HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ իր վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։

- Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ  ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Լրագրողը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել փորձաքննության։

Հարցաքննության ընթացքում տուժողը ցուցմունք է տվել դեպքի մասին, ինչպես նաև հայտնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները։ Վերջինս ևս հարցաքննվել է, կատարվել առերես հարցաքննություն։ Լրագրողի մատնանշած անձը ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ տուժողի և կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ականատես վկաներ հայտնաբերելու, դեպքի ժամանակ նշված տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանների ինքնությունը պարզելու և հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

- Ապրիլի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։  

Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Լրագրող ՏՄուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ Տիրայր Մուրադյանի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ՝ կից տրամադրելով լուսանկարները։ Բացի այդ, հանձնարարվել է պարզել նաև դեպքի վայրում տեսանկարահանող սարքերի առկայությունը, դրանց պատկանելության վերաբերյալ տվյալները, հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter