HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԴԱՀԿ ծառայությունը պահանջարկից ավելի անտիվիրուսային ծրագրեր և թուղթ է գնել

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտաբյուջետային միջոցների հաշվին 2016թ. «Սոֆթ Թայմ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 570 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր (անտիվիրուսային ծրագիր)՝ 8 մլն 236 հազար դրամ արժեքով: Վերահսկիչ պալատը պարզել է, որ ԴԱՀԿ ծառայության հաշվեկշռում 2016թ. առկա էր 521 հատ համակարգիչ, որից 11-ը եղել են անսարք և չեն շահագործվել:

Ըստ Վերահսկիչ պալատի՝ ծառայությունը պահանջից ավելի գնել է 867 հազար դրամի 60 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր:

Բացի այդ, ԴԱՀԿ ծառայությունը 2016թ. հունվարից մինչև հունիս ամիսներին դարձյալ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերել տպագրող և պատճենահանող սարքավորումների քարթրիջների լիցքավորման և վերանորոգման ծառայություններ: Այդ նպատակով յուրաքանչյուր ամիս «Նեոսիստեմ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տարվա առաջին 5 ամիսների համար կնքված պայմանագրերով մեկ հատ քարթրիջի լիցքավորման և վերանորոգման գինը սահմանվել է 1580 դրամ: Հունիս ամսվա համար, առանց հիմնավորման պայմանագրով գինը թանկացել է և սահմանվել 4000 դրամ:

Արդյունքում ԴԱՀԿ ծառայությունը հունիս ամսվա պայմանագրի շրջանակներում, ըստ հանձնման-ընդունման արձանագրությունների, 190 քարթրիջների լիցքավորման և վերանորոգման համար ավել է ծախսել մոտ 460  հազար դրամ:

Հարկ է նշել, որ 2016 և 2017 թվականներին  «գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով ԴԱՀԿ ծառայությունը ծախսել է համապատասխանաբար՝ 60 մլն 477 հազար և 98 մլն 72 հազար դրամ:

Ինչպես պարզել է Վերահսկիչ պալատը, թղթի գնման դեպքում էլ ավել գումարներ են վճարվել: Մասնավորապես՝ 2016թ. ԴԱՀԿ ծառայությունը «Փեն Բոքս» ՍՊԸ-ից պայմանագրով գնել է 4000 տուփ A4 ֆորմատի թուղթ՝ տուփը 1480 դրամով: Իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ից, 12 հաշիվ ապրանքագրերով գնել է 6550 տուփ A4 ֆորմատի թուղթ՝ մեկ տուփը 1638 դրամով:

Վերահսկիչ պալատը ստուգմամբ պարզել է, որ «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ից գնումների ընթացքում ծառայությունը խախտել է «Գնումների մասին» օրենքի պահանջը՝ միևնույն տեխնիկական բնութագիր ունեցող ապրանքը բաժանել է 1 մլն դրամը չգերազանցող չափաբաժինների և կատարել է առանց մրցույթ հայտարարելու ուղղակի գնումներ:

Արդյունքում ԴԱՀԿ ծառայությունը «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ից հաշիվ ապրանքագրերով թղթի մեկ տուփը գնել է 158 դրամով թանկ ծախսելով մոտ 1 մլն 35 հազար դրամ ավելի:

Գրեթե նույն գործընթացը տեղի է ունեցել նաև 2017թ-ին: Ծառայությունը «Սմարթլայն» ՍՊԸ-ից մայիս ամսին կնքած պայմանագրով գնել է 7500 տուփ A4 ֆորմատի թուղթ՝ մեկ տուփը 1410 դրամով: Իսկ հոկտեմբեր ամսին կնքած պայմանագրով նույն ընկերությունից ձեռք է բերվել 22,500 տուփ թուղթ՝ մեկ տուփը 1635 դրամով:

Ինչպես արձանագրել է Վերահսկիչ պալատը, մեկ տարվա ընթացքում ԴԱՀԿ ծառայությունը նույն մատակարարից թղթի երկրորդ խմբաքանակով մեկ տուփը գնել է 225 դրամով թանկ՝ ավել ծախսելով մոտ 5 մլն 62 հազար դրամ:

ԴԱՀԿ ծառայությունը արտաբյուջետային միջոցների հաշվին 2016թ. գնել է 40,550 տուփ A4 ֆորմատի թուղթ, որից 6550-ը՝ դեկտեմբեր ամսին: Իսկ 2017թ. գնվել է 30,000 տուփ թուղթ, կամ՝ 2,8 անգամ ավելի: 2017թ, գնված 11,460 տուփ թուղթը մինչև 2018թ, մարտի 1-ը ի պահ է հանձնվել մատակարարին, քանի որ տարվա պահանջարկն ամբողջությամբ բավարարված էր: Բացի այդ, ԴԱՀԿ ծառայության պահեստում տարեվերջին եղել է 5895 տուփ թղթի մնացորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter