HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ղարիբ Հարությունյան. «Գյումրիում հարթակը չպիտի դառնա քաղաքական շահարկման առարկա»

Գյումրիում 12 օր առաջ սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիաների կազմակերպիչներն այսօր Թատերական հրապարակում ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելու անցած օրերի կատարածն ու խոսելու առաջիկա անելիքների մասին: Նման որոշման համար հիմք էր ծառայել նաեւ երեկ երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում ԲՀԿ-ի ներկայացուցիչ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ելույթը, որի պատճառով հանրահավաքին ներկա մտավորականների մի մասը պարզապես հեռացել էին:

«Գյումրին, ինչպես գիտեք, առաջիններից էր, որ միացավ ցանցային շարժմանը, որ համազգային բնույթ էր կրում, եւ իր ուրույն մասնակցությունն ունեցավ, քանի որ մենք միշտ էլ տարբերվել ենք մեր ազատ խոսքով ու մտածողությամբ: Իհարկե, առաջին օրերին մենք դեռ այսքան շատ չէինք, ինչպես հիմա, որովհետեւ մարդիկ դժվարությամբ էին հավատում շարժմանը, գաղափարին ու հաղթանակին: Իսկ վերջին օրերին արդեն մեր ցույցերը բազմահազարանոց էին: Հաղթանակից հետո սպասելի էր, որ շարժմանը միանալու են մարդիկ, որոնք անգամ մեկ լումա ներդրում չեն ունեցել ու միայն քաղաքական ինչ-ինչ նկրտումներից ելնելով` հայտնվեցին մեր շարքերում: Պետք է սա էլ հասկանալ, նաեւ ձեւ գտնել, որ տիրապետող չդառնա»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Բանախոսը նաեւ նկատեց, որ ծառը պտուղից է ճանաչելի, ու հասարակությունը շատ լավ գիտի, թե ով է դիմացինը: Վստահ է, որ մարդիկ հստակ տեսան, թե Գյումրիում գործընթացն ինչպես սկսվեց, ովքեր էին կազմակերպիչներն ու մասնակիցները, ինչ ակտիվություն ու ներգրավվածություն ունեցավ երիտասարդությունը, եւ դժվար է լինելու այդ ամենն ինչ-որ մեկի կողմից թեկուզ առերեւույթ յուրացնելը:

Կազմակերպիչներից Ղարիբ Հարությունյանը, խոսելով հարթակում հայտնվող ոչ այնքան ցանկալի մարդկանց մասին, ասաց, որ իրենք չեն կարող արգելել խոսել ցանկացող մեկին արտահայտվել, սակայն այսօրվանից կկարգավորեն խնդիրը:

«Եթե Երեւանում մեկ քաղաքական ուժ էր կանգնած այս ամենի հետեւում, Գյումրիում շարժումը կազմակերպեցին մարդիկ, ովքեր կուսակցական չեն, պարզապես անհատներ էին, որոնք չուզեցին անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Եվ բնականաբար հարթակն էլ քաղաքացիների կողմից ստեղծված է ու բնականաբար պիտի իրենց էլ ծառայեր: Գուցե նաեւ սա էր պատճառը, որ խոսել ցանկացողներին չէինք մերժում՝ լրացուցիչ կոնֆլիկտներից խուսափելու համար: Բայց այսօր արդեն այլ օրակարգով կշարժվենք, հարթակում կլինեն մտավորականներն ու երիտասարդները: Հարթակը չպիտի դառնա քաղաքական շահարկման առարկա»:

Կազմակերպիչներից Արամ Գրիգորյանն էլ խոսեց քաղաքում ստեղծված անարխիկ մթնոլորտի՝ առանց պետհամարանիշերի մեքենաների անկանոն երթեւեկի, անհարկի հնչող ազդանշանների եւ ոստիկանության պասիվության մասին:

«Այսօրվանից կոչ ենք անելու, որ դադարեցնեն ազդանշան տալը, փողոցներ փակելը, որովհետեւ այդ էտապն արդեն անցած է: Մենք անպայման հանրահավաքի սկզբում կոչ ենք անելու, մանավանդ որ այսօր նորից ավտոերթ ունենք»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter