HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չկայացավ

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չեկավ Փաշինյանի հրավիրած բանակցությանը, որը պետք է կայանար այսօր` 12։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

Նիկոլ Փաշինյանը 12:00-ին մտավ բանակցությունների համար նախատեսված սենյակ ու նշեց, որ Կարեն Կարապետյանի տեղն այժմ զբաղեցնում է իր ուսապարկը:

Գնահատելով նրա բացակայության փաստը՝ Փաշինյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին: Եվ եթե նա վստահ չէ իր բանակցային հնարավորությունների վրա, ապա ինչպես է բանակցելու Ղարաբաղի հարցի շուրջ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ պաշտոնյաների Ռուսաստան կատարած այցերին, մասնավորապես, թե ինչու էին արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ու փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանը մեկնել Մոսկվա: «Նրանք Հայաստանում չունեն աջակցություն, և հավանաբար ուզում են տպավորություն ստեղծել, որ աջակցություն ունեն դրսում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը::

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը ևս ուզում է տպավորություն ստեղծել, որ աջակցություն ունի դրսից: Փաշինյանն, այդուհանդերձ, շեշետեց, որ այս գործընթացը Հայաստանի ներքին գործն է, և Ռուսաստանը, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն` որպես միջազգային իրավունքը հարգող երկրներ, չեն միջամտի հայկական ներքին իրավիճակին:

Անդրադառնալով ԱԺ-ում մանդատների քանակով վարչապետի ընտրությանը՝ Փաշինյանն ասաց, որ իրենք ունեն գլխավոր մանդատը, որը հայ ժողովրդի տված մանդատն է, ինչպես նաև սփյուռքի հազարավոր հայերի:

«Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանը պետք է նկատի ունենա ժողովրդի կարծիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Այդուհանդերձ, եթե շարունակաբար տապալվեն վարչապետի ընտրությունները, Փաշինյանի ասելով, մեծ հավանականությամբ` իրենք կբոյկոտեն ԱԺ նոր ընտրությունները:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կան երաշխիքներ, որ քվեարկության դեպքում բոլոր քաղաքական կուսակցություններն ու դաշինքները իր օգտին կքվեարկեն. նկատեց, որ բոլոր քաղաքական կուսակցություններն ու դաշինքները պետք է իրենց քաղաքական դիրքորոշումները հայտնեն հրապարակային:

Հիշեցնենք, որ երեկ՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել Կարեն Կարապետյանի հետ և շարունակել բանակցությունները իրենց առաջարկած օրակարգի շուրջ։ Փաշինյանը հայտնել էր՝ պատրաստ են սկսել բանակցային գործընթացի երկրորդ փուլը` պայմանով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը իմանա, թե ինչ է քննարկվում:

«Հանրապետականի հետ փակ դռների ետեւում չենք բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ հայտարարել ենք, որ ժողովուրդը մեր ղեկավարն է, եւ նրան պետք է հաշվետու լինենք մեր ամեն քայլի համար»,- ասել էր նա։ Փաշինյանը Կարեն Կարապետյանի հետ բանակցելու որոշումն ընդունել էր ՀՀԿ լիագումար նիստից հետո, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Հանրապետական խմբակցությունն, առանց նախապայմանների, պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց։ ՀՀԿ-ն բանակցելու մանդատ է տվել Կարեն Կարապետյանին:

Հավելենք, որ քիչ առաջ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: «Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի դրանից, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային: Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»,-ասվում է խոսնակի գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter