ին։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու Բահչելին հանդես եկավ նման առաջարկով։ Դա կապված էր երկու հիմնական գործոնի հետ.

ա) Նախևառաջ ժամանակն աշխատում էր Բահչելիի դեմ. վերջին շրջանում զգալիորեն նոսրացել են նրա կուսակցության շարքերը՝ կապված հիմնականում նրա հետ, որ Բահչելին ընտրական դաշինք է ձևավորել Էրդողանի հետ և չի ցանկանում լքել ԱՇԿ նախագահի պաշտոնը։4.5 ամսում (2017թ. հոկտեմբերի սկզբից մինչև 2018թ. փետրվարի վերջը) ԱՇԿ-ի շարքերը լքել է 14.341 անդամ՝ 498.915-ից նվազելով մինչև 484.574-ի (ԱՇԿ-ը լքածները հիմնականում համալրել են Մերալ Աքշեների հիմնած «Լավ» կուսակցության շարքերը)[8]։ Ակնհայտ է, որ այդ գործընթացը շարունակվելու էր նաև 2018թ. մնացյալ ամիսներին և 2019թ.։ Այդ համատեքստում Բահչելիին ձեռնտու է ընթացիկ տարում արտահերթ ընտրությունների և հատկապես խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Նա գիտակցում է, որ եթե ԱՇԿ-ն ընտրական դաշինք չձևավորեր ԱԶԿ-ի հետ, ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններում չէր կարողանա հաղթահարել 10%-անոց ընտրաշեմն ու հայտնվել ԹԱՄԺ-ում։ Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հունվարին Թուրքիայում հասարակական կարծիքն ուսումնասիրող Konda ընկերության գլխավոր տնօրեն Բեքիր Ագիրդիրը հայտարարել էր, որ երեք առանցքային կուսակցություն, որոնք, ի դեպ, ներկայումս ներկայացված են ԹԱՄԺ-ում, ռիսկի են դիմում խորհրդարանական հաջորդ ընտրություններում չհաղթահարել 10%-անոց ընտրաշեմը։ Ագիրդիրը մանրամասնել էր, որ խոսքն ԱՇԿ-ի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ու «Լավ» կուսակցության մասին է[9]։

բ) Բահչելին քաջատեղյակ էր, որ Էրդողանը նույնպես շտապում է արտահերթ ընտրությունների հարցում, որ նրան նույնպես ձեռնտու չէ ԱՇԿ-ի թուլանալը, ուստի և երկու գործիչների միջև ձեռք բերվեց համապատասխան պայմանավորվածություն, որպեսզի տպավորություն ստեղծվի, թեարտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը բխում է հենց Բահչելիից և ոչ թե Էրդողանից։Ի դեպ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով արտահերթ ընտրությունների նշանակումը, հայտարարեց, որ տվյալ դեպքում Բահչելին հանդես է եկել Էրդողանի ներկայացուցչի դերում[10]։ Թուրքական մամուլում նույնպես հրապարակումներ եղան, որ ԱԶԿ-ն օգտագործել է իր գործընկեր Բահչելիին, որպեսզի հրապարակ բերի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության գաղափարը։

Իսկ ինչո՞ւ Էրդողանն արտահերթ ընտրությունները նշանակեց հունիսի 24-ին և ոչ թե օգոստոսի 26-ին։ Այստեղ նույնպես կան մի շարք պատճառներ.

1) Էրդողանը հավանաբար կցանկանար այդ ընտրությունները նշանակել 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) երկամյակին, հատկապես, որ ընթացիկ տարում այն կիրակի է։ Սակայն Էրդողանն այդ օրը, ըստ ամենայնի,պետք է մասնակցի ՌՀՓ-ի տապալմանը նվիրված միջոցառումների և ելույթներ ունենա, այլ կերպ ասած՝ կլինի բավական զբաղված, և փոխարենը նա նախընտրել է «չեզոք ժամկետ»՝ հունիսի 24։ Նույնը կարելի է ասել նաև օգոստոսի 26-ին Էրդողանի զբաղվածության համար(չենք բացառում, որ Էրդողանն օգոստոսի 26-ը չի ընտրել նաև ոչ ազգայնական ընտրազանգվածին իրենից չվանելու համար)։ Սակայն գոյություն ունի հունիսի 24-ը՝ որպես արտահերթ ընտրությունների անցկացման օր, ընտրելու շատ ավելի ծանրակշիռ գործոն, որի մասին կխոսվի ստորև։

2) Բահչելիի առաջարկի օրըԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը 7-րդ անգամ է որոշում ընդունել OHAL-ը 3 ամսով երկարաձգելու մասին[11]։ Թուրքիայում OHAL-ըմտցվել է 2016թ. հուլիսի 21-ին, ապա երկարաձգվել է հոկտեմբերի 19-ին, 2017թ. հունվարի 19-ին, ապրիլի 19-ին, հուլիսի 19-ին, հոկտեմբերի 19-ին, 2018թ. հունվարի 19-ին։ OHAL-ըվերստին երկարաձգելու դիմումով Թուրքիայի կառավարությանը դիմել է Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ), որի նիստը նախագահել է Էրդողանը[12]։ Այն բանից հետո, ինչ կառավարությունը հավանության արժանացրեց այդ որոշումը, փաստաթուղթը ներկայացվեց ԹԱՄԺ-ին։ Վերջինս (386 կողմ) հաստատեց տվյալ որոշումը, ըստ որի՝ OHAL-ըերկարաձգվում է ևս 90 օրով՝ սկսած 2018թ. ապրիլի 19-ի ժամը 01։00-ից[13]։ Սա նշանակում է, որ առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացվելու են OHAL-իպայմաններում (թեև ԺՀԿ-ը պահանջել է չեղարկել OHAL-ը), ինչպես և 2017թ. անցկացվեց ՍԲՀ-ը։

Եվ, վերջապես, ի հայտ է գալիս գլխավոր հարցը. ինչո՞ւ Էրդողանն ընդհանրապեսհամաձայնեց անցկացնել նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ. չէ՞ որ այդ քայլով նա իր լիազորությունները կրճատեց ավելի քան մեկ տարով։ Սա վկայում է, որ Էրդողանը պարզապես վստահ է, որ կհաղթի առաջիկա նախագահական ընտրություններում, եթե դրանք անցկացվեն 2018թ. հունիսին և ոչ թե 2019թ. նոյեմբերին։ Նա մտավախություն ուներ, որ մինչև 2019թ. նոյեմբերը կարող էին մի շարք խնդիրներ ծագել, և որ հիմա շատ հարմարավետ պահ է արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Ինչո՞ւ։

1) Վերջին շրջանում Էրդողանի վարկանիշն աճել է՝ կապված երկու հիմնական գործոնի հետ՝ ռազմական ու տնտեսական։

Ռազմական գործոն- 2018թ. Աֆրինում (Սիրիա) մեկնարկեցԹուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որը դարձավ Էրդողանի փոքրիկ հաղթական պատերազմը։ Թուրքիան դրանով իսկ լուծեց իր համար կարևոր մի շարք խնդիրներ.ներկա փուլում վերացրեց քրդական երեք շրջանների (Աֆրին, Քոբանի, Ջիզրե) միավորման հնարավորությունը Սիրիայի հյուսիսում, ինչը կանխել էր դեռևս «Եփրատի վահանի» միջոցով, չեզոքացրեց Աֆրինից Միջերկրական ծով Սիրիայի քրդերի շարժվելու հնարավորությունը, կարևոր քայլ կատարեց ներկա փուլում Սիրիայի քրդերին դեպի Եփրատ գետի արևելյան ափը մղելու իր պլաններում, մեծացրեց սեփական ռազմական ներկայությունը Սիրիայում,ցույց տվեց Սիրիայի քրդերի պլաններին հակազդելուիր վճռականությունը։ Այս ամենը որոշակիորեն բարձրացրեց Էրդողանի վարկանիշը, հեղինակությունը երկրի ներսում։

Տնտեսականգործոն -2017թ. կարելի է որակել Թուրքիայի տնտեսական վերելքի տարի. Թուրքիայի արտահանումը կազմել է $160 մլրդ, ինչն Էրդողանը որակել է պատմական հաջողություն՝ հիշեցնելով, որ ԱԶԿ-ի իշխանության գալու ժամանակ այն կազմում էր ընդամենը $36 մլրդ[14]։ 2018թ. մարտին հայտնի դարձավ, որ 2017թ. Թուրքիան գրանցել է 7.4%-անոց տնտեսական աճ, ինչը գերազանցում է G20-ի ու ԵՄ-ի անդամ երկրների միջին ցուցանիշները։ Ավելին, այդ ցուցանիշով Թուրքիան դարձավ G20-ի առաջատարը[15]։Ընդ որում՝ 2017թ. երրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունն աճել է միանգամից 11.1%-ով[16]։ Մինչդեռ 2016թ. դեկտեմբերին թուրքական մամուլը չէր բացառել, որ տնտեսական ցուցանիշների վատթարացման պատճառով Թուրքիան կարող է դուրս մնալ G20-ից[17]։ Նշենք նաև, որ ապրիլի 18-ին ԱՄՀ-ը ընթացիկ տարում Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման իր ցուցանիշը բարձրացրեց մինչև 4.4%-ի[18] (փետրվարին էլ ԱՄՀ-ն իր կանխատեսումը 3.5%-ից բարձրացրել էր մինչև 4%-ի[19])։ Եվ, այնուամենայնիվ, թուրքական լիրայի արժեզրկումը, ինֆլյացիայի ու գործազրկության ցուցանիշները մտահոգիչ են, և թուրքական իշխանություններըհամոզված չէին, որ իրավիճակը չէր վատթարանա մինչև 2019թ. նոյեմբերը։

2) Խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նշանակելով ընդամենը երկու ամիս անց՝Էրդողանը,բնականաբար, ցանկանում էր հանկարծակիի բերել ընդդիմությանը, փաստի առաջ կանգնեցնել նրան, որպեսզի ընդդիմադիր ուժերը չհասցնեն պատշաճ ձևով պատրաստվել այդ կարևորագույն ընտրություններին (այդ խնդրին անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ը՝ Թուրքիայի իշխանություններին կոչ անելով հետաձգել ընտրությունների անցկացումը, քանի որ երկու ամիսը շատ փոքր ժամկետ է, որպեսզի ընդդիմությունը պատշաճ պատրաստվի ընտրություններին[20])։ Միևնույն ժամանակ Էրդողանը քաջատեղյակ էր, որ 2018թ. Թուրքիայում կայանալու են արտահերթ ընտրություններ և դրան զուգահեռ թուրքական իշխանությունները շարունակ հերքում էին նման հավանականությունը։ Բ. Բոզդաղն անգամ Բահչելիի վերոնշյալ առաջարկից հետո էր հայտարարում, թե ԱԶԿ-ը հավատարիմ է ընտրությունները սահմանված ժամկետում անցկացնելու ավանդույթին, և որ ԱԶԿ կառավարման տարիներին միակ բացառությունը եղել է 2007թ. հուլիսի 22-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը[21] (որի համար պատճառ է հանդիսացել այն, որ ԱԶԿ-ից նախագահի թեկնածու Աբդուլլահ Գյուլը խնդիրների էր բախվել խորհրդարանի կողմից երկրի նախագահ ընտրվելու հարցում)։ Այն, որ Էրդողանը գնում է արտահերթ ընտրությունների, ակնառու դարձավ դեռևս ընթացիկ տարվա մարտի վերջին, երբ նա հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն առաջիկա ընտրություններում կհավաքեն քվեների ամենամեծ մասը։ ԱԶԿ-ը կուսակցություն է, որն աշխատում է այնպես, կարծես թե ընտրությունները կարող են անցկացվել ցանկացած պահի։ Մենք այնպիսի շարժում ենք, որը մշտապես պատրաստ է ընտրությունների»[22]։

3) Եթե չնշանակվեին արտահերթ ընտրություններ, ապա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2019թ. նոյեմբերի 3-ին, իսկ դա նշանակում է, որ այդ ընտրությունները պետք է հաջորդեին 2019թ. մարտի վերջին նշանակվածՏԻՄ ընտրություններին։ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ը ՏԻՄ ընտրություններում (հատկապես քրդաբնակ նահանգներում) շատ ավելի քիչ քվեներ է հավաքում, քան ասենք խորհրդարանական ընտրություններում (դա կապված է Թուրքիայի ընտրական համակարգի առանձնահատկությունների հետ, երբ քրդական (քրդամետ) կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում չէին կարողանում հաղթահարել 10%-անոց ընտրաշեմը)։ Չենք բացառում, որ Էրդողանը պարզապես չէր ցանկանում, որ 2019թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացասաբար ազդեին իր կուսակցության վարկանիշի վրա և արտահերթ ընտրություններ նշանակելով՝ հասավ նրան, որ ՏԻՄ ընտրություններն արդեն ոչ թե նախորդելու, այլ հաջորդելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Այժմ ներկայացնենք արտահերթ ընտրությունների նշանակմանը Թուրքիայիառաջատար ընդդիմադիր ուժերի առաջին արձագանքները։

Ժողովրդա-հանրապետական կուսակցություն- Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների նշանակումը՝ Ք. Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ զարմացած չէ ԱԶԿ-ի նախագահի (Էրդողան) տվյալ որոշումից՝ ընդգծելով, որ իր կուսակցությունը «պատրաստ է» հաղթանակ տանել այդ ընտրություններում. «Էրդողանի հայտարարությունը վկայում է նրա թուլության մասին։ Ժողովուրդը պատրաստ է ձերբազատվել նրանցից։ 2018թ. կդառնա ժողովրդավարության տարի։ Մենք ընդունում ենք մարտահրավերն ու պատրաստ ենք քվեարկության»[23]։

Չնայած Քըլըչդարօղլուն հայտարարում է, որ ԺՀԿ-ը պատրաստ է շահել խորհրդարանական ընտրությունները՝ ակնհայտ է, որ ընտրություններում ԺՀԿ-ը չի կարող ստանալ շատ ավելի քվե, քան ԱԶԿ-ը՝ էլ չխոսած ԱԶԿ-ԱՇԿ դաշինքի մասին։ ԺՀԿ-ը Քըլըչդարօղլուի գլխավորությամբ իր լավագույն արդյունքը գրանցել է 2015թ. նոյեմբերի 1-ի կրկնական խորհրդարանական ընտրություններում՝ առաջին անգամ հաղթահարելով 12 մլն քվեի նշաձողը՝ 25.3%։ Ամենայն հավանականությամբ ԺՀԿ-ն այս անգամ էլ կստանա մոտավորապես նույնչափ քվե (կամ անգամ ավելի քիչ)։ Դրա համար էլ ԺՀԿ-ի (և ընդհանրապես ընդդիմության)համար չափազանց կարևոր է ընդդիմադիր մյուս ուժերի հետդաշինք ձևավորելը՝ հաշվի առնելով, որ անգամ իշխող ԱԶԿ-ն է գնացել տվյալ քայլին։

Այդ կապակցությամբ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը մշտապես պատրաստ է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությանը. «Մենք հանդիպումներ ենք անցկացնում այլ կուսակցությունների առաջնորդների հետ, իսկ հետոորոշում կընդունենք։ Բոլոր նրանք, ովքեր կողմ են ժողովրդավարությանը, ովքեր դեմ են ավտորիտար ռեժիմին, ովքեր ցանկանում են, որ մարդիկ ապրեն խաղաղության մեջ և կարողանան ազատորեն արտահայտել իրենց մտքերը, մենք նրանց հրավիրում ենք հունիսյան ընտրությունների»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջադրվելու է երկրի նախագահի պաշտոնում՝ Քըլըչդարօղլուն տվեց խուսափողական պատասխան՝ հայտարարելով, որ ամեն ինչ կհստակեցվի ընդդիմադիր այլ ուժերի հետ հանդիպումներից հետո[24]։

ԺՀԿ փոխնախագահ Օզթյուրք Յըլմազն իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, եթե կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն չդառնա թեկնածու. «Եթե ԺՀԿ առաջնորդը չառաջադրի իր թեկնածությունը, ես կանեմ դա»[25]։ Ի դեպ, թուրքական մամուլը հայտնել է, որ ԺՀԿ-ից երկրի նախագահի թեկնածու առաջադրվողների թվում շրջանառվում է 6 անուն, այդ թվում նաև Հալուք Քոչը, Իլհան Քասեջին ու Դենիզ Բայքալը (ԺՀԿ բազմամյա նախկին նախագահը)։ Սա նշանակում է, որ Քըլըչդարօղլուն կուսակցության ներսում ունի 5 մրցակից[26]։ Մեր կարծիքով՝ ԺՀԿ-ի հիմնական խնդիրը խարիզմատիկ առաջնորդի բացակայությունն է. Քըլըչդարօղլուն խարիզմատիկ առաջնորդ չի դիտարկվում Թուրքիայի մասշտաբով և, կարծես թեանգամ ԺՀԿ ներսում, ինչի մասին վկայում է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածուների թվաքանակը։

ԺՀԿ-ը,ըստ ամենայնի,«Լավ» կուսակցության հետ դաշինք կազմելու շեմին է։ Չի բացառվում, որ այդ դեպքում նախագահական ընտրություններում նրանց ընդհանուր թեկնածուն դառնա Աքշեները։ Դա բավական հավանական է ոչ միայն այն պատճառով, որ Աքշեները Քըլըչդարօղլուի հետ համեմատ շատ ավելի խարիզմատիկ առաջնորդ է, այլև նրա համար, որ Աքշեների կուսակցությանը կարող են զրկել ընտրություններին մասնակցելուց։ Պետք է ընդգծել, որ մեկ թեկնածուն չի կարող միաժամանակ առաջադրվել և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում։ Քըլըչդարօղլուն ու Աքշեները լավ են գիտակցում, որ եթե չձևավորեն դաշինք, ապա չեն կարողանա հաջողության հասնել արտահերթ ընտրություններում։ Ավելին, անգամ ԺՀԿ-ի ու «Լավ» կուսակցության դաշինքի ձևավորման դեպքում հաղթելու նրանց հնարավորությունները մեծ չեն։ Կարելի է հիշատակել այն, որ 2014թ. ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ը ձևավորել էին կոալիցիա և առաջադրել էին Էքմելեդդին Իհսանօղլուի ընդհանուր թեկնածությանը, սակայն վերջինս նախագահական ընտրություններում հավաքեց քվեների միայն 38.44%-ը, ինչն Էրդողանին չխանգարեց հաղթել նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում։

«Լավ» կուսակցությունՄ. Աքշեներին, որին Թուրքիայում անվանում են նախագահական մրցավազքում Էրդողանի հիմնական մրցակից, նույնպես չի զարմացրել արտահերթ ընտրությունների նշանակման որոշումը։Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների անցկացման մասին Բահչելիի կոչը՝ Աքշեները հայտարարեց, որ իր կուսակցության համար նշանակություն չունի, թե երբ կանցկացվեն նախագահական ընտրությունները՝ արտահե՞րթ, թե՞ ժամանակին. «Մենք մտահոգվելու բան չունենք։ Մենք կհաղթենք նախագահական ընտրություններում։ Լավ կուսակցությունը կգա իշխանության»[27]։ Աքշեներն ընդգծել է, որ պատրաստ է առաջնորդել իր երիտասարդ (մեկ տարուց էլ պակաս ժամանակ առաջ ստեղծված) կուսակցությանը, հաղթահարել ընտրաշեմն ու անցնել ԹԱՄԺ։ Սակայն կուսակցությանը կարող են թույլ չտալ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ նրա նահանգային կոնգրեսն անցկացվել է 2018թ. փետրվարի 26-ին, և դրանից հետո չի անցել վեց ամիս։ Կուսակցության փոխնախագահ Այթուն Չիրայի խոսքերով՝ վերջին օրերի գլխավոր հարցը դարձել է ընտրություններին «Լավ» կուսակցության մասնակցել-չմասնակցելու հարցը. «Օրենքով նոր կուսակցությունը պետք է կազմավորման համար նախապատրաստական ու կազմակերպական բոլոր աշխատանքներն ավարտի ընտրություններից առնվազն վեց ամիս առաջ։ Դա նշանակում է, որ «Լավ» կուսակցությունը հունիսի 28-ից հետո կարող է մասնակցել ամեն տիպի ընտրություններին, և որ խնդիրը չորս օրվա մեջ է»[28]։

Ստացվում է, որ եթե արտահերթ ընտրությունները նշանակվեին օգոստոսի 26-ին, ինչպես որ առաջարկում էր Բահչելին, «Լավ» կուսակցությունը կկարողանար անարգել մասնակցել դրանց։ Սակայն Էրդողանն ընտրեց հունիսի 24-ը, և ակնհայտ է, որ նա այդ կերպ ձգտում էր«Լավ» կուսակցությանը զրկել արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եթե «Լավ» կուսակցությունը չկարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա (արմատական) ազգայնամոլների շրջանում կառաջացնի վակուում, որը կփորձեն լցնել ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը։ Ամեն դեպքում Մ. Աքշեները կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, ինչը զգալի խոչընդոտ կդառնա Էրդողանի համար, քանի որ Աքշեները կխլի ազգայնամոլների քվեների զգալի մասը (դրա հետ մեկտեղ Աքշեները չի կարող հույսեր կապել քուրդ ընտրազանգվածի քվեների հետ)։ Աքշեները մտադիր էր նախագահի թեկնածու դառնալու համար հավաքել 100.000 ստորագրություն, սակայն դրա անհրաժեշտությունը վերացավ 2018թ. ապրիլի 23-ին (ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ԹԱՄԺ-ի հիմնադրման 98-ամյակին), երբ ԺՀԿ-ի միանգամից 15 պատգամավոր լքեց կուսակցության շարքերը և համալրեց «Լավ» կուսակցության շարքերը։ Դրանով իսկ ԹԱՄԺ-ում ԺՀԿ-ի պատգամավորների թիվը նվազեց մինչև 116-ի, իսկ «Լավ» կուսակցության պատգամավորների թիվը 5-ից աճեց մինչև 20-ի։ Դա «Լավ» կուսակցությանը հնարավորություն տվեց խմբակցություն ձևավորել ԹԱՄԺ-ում ու հստակեցնել ընտրություններին իր մասնակցելը։ Ակնհայտ է, որ ԺՀԿ-ական պատգամավորների այս քայլը եղել է Քըլըչդարօղլուի ու Աքշեների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք։ Ակնկալվում է, որ ԱՇԿ-ական 5 պատգամավոր նույնպես կարող է համալրել «Լավ» կուսակցության շարքերը[29]։Այդպիսով ԹԱՄԺ-ում խմբակցություն ունի արդեն 5 քաղաքական ուժ, ինչն աննախադեպ է վերջին 16 տարիների համար։ 2002թ. նոյեմբերի 3-ի ընտրություններից առաջ ԹԱՄԺ-ում խմբակցություն ուներ 6 կուսակցություն, իսկ դրանից հետո ԹԱՄԺ-ում ամենաշատը ձևավորվել էր 4 խմբակցություն[30]։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն –Քրդամետ ԺԴԿ համանախագահ Սեզաի Թեմելին,մեկնաբանելով արտահերթ ընտրությունների նշանակումը, հայտարարեց. «Թուրքիան ներկայումս գտնվում էխորը ճգնաժամի մեջ, և ոչ միայն տնտեսական։ Երկիրը գլորվում է դեպի քաղաքական, տնտեսական ու իրավական ճգնաժամ, որը մենք՝ բոլորս, դիտարկում ենք արդեն ոչ մեկ տարի։ 2018թ. ռազմավարական տարի է։ Ինչպես և նախկինում, այսուհետ նույնպես մենք պայքարելու ենք ժողովրդավարության համար։ Մենք խուճապի մեջ չենք»[31]։ ԺԴԿ մյուս համանախագահ Փերվին Բուլդանն էլընդգծեց, որ իր կուսակցությունը չի վախենում արտահերթ ընտրություններից. «Եթե դուք որոշում եք ընդունել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, ապա մենք՝ ԺԴԿ-ը, կասենք՝ «Եկե՛ք»։ Մենք պատրաստ ենք ընտրություններին։ Եկել է ԱԶԿ-ին հուղարկավորելու և նրա կառավարմանը վերջ դնելու ժամանակը։ Ընտրությունները հիանալի հնարավորություն են դրա համար»։ Բուլդանը հավելել է, որ իրենք նպատակադրվել են հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում[32]։ Ի դեպ, Բուլդանի այս խոսքերը ծաղրի առարկա դարձան թուրքական ԶԼՄ-ներում[33]։

Թեև ապրիլի 20-ին Բուլդանը հայտարարեց, որ իր կուսակցությունն այսօրվանից սկսած հայտարարում է մոբիլիզացիա[34], ակնհայտ է, որ ԺԴԿ-ը չունի արտահերթ խորհրդարանական ունախագահական ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն։ 2014թ. ԺԴԿ-ից նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը կարողացել է հավաքել քվեների միայն 9.76%-ը (Դեմիրթաշն այս անգամ նույնպես կարող է դառնալ ԺԴԿ-ի նախագահի թեկնածուն, թեև գտնվում է կալանքի տակ[35])։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում ԺԴԿ-ի հնարավորություններին, չենք բացառում, որ կիսաջախջախված վիճակում գտնվող այս կուսակցությանը վերստին կհաջողվի հաղթահարել 10%-անոց ընտրաշեմն ու հայտնվել ԹԱՄԺ-ում (2015թ. ԺԴԿ-ին հաջողվել է երկու անգամ՝ հունիսյան ու նոյեմբերյան ընտրություններում, հաղթահարել այդ ընտրաշեմը՝ հավաքելով քվեների 13.12%-ը և 10.76%-ը)։ Թուրքիայի քրդերին պետք է որ մտահոգի ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը. ԱԶԿ-ը, որը սովորաբար մեծ թվով քվեներ էր հավաքում արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ նահանգներում (նախկինում քրդերին առնչվող որոշ բարեփոխումներ անելու, քրդերի շրջանում իսլամական գործոնը խաղարկելու, տնտեսական ցուցանիշների և այլ պատճառներով), ԱՇԿ-ի հետ դաշինք կազմելու համար կարող է կորցնել այդ քվեները։ Իսկ դա հնարավորություն կդառնա ԺԴԿ-ի համար, որպեսզի նա հաղթահարի ընտրաշեմը։ Չենք բացառում, որ ԺԴԿ-ը նույնպես կգնա այլ կուսակցությունների հետ ընտրական դաշինք ձևավորելու քայլին։

Երջանկություն կուսակցություն –Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Բահչելիի առաջարկը ողջունեց նաև ԵԿ նախագահ Թեմել Քարամոլաօղլուն՝ հայտարարելով, որ Թուրքիան անկարող է հետագայում զարգանալ երկրում ստեղծված ներկայիս պայմաններում. «Իշխող կուսակցությունն անկարող է գտնել այն խնդիրների լուծումը, որոնք ծագել են ինչպես տնտեսությունում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։ Թուրքիային անհրաժեշտ են ելք ու փոփոխություններ։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է արագացնել իրադարձություններն ու անցում կատարել փոփոխություններին»[36]։ Քարամոլաօղլուն արդեն իսկ հանդիպել է Քըլըչդարօղլուի հետ և չի բացառել ԺՀԿ-ի հետ դաշինքը։ ԵԿ նախագահը նաև հնչեղ հայտարարություն արեց՝ նշելով, որ պատրաստ է համոզել Ա. Գյուլին՝ մասնակցելու համար նախագահական մրցավազքին և միավորել նրանց, ովքեր դժգոհ են ԱԶԿ ներկայիս կուրսից[37]։

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլին թուրքական մամուլում հրապարակումներ եղան, որ Գյուլը կարող է գլխավորել ԵԿ-ը (ԵԿ-ը կարող է ընտրություններում իր կողմը գրավել ԱԶԿ իսլամական ընտրազանգվածի մի մասին)[38]։ Դրա հետ կապված՝ Թ. Քարամօլաօղլուն հայտարարեց, որ կուսակցության դռները բաց են Ա. Գյուլի և յուրաքանչյուր մարդու առջև, որոնք ելք են փնտրում ստեղծված իրավիճակից։ Դրա հետ մեկտեղ Քարամոլաօղլուն ընդգծեց, որ տեղյակ չէ, թե արդյոք Գյուլը կմիանա իրենց կուսակցությանը, սակայն ուրախ կլիներ, եթե դա տեղի ունենար[39] (ներկայումս անգամ չի բացառվում, որ Գյուլը կարող է դառնալ ԺՀԿ-ից նախագահի թեկնածու[40]

Դեռևս մեկ տարի առաջ կարծիք ենք հայտնել, որ Թուրքիայում Էրդողանից ձերբազատվելու միակ հույսը մնում է Գյուլը, ով շատերի (ՍԲՀ-ի ժամանակ «ոչ» ասածների)համար կլինի նախագահի ընդունելի թեկնածու։ Եթե Գյուլը համաձայնի դառնալ ընդդիմության ընդհանուր թեկնածու և ստանա Էրդողանից դժգոհ հատվածի աջակցությունը, ապա դա էապես կփոխի իրավիճակը։Արտահերթ ընտրությունների նշանակումից հետո թուրքական ANAR հետազոտական կենտրոնը հայտնեց, որ Գյուլն ընդդիմության ընդհանուր թեկնածու դառնալու դեպքում առաջիկա նախագահական ընտրություններում կկարողանա հավաքել քվեների 48.5%-ը[41]։ Ակնկալում ենք, որ երկրի ներսում նախագահական ընտրությունների եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ փուլում Գյուլին կարող է աջակցել հենց ԱԶԿ ընտրազանգվածի մի զգալի մասը (կուսակցության ներսում և ընդհանրապես Էրդողանի միանձնյա կառավարումից դժգոհ հատվածը. Գյուլը բարձր վարկանիշ ունի ԱԶԿ-ում, Գյուլն ԱԶԿ հիմնադիրներից է), քրդերը (Գյուլն ունի ավելի մեղմ մոտեցումքրդերի հանդեպ, որոնց, ինչպես արդեն նշվեց, պետք է մտահոգի ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը), անգամ գյուլենականները (Էրդողանից ամեն գնով ձերբազատվելու մղումը + գաղափարական (իսլամական) մերձեցում)և ԺՀԿ ընտրազանգվածը (Էրդողանից ամեն գնով ձերբազատվելու մղումը)։ Բացի այդ, Գյուլը կարող է ստանալ Թուրքիայի հարևան գրեթե բոլոր երկրների, ինչպես նաևԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը, որոնց հոգնեցրել են Էրդողանի հայտարարություններն ու գործողությունները։

Ընդ որում, եթե Գյուլը դառնաընդդիմությունից նախագահի ընդհանուր թեկնածու (նրա ընդհանուր թեկնածությանը կարող են աջակցել Ք. Քըլըչդարօղլուն, Մ. Աքշեները և Թ. Քարամոլաօղլուն), ապա Էրդողանը հազիվ թեկարողանա հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Իսկ ահաերկրորդ փուլում գերադասելի կլինեն հենց Գյուլի հնարավորությունները, քանի որ այդ փուլում ընտրազանգվածը հարկադրված կլինի ընտրություն կատարել, թերևս, Գյուլի և Էրդողանի միջև։ 2018թ. արտահերթ ընտրությունների նշանակումը միտված էր նաև Գյուլի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունները նվազեցնելուն, նրան փաստի առջև կանգնեցնելուն։ Սակայն դեռ ժամանակ կա, և Գյուլը կարող է դառնալ նախագահի թեկնածու և խառնել Էրդողանի խաղաքարտերը։ Այդպիսով Գյուլը հիրավի կարող է դառնալ առաջիկա նախագահական ընտրությունների «գլխավոր աստղը»և դրանց արդյունքներով դառնալ Թուրքիայի 13-րդ նախագահ, ընդ որում՝ նախագահական աննախադեպ լայն լիազորություններով, որոնց մասին վաղուց երազում էր Էրդողանը։ Դա կատարյալ ձախողում կլինի «Նոր Թուրքիա» ստեղծող Էրդողանի համար։ 

Ամեն դեպքում Գյուլի կողմից ընդդիմության ընդհանուր թեկնածու դառնալը բավական բարդ գործընթաց է։ Քարամոլաօղլուն տվյալ հարցն արդեն քննարկել է ինչպես Քըլըչդարօղլուի, այնպես էլ՝ Աքշեների հետ։ Հանդիպումների արդյունքներով հայտնի է դարձել, որ այդ հարցում Գյուլին աջակցում է Քըլըչդարօղլուն, իսկ Աքշեները՝ ոչ։ Ընդ որում, Աքշեները հայտարարել է, որ ոչ միայն Գյուլին, այլևիրեն էլ չի տեսնում ընդդիմության ընդհանուր թեկնածուի դերում։ Աքշեները Քարամոլաօղլուին հայտնել է, որ ոչ մի դեպքում չի հանի իր թեկնածությունը, այդ թվում նաև հանուն Գյուլի (ընդհանուր) թեկնածության առաջադրման։ Դրա հետ մեկտեղ Աքշեներն ընդգծել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում բնական կլինի, որ ընդդիմությունը հավաքվի իր այն թեկնածուի շուրջ, որը կհայտնվի երկրորդ փուլում։ Քարամոլաօղլուի խոսքերով՝ Աքշեները նաև «կանաչ լույս» է վառել խորհրդարանական ընտրություններում դաշինք ձևավորելու առջև[42]։

Աքշեների այս խոսքերը վկայում են, որ նա պատրաստ է աջակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուին (ով, մեր կարծիքով, կլինի Ա. Գյուլը, եթե իհարկե վերջինս առաջադրի իր թեկնածությունը)։ Ակնկալում ենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Աքշեների մասնակցությունն անգամ դրական խորապատկեր կստեղծի Գյուլի համար, քանի որ ազգայնամոլական բնույթի՝ իր ավելի խիստ հայտարարություններով հայտնի Աքշեները կկարողանա խլել «Էրդողան-Բահչելի» (ԱԶԿ-ԱՇԿ)դաշինքի ազգայնամոլական ընտրազանգվածի մի մասը։ Իսկ դա Էրդողանին հնարավորություն չի տա հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում։

Այսպիսով, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերն արդեն ամբողջական կամ մասնակի ողջունել են երկրում արտահերթ ընտրությունների նշանակումը, պատրաստակամություն են հայտնել մասնակցել դրանց և մրցակցել ԱԶԿ-ԱՇԿ դաշինքի հետ։ Այժմ նրանցկարող է միանալ «Մեծ Միասնություն» կուսակցությունը (ՄՄԿ)[43], ինչնէական նշանակություն չի ունենա (2015թ. նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններում ՄՄԿ-ը հավաքել է ավելի քան 253.000 քվե՝ 0.53%)։ Ամեն դեպքումընդդիմադիր ուժերին չի կարող չմտահոգել այն, որ խորհրդարանական ու նախագահական հերթական ընտրություններն անցկացվելու են ոչ թե 2019թ. նոյեմբերի 3-ին, այլ՝ 2018թ. հունիսի 24-ին, քանի որ դրանով զրկվում ենընտրություններին պատշաճ պատրաստվելու հնարավորությունից, մինչդեռ ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը երկար ժամանակ պատրաստվել են արտահերթ ընտրություններին՝ կանխավ իմանալով, որ դրանք նշանակվելու են 2018թ.։

Ընթացիկ տարում Էրդողանն այցելել է երկրի բազմաթիվ նահանգներ, ելույթներ է ունեցել, ըստ էության՝ անցկացնելով նախընտրական արշավ։ Ներկայումս Թուրքիայում մեկնարկել էքաղաքական առևտրի ժամանակաշրջան. քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում միմյանց հետ, քննարկում են դաշինքների ստեղծման և անգամ կանխարգելման հնարավորությունը (Էրդողանը թերևս կփորձի Գյուլին հետ պահել սեփական թեկնածությունն առաջադրելուց և չենք բացառում, որ Թուրքիայի նախագահն ապրիլի 24-ին հենցտվյալ հարցը քննարկած լինի ԱԶԿ հիմնադիրների, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ հանդիպման ժամանակ, ինչը թուրքական մամուլը որակել է որպես անակնկալ հանդիպում[44])։ Կարծում ենք, որ Գյուլը գիտակցում է, որ Թուրքիայում միայն ինքն է ունակ միավորել ընդդիմադիր ուժերին ու ձեռնոց նետել Էրդողանին, ինչի համար էլ նա կդառնա նախագահի թեկնածու՝ փորձելով Թուրքիան ազատել Էրդողանից։

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսով, մոտ երկու ամիս անց՝ հունիսի 24-ին, Թուրքիայում կայանալու են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, և արդեն նշմարելի են երկու հակադիր ճամբարների ուրվագծերը՝ «ԱԶԿ-ԱՇԿ-ՄՄԿ» (Էրդողան) և «ԺՀԿ-ԼԿ-ԵԿ» (Գյուլ)։ Նման պայմաններում քուրդ ընտրազանգվածի ձայնը կարող է լինել վճռորոշ։ Թեև քրդերը նախկինում իրենց քվեների մի զգալի մասը տվել են Էրդողանին ու ԱԶԿ-ին, սակայն այս անգամ իրավիճակն այլ է, քանի որ Էրդողանը մի շարք կարևոր հարցերում հիասթափեցրել է նրանց։ ա) Էրդողանը վաղուց ձախողել է «քրդական բարեփոխումների» հարցը, որոնք այլևս օրակարգում չեն (Էրդողանն անգամ չի ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունի «քրդական հարց»), բ) 2015թ. ամռանից Էրդողանը, առաջնորդվելով քաղաքական (ընտրական) դրդապատճառներով, վերսկսել է PKK-ի դեմ պատերազմը, գ) ԹՀ պատմության մեջ առաջին անգամ (2015թ.) ԹԱՄԺ անցած քրդամետ կուսակցությունը՝ ԺԴԿ-ը, դարձել է Էրդողանի զոհը, որը շարունակում է ջլատել նրան, դ) Էրդողանը դաշինքի մեջ է մտել Բահչելիի հետ, ով մշտապես խստապես քննադատել է քրդերին, ե) Էրդողանը մեծապես դեմ արտահայտվեց 2017թ. Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքների գործարկմանը՝ մեծ ներդրում ունենալով դրանք խափանելու հարցում, զ) վերջին շրջանում Էրդողանը պատժիչ գործողություններ է սկսել Սիրիայի քրդերի դեմ, որոնցից վերջինը «Ձիթենու ճյուղ» գործողությունն էր, է) Էրդողանը շարունակում է երկրի քրդաբնակ նահանգների ժողովրդագրական պատկերը փոխելու իր քաղաքականությունը, ը) Էրդողանը շարունակում է քրդաբնակ նահանգներում լուրջ ներդրումներ չանելու իր քաղաքականությունը։Թվում է, թե այս ամենը բավարար է, որպեսզի քրդերը չքվեարկեն Էրդողանի ու ԱԶԿ-ի օգտին, սակայն հակադիր ճամբարում էլ քրդերի համար կան զսպիչ գործոններ.Աքշեները նախկինում խստապես քննադատել է քրդերին, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, իսկ ԺՀԿ-ը (Աթաթուրքը) երկար ժամանակ վարել է քրդերին ճնշելու, ձուլելու քաղաքականություն։

Ընդգծենք, որ առաջիկա երկու ընտրությունների արդյունքները (հաղթողները) հիմնականումկանխատեսելի են (Գյուլի բացակայության պայմաններում)։ Էրդողանն ու ԱԶԿ-ն ունեն արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները։ Եթե թուրքական ընդդիմությունը չմիավորվի, չի ունենա հաղթելու որևէ հնարավորություն թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում։ Անգամ միավորման դեպքում ընդդիմության հաղթելու հնարավորությունները մեծ չեն։ Այդպիսով, ԱԶԿ-ի (Էրդողանի) հաղթարշավը կարող է շարունակվել մինչև 2023թ., երբ Թուրքիայում կնշեն հանրապետության 100-ամյակը, որին կդիմավորի ոչ թե Աթաթուրքի ԹՀ-ը, այլ՝ Էրդողանի «Նոր Թուրքիան»։

Հասկանալի է, որ նախագահական արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանը կստանա նախագահական աննախադեպ լայն լիազորություններ և է՛լ ավելի կկոշտացնի իր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը։ Դա նշանակում է, որ նման դեպքում կնվազի Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը (թեպետ տեսականորեն, եթե Էրդողանի դիրքերը չափազանց ամուր լինեն երկրի ներսում, նա կարող է գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չվախենալով առաջին հերթին ներքին սուր արձագանքներից)։ Մինչդեռ, եթե Թուրքիայի նախագահ վերստին դառնա Ա. Գյուլը, ապա դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման, երկկողմ հարաբերությունների կարգավորման համար՝ հաշվի առնելով նաև տվյալ հարցում Գյուլի ունեցած դիրքորոշումը(2014թ. մայիսին Գյուլը հիշեցրել էր, որ Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն է՝ հավելելով, որ դեռ հույս կա փրկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները[45])։Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը,իհարկե,հեշտ գործընթաց չէ, սակայն (Թուրքիայի կտրվածքով) դրա հավանականությունը հետագայում շատ ավելի մեծ կլինի, եթե ԹՀ նախագահական արտահերթ ընտրություններում հաղթի ոչ թե Էրդողանը, այլ՝ Գյուլը։

Ամեն դեպքում դեռ վերջնականապես հայտնի չէ, արդյոք Գյուլը կհամարձակվի դառնալ նախագահի թեկնածու՝ հարուցելով Էրդողանի ցասումը։ Եթե նախագահական ընտրությունները կայանային 2019թ. նոյեմբերին, ապա մեծ հաշվով կարելի էր չկասկածել դրանում։ Սակայն այժմ պատկերը փոխվել է. այդ ընտրություններն անցկացվելու են ընդամենը երկու ամիս անց, ինչը կարող է խոչընդոտ ծառայել, և Գյուլը չգնա նման ռիսկի։ Առաջադրման համար թերևս ամենակարևոր պայմանն այն է, որ Գյուլը կանխավ ստանա ընդդիմադիր հիմնական ուժերի աջակցությունը (գոնե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում)։ Ինչպես նշվեց, այդ հարցում որոշ խոչընդոտներ կան Աքշեների կողմից։ Սակայն խնդիրներ կարող են լինել նաևպետության աշխարհիկ ռեժիմի ջատագով ԺՀԿ-ի պարագայում՝ կապված Գյուլի չափավոր իսլամական հայացքների հետ։ Այդ համատեքստում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները կարող է կանխորոշել նաև թուրքական ընդդիմությունը՝ ողջախոհություն ցուցաբերելու պայմանով։ Ինչպես արտահերթ ընտրությունների նշանակումից օրեր առաջ դիպուկ նկատել է Ք. Քըլըչդարօղլուն, առաջիկա ընտրությունները կհստակեցնեն, թե ինչ կգրանցվի Թուրքիայում՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ բռնապետություն. «2019թ. կդառնա շրջադարձային պահ։ 2019թ. մենք կունենանք երկու տարբերակ՝ կա՛մ ժողովրդավարություն, կա՛մ բռնապետություն»[46]։ Թեև Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվելու են ոչ թե հաջորդ, այլ՝ այս տարի, դա չի փոխում ընտրական գործընթացի մասին Քըլըչդարօղլուի տվյալ խոսքերի էությունը։ Եթե թուրքական ընդդիմությունը հիրավի ցանկանում է, որ 2018թ. Թուրքիայում լինի ժողովրդավարության և ոչ թե բռնապետության տարի, նա պետք է համախմբված մոտենա առաջիկա ընտրություններին։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[2]Հայկ Գաբրիելյան, Թուրքիան սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո. «Նորավանք» ԳԿՀ, 11.05.2017

[4]Հայկ Գաբրիելյան, «Նոր Թուրքիա». պատմական ջրբաժաններ, «Նորավանք» ԳԿՀ, 03.11.2017

[12]OHAL 3 ay daha uzatılıyor, Habertürk, 17.04.2018

[31]HDP: Erken değil panik seçim, Sputnik Türkiye, 18.04.2018

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter