Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Արևիկ» ազգային պարկը հայտնվել է ոսկի որոնողների թիրախում. վարչապետի նախկին խորհրդականի ընտանիքը ևս հավակնություններ ունի



Նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական, ՀՀԿ անդամ Համլետ Հովսեփյանի որդու հիմնադրած «ԱՏ պլյուս» ՍՊ ընկերությունը մտադիր է Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել:

Նպատակը ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելն է, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանումն ու գնահատումը:

«Հետք»-ն արդեն գրել է, որ վարչապետի նախկին խորհրդականի և որդու մասնակցությամբ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն 2014-ին ստացել է Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք: Այն վավեր է մինչև 2022 թվականը: Ըստ ամենայնի, Հովսեփյանների ընտանիքը որոշել է ընդլայնել տարածքը և սկսել ուսումնասիրել պոտենցիալ ունեցող տարածքները:  

«ԱՏ պլյուս» ընկերությունը մտադիր է երկրաբանահետախուզական աշխատանքները սկսել այս տարվա երկրորդ եռամսյակից և ավարտել 2021 թվականի սկզբին:

Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերի տեղամասն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի և Քաջարան համանքի Լեռնաձոր գյուղի տարածքները: Հայցվող տարածքը զբաղեցնում է 255 հա մակերես:

Նախագծում հստակ նշվում է, որ նշված տարածքի 140 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում, իսկ 5 հա-ն անտառային հողեր են:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային պարկի տարածքի քարտեզագրման, գոտևորման սխեմայի կազմման, ազգային պարկի և դրա պահպանման գոտու սահմանների ճշգրտման աշխատանքները դեռևս չեն իրականացվել, ուստի մեր կողմից ազգային պարկի մաս կազմող և անտառային հողերի տարածքներում բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների կամ հողային ծածկույթի խախտումով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ չեն իրականացվելու»,- հայտարարել է «ԱՏ պլյուս» ՍՊԸ-ն:

Այս հայտարարությունից հարց է առաջանում, թե ինչու են ուրեմն այդ տարածքներն ընդգրկել իրենց ուսումնասիրությունների նախագծում, եթե որևէ աշխատանք չի կատարվելու:

«Արևիկ» ազգային պարկը վերջին շրջանում հայտնվել է ոսկի որոնողների թիրախում: Պարկի տարածքի հետ համընկնող տեղամասում՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում, ոսկի և պղինձ է որոնում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Պարկի հարակից՝ Խդեբանցի հանքերևակման տարածքում որոնողահետախուզական աշխատանքների հայտ է ներկայացրել «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ դրական եզրակացություն է ստացել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. ՀԱՐԳԵԼԻ «ՀԵՏՔ» - ին՝ ընթերցողից21:30 - 26 ապրիլի, 2018
Իսկ «Նիգ մայնինգ» - ի տերն ով է՜: Դատելով անունից, ապարանցի կլինի, որից էլ հետեւում է, որ դատախազի հարազատ կլինի: Կխնդրեինք հայտնել, եթե հնարավոր կգտնեք: Բայց վայ թե ուրբաթը շաբաթից շուտ գա ու «Արեւիկը» փրկվի:
2. Քրիստինե11:16 - 27 ապրիլի, 2018
Հարգելի ընթերցող «Նիգ մայնինգ»-ի նախագծին ու բաժնետերերին անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ: Այս հղմամբ կարող եք կարդալ: http://hetq.am/arm/news/85380/arevik-azgayin-parki-harakic-taratsqum-oski-en-oronelu.html Շնորհակալություն
3. 2 - ԻՆ12:06 - 28 ապրիլի, 2018
Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի Քրիստինե: Սրանք ոնց որ ակտիվացան, աչքիս շտապում են հանքերն «իրենցով անել» այս խառը ժամանակներին, բայց կարծես քիչ է մնացել ... որ կաշիները քերեն: Մեր ժողովրդին ու Նիկոլին հաջողություն!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ