HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բաշը մահացավ

Բաշը (իսկական անունը' Սամվել) մահացավ հունվարի 14-ին: Երբ մեկ շաբաթ առաջ ես նրա մասին ակնարկ էի գրում, նրա ծննդյան օրն էր, եւ հոդվածիս նախնական տարբերակում գրել էի, որ սա հաստատ նրա վերջին ծննդյան օրն է: Հետո իմ գործընկերներն առաջարկեցին այդ տողը հանել' ասելով, որ կենդանի մարդու մասին այդպես չի կարելի գրել: Ես հանեցի այդ նախադասությունը, բայց ներքուստ զգում էի, որ նրան մնացել է ընդամենը մի քանի օր:

Բաշը մահացավ հիվանդանոցում: Նրա մարմինը հյուծված էր, նա արդեն 18 օր ոչինչ չէր ուտում: Հիվանդանոցում Բաշը չէր կարողացել քնել մահճակալին: Նա անկողինն իջեցրել էր մահճակալից եւ պառկել գետնին: Ոչ մեկը չէր կարողանում նրան համոզել, որ պառկի մահճակալին: Ինը տարի գետնին քնած մարդը մահճակալին չէր կարողանում պառկել: Երբ հարցրի, թե ինչու է գետնին պառկել, ասաց. «Անկախ ինձանից գլորվում եմ մահճակալից»: Սակայն կյանքի վերջին օրը նա անցկացրեց մահճակալին, որովհետեւ արդեն անզոր ու անուժ պառկած՝ հեւում էր: Բժիշկները փորձում էին նրան մի քիչ կազդուրել, որպեսզի վիրահատեն ցրտահարված ոտքերը: Բայց ոչինչ չստացվեց:

Այդ օրը ես կատարված ծախսերի հաշվետվություն էի պատրաստում Նյու-Յորքի հայ ուսանողների ասոցիացիային ներկայացնելու համար, որոնք 200 դոլար էին ուղարկել Երեւանի թափառաշրջիկներին օգնելու: Բաշի համար արդեն գնել էի ներքնաշորեր, հագուստ, մի քանի օր սննդամթերք էի տանում:

Բաշը չէր ուտում, իսկ շորերը հագավ ընդամենը մի անգամ, մի մասն էլ ընդհանրապես չփորձեց: Նրան փրկելու մեր բոլորը ջանքերն իզուր էին:

Նույն օրը Կամերային երաժշտության տան մերձակա այգում հավաքված էին Ռուզանը, Նատաշան, Ռաֆոն, Նորոն, Միքոն եւ Գոռը: Ես չգիտեի, թե ինչպես պետք է հայտնեմ լուրը: Նատաշայի հետ սկսեցի զրուցել, նրա աչքերի տակը կապտուկներ էին: «Ինչու՞ է այդպես, ո՞վ է խփել»,- հարցնում եմ: Պարզվեց՝ նրան ծեծել է ընկերը, իսկ պատճառը Ռուզանն էր: Ընկերը Նատաշային ասել է. «Էդ պուտանկա Ռուզանի հետ ընկերություն չանես»: Նատաշան էլ ասել է' իմ ընկերուհուն մի՛ վիրավորիր: Արդյունքում ծեծվել է եւ եկել գիշերելու այստեղ:

«Բաշը այսօր մահացել է»,-ասում եմ ես:

Լռություն տիրեց: Բոլորը կարկամած ինձ նայեցին: Գոռը սկսեց բարձրաձայն արտասվել. «Հինգ տարի նրա հետ եմ անցկացրել, ախր»:

Հետո սկսեցին հիշել Բաշի արածները: Պարզվեց՝ նա հրաշալի մարդ էր: Բոլորին օգնում էր, հարգանք էր վայելում: Նրանցից ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է գտնել Բաշի որդուն, որը մի անգամ եկել էր հորը տուն տանելու: Եթե որդին չգտնվի, Բաշին կթաղեն անօթեւան մարդկանց համար նախատեսված գերեզմանում, եւ նրա շիրիմի վրա կդրվի հերթական համարը:

«Մի քանի օր առաջ ասաց՝ ես 104 տարի եմ ապրելու»,- հիշեց Նորոն:

Հետո նրանք սկսեցին խմել Բաշի հոգու հանգստության համար:

Հանկարծ Ռաֆոն ինձ քաշեց մի կողմ ու ասաց. «Խնդրում եմ, ինձ հանիր այստեղից, մի քիչ օգնիր, ես դուրս կգամ այս վիճակից»: Բաշի մահը սթափեցրել էր նրան:

Հրաժեշտ եմ տալիս' խոստանալով հաջորդ օրը այցելել նրանց:

Նրանք շարունակում են խմել օղին, որպեսզի հաղթահարեն հերթական ցուրտ գիշերը ու փորձեն մոռանալ Բաշին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter