HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ԱԺ խմբակցություններին մայիսի 1-ին դե յուրե ճանաչել ժողովրդի դե ֆակտո հաղթանակը

Սերժ Սարգսյանի, ապա` Կարեն Կարապետյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողություններն այսօր` ապրիլի 27-ին տեղափոխվեցին Գյումրի: Ինչպես երեկվա հանրահավաքում հայտարարել էր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մարտավարության փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ շարժման ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան:

Ժամը 3-ին Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթը Գյումրի հասավ 4 ժամում, քանի որ ճանապարհին տարբեր բնակավայրերից եկած քաղաքացիները դիմավորում եւ ողջունում էին նրանց:

Հանրահավաքում այսօր ելույթ ունեցան իչպես «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ, այնպես էլ «Իմ քայլը» շարժմանը միացած ուսանողներ, մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հարթակ բարձրացավ նաեւ Հայաստան ժամանած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին եւ Սփյուռքի աջակցությունը հայտնեց: «Մենք համոզված էինք, որ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի զարգացմանը, բայց ճանապարհները չգիտեինք: Մենք պետք է ձեզ նեցուկ կենանք: Շատ հայեր այսօր ձեզ հետ են աշխարհի տարբեր ծայրերում` ձեր հաղթանակի համար: Հատուկ շնորհավորանքի խոսքեր Սերժ Թանկյանից, Ատոմ Էգոյանից եւ մյուսներից: Դուք պիտի քաջալերեք Սփյուռքին, որովհետեւ այն էլ իր մեջ վախ ունի: Մենք կարող ենք անկախ պետություն ունենալ` առանց օտար ուժերի ներգործության: Մենք այսօր անկախ, ազատ Հայաստան ենք»,՞ ասաց Ա. Խանջյանը:  

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ բացի մի քանի հոգուց` ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է քայլերթով հաղթել: «Ոչ մի կասկած չունեմ, որ հաղթելու ենք: Այս օրերին տեսնում եք պաշտոնյաների, քաղաքական գործիչների, որոնք հայտարարում են, թե միանում են այս հեղափոխությանը: Շատ դեպքերում մարդիկ զայրանում եւ զարմանում են: Բայց հանդուրժող եղեք, հեղափոխությունների ժամանակ լինում է նման բան, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, հասկանւոմ են, որ սխալ են եղել: Վերանայումը հեղափոխության հատկանիշ է: Խաղաղությամբ հաղթելու ենք»,- ասաց Բարսեղյանը:   

Հանրահավաքը, ավանդույթի համաձայն, եզրափակվեց Նիկոլ Փաշինյանի ելույթով:

«Որեւէ կասկած չկա, որ այս ոգեղեն ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, կոռուպցիային, աղքատությանը, հզոր հաղթանակներ է գրանցելու տնտեսության բնագավառում, դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը եւ սկսելու է մի մեծ երթ աշխարհի անկյուններից դեպի այս սիրելի, անզուգական հայրենիքը: ՀՀ քաղաքացին ուղղել է իր մեջքը եւ վստահ հայացքով նայում է ապագային: Այսօր քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է, եւ այդ հաղթանակն անշրջելի է»,- իր խոսքն այսպես սկսեց շարժման առաջնորդը:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ հաղթանակը դե յուրե ամրագրելու միակ ճանապարհը ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելն է, եւ դա հիմնավորեց հետեւյալ կերպ. «Եթե ես իմանամ, որ կա որեւէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը եւ հաղթանակի զգացողությունը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից: Բայց քաղաքական լրջությունն ինձ հուշում է, որ չկա այլ տարբերակ, եւ ժողովրդի դե ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաեւ դե յուրե` մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում»:

Ճգնաժամի հաղթահարումը նա հնարավոր է համարում մեկ գործողությամբ` բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ. «...Որովհետեւ այն երկիրը, որտեղ որեւէ հանրապետական կարող է լինել վարչապետ կամ նախագահ, գոյություն չունի, սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու, սիրո, միասնության Հայաստանն է: Եվ ես հույս ունեմ` կա ինչ-որ մեկը, որ Կարեն Կարապետյանին եւ մյուս հանրապետականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին, երբ մենք Երեւան-Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք 4 ժամում»:

Իրենց կտրուկ գործողությունների կոչ անողներին Փաշինյանն ասաց, որ այդ գործողությունները վաղուց արված, ավարտված են, բայց «ոմանք Կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի («Տաշիր գրուպ»-ի ղեկավար-հեղ.) գլխավորությամբ ընդամենը խաղում են ժամանակի վրա»: «Եւս 3, 4, 5 րոպե կարող եք ձգել, բայց ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն, եւ շատ շուտով»,-հայտարարեց Փաշինյանը:

Ապա նա փորձեց փարատել այն մտավախությունները, թե իշխանության գալուց հետո իր թիմը տնտեսական, աշխարհաքաղաքական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ: «Մենք ամենեւին էլ Ռուսաստանի թշնամին չենք, բայց մենք առավելեւս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք արկածախնդիր ճանապարհներով: Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու: Մենք երբեք չենք ասել, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, որովհետեւ դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց նաեւ կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի եւ շատ ավելի երաշխիքներ ապահովի ՀՀ-ի եւ Արցախի համար: Այս հարցերը չպետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ: Մենք հաստատում ենք, որ ՀՀ-ն հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ ստորագրած «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին» եւ ԵԱՏՄ-ին: Սա չի նշանակում, որ մենք համարում ենք, որ ՀՀ համագործակցությունը երկուսի հետ անթերի է, այո, պիտի ձգտենք այդ հարաբերություններն անթերի դարձնել: Այսպիսի հզոր ժողովրդի աջակցությամբ մենք դա անխուսափելիորեն կանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա կրկին հայտարարեց, որ քաղաքական այս իրավիճակն ունի ընդամենը մեկ լուծում` ԱԺ բոլոր խմբակցությունները համաձայնությամբ ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրում ժողովրդի թեկնածուին եւ մայիսի 1-ին նրան ընտրում են ՀՀ վարչապետ:

«Ինչքան էլ այլ թեմաներ քննարկենք, սա այս իրավիճակի լուծման միակ ճանապարհն է, մնացածն ավելի է խորացնելու ճգնաժամը: Եթե հիմա ներգրավված է մի քանի հարյուր հազար մարդ, ապա այդ ժամանակ միանալու են միլիոններ»,-հայտարարեց շարժման ղեկավարը: Նա մատնանշեց Սերժ Սարգսյանի սխալը, երբ ինքը հանդես եկավ «Իմ քայլը» նախաձեռնությամբ. «...Ասում էր` Նիկոլի համար ո՞վ է հրապարակ դուրս գալու, չհասկացավ, որ մարդիկ Նիկոլի համար դուրս չեն գալիս, այլ իրենց արժանապատվության, իրավունքների համար»:

Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, եւ ինչքան շուտ Կարեն Կարապետյանն ընդունի այդ փաստը, այնքան լավ Հայաստանի եւ Արցախի համար:

«Մայիսի 1-ին` 8:00-ին, հեղեղում ենք մայրաքաղաքի փողոցները: Սա պատմական հանրահավաք է: Գյումրեցիները նշեցին, որ անկախության շարժումից հետո սա ամենահզոր հանրահավաքներից է, եւ այս օրը արժե նշանավորել ոչ պակաս հզոր երթով Գյումրիի փողոցներով: Մանավանդ որ իմ քայլարշավը սկսեցի ահա այս հրապարակից 28 օր առաջ: Ես գիտեի, որ Գյումրիի այս հրապարակից սկսելով` մենք հաջողության կհասնենք»,- խոսքն ավարտեց նա եւ առաջնորդեց քայլերթը Գյումրիի փողոցներով:

Վաղը նախատեսված է հանրահավաք Վանաձորում:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Հհկ-ն անմիջապե՛ս պիտի լսի ժողովրդին ու զիջի: ԱՆՄԻՋԱՊԵՍ:Այլապես ժողովուրդը ձեզ երբե՛ք չի ների (իր բոլոր հետևանքներով):Դեռ պատուհան ունեք՝ ձեր դեմքերը (գոնե փոքրիշատե) փրկելու համար:Սթափվե՛ք. զարթոնք ապրող ԺՈՂՈՎՐԴԻՆ ո՛չ մի ուժ չի կարող կանգնեցնել.ո՛չ ներքին,և ո՛չ արտաքին:ՆԻԿՈԼ՝ վարչապետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter