HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական մասնակցությամբ ընկերություններն արդյունավետ չեն գործում

Մասնավորեցման ծրագրերում ընդգրկված պետական մասնակցությամբ որոշ ընկերությունների գույքը և դրամական միջոցները տնօրինվում և կառավարվում են ոչ արդյունավետ: Այս մասին իր 2017թ. ընթացիկ հաշվետվության մեջ նշել է Վերահսկիչ պալատը: Վերջինս նման եզրակացության է հանգել ուսումնասիրելով «Հրազդան մարզահամալիր», «Ձիասպորտի կենտրոն», «Ավտոմատիկա» ՓԲԸ-ները և «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն:

Մասնավորապես, ըստ Վերահսկիչ պալատի՝ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները կառավարության որոշմամբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից 2010թ. օգոստոսի 23-ի ընդունման-հանձնման ակտով փոխանցվել են Պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերությունն իրականացնում է մարզական-թատերականացված տոնահանդեսների, միջոցառումների կազմակերպման գործունեություն:

«Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի շենքերի և շինությունների մակերեսը կազմում է 948,35 քմ, իսկ հողամասի չափը՝ մոտ 4 հա, որից շուրջ 3,5 հա զբաղեցնում է մարզադաշտը՝ սպասարկող հողատարածքով:

Ընկերության ամբողջ գույքը 2001թ-ի դեկտեմբերի վերջին մինչև 2050թ. տրամադրվել է վարձակալության «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին, որի սեփականատերը  ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:

Ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակի մեջ: Մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից գոյացած միջոցներից: Իսկ գույքի վարձակալը՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն, հանդիսանալով «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ի իրավահաջորդը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. վճռով ճանաչվել է սնանկ:

«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վարչությանը փոխանցվել են դարձյալ 2010թ. օգոստոսին: Ընկերության գործունեության ոլորտը ձիավարության ուսուցումն է:

Նշենք, որ ընկերության շենքերի և շինությունների մակերեսը կազմում է 10413,4 քմ, իսկ հողամասի չափը՝ 29,8 հա: Ընկերության ողջ գույքը 2004թ. կնքված վարձակալության պայմանագրով 23 տարի 11 ամիս ժամկետով տրվել է «Վերածնունդ-Հայրապետյան» ՍՊԸ-ին:

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում հողամասի կառուցապատման, առողջարարական և կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով ներդնել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ներդրված գումարն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո միայն պետք է իրականացվի վարձակալական գումարների վճարում՝ ստացված մաքուր շահույթի 20%-ի չափով: Իսկ այն դեպքում, երբ վարձակալն իր հաշվին և վարձատուի համաձայնությամբ կատարել է վարձակալած գույքի անբաժանելի բարելավումներ, ապա պայմանագրի դադարեցումից հետո իրավունք ունի վարձատուի կողմից այդ բարելավումների արժեքի հատուցման:

Ըստ Վերահսկիչ պալատի՝ ընկերությանը վարձավճարներ չեն վճարվել, քանի որ «Վերածնունդ-Հայրապետյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ներդրված շուրջ 2,9 մլն դոլարին համարժեք գումարը չի փոխհատուցվել:

Ընկերությունը հայտնվել է ծանր վիճակում: Վերահսկիչ պալատի ուսումնասիրության համաձայն՝ ընկերության մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից, ինչը չի կատարվել: Նույնիսկ տնօրենին աշխատավարձ չի հաշվարկվել և չի վճարվել:

Ինչ վերաբերում է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ին, ապա ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը 2015թ. փոխանցվել է պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20% բաժնեմասի բաժնետերերը 1456-ն են:

Գործարանի «Գնոմոն» ընկերությունը վնասով է աշխատում և կուտակել է պարտքեր: Ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում և, ըստ Վերահսկիչ պալատի, տարիներ շարունակ աշխատել է խոշոր չափերի վնասով: 2016թ. վնասը կազմել է մոտ 102 մլն դրամ, իսկ առաջին կիսամյակի վնասը՝ մոտ 56 մլն: Այս ամենը հաշվի առնելով՝ ընկերության կողմից պետական բյուջե շահաբաժին չի փոխանցվել:

«Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 80%-ը ևս պետական սեփականություն է: Դրանց կառավարման լիազորությունը վարչությանը փոխանցվել է 2015թ. մարտի 31-ին: Վերահսկիչ պալատի ուսումնասիրության համաձայն՝ ընկերությունը գործունեություն չի ծավալում, ունի 3 աշխատող:

Կառավարության որոշման համաձայն՝ ընկերությանը տրամադրվել է մինչև 5 տարի մարման ժամկետով մոտ 89 մլն դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8,5 % տարեկան տոկոսադրույքով: Վարկը մարելու նպատակով «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի և «ՌԱՖԱԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի միջև կնքվել է գույքի վարձակալության պայմանագիր:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ բյուջետային վարկով մարվել է ընկերության մոտ 89 մլն դրամի պարտավորությունը: «Տվյալ դեպքում ռիսկային է վարկի նպատակային օգտագործումը և մարումը»,-եզրակացրել է Վերահսկիչ պալատը:

Վերջինս պետական գույքի կառավարման վարչությանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել ոչ արդյունավետ կառավարվող պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կասեցման, լուծարման և վերջիններիս կուտակած պարտավորությունների մարման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter