HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կարեն Կարապետյանը չի կարող լինել կառավարության անդամ». փաստում են իրավաբանները

Ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Օրենքի ուժով հրաժարական ներկայացրեց նաև Կառավարությունը: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Կառավարության հրաժարականը: Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Առաջադրելու ժամկետը լրանում է ապրիլի 30-ին, և իշխող Հանրապետական կուսակցությունը հնարավոր է առաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Ազգային ժողովը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Իրավաբանները փաստում են, որ Կարեն Կարապետյանը չի համապատասխանում կառավարության անդամին Սահմանադրությամբ առաջադրված պայմաններից առնվազն մեկին, այն է՝ վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար նա ընդհանրապես չպետք է կառավարության անդամ լիներ, զբաղեցներ առաջին փոխվարչապետի պաշտոնը, իսկ այսօր արդեն իրականացներ վարչապետին վերապահված լիազորություններ:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 134-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվող մշտական բնակության ժամանակի հաշվարկը, ըստ որի՝ «Թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով»:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ին պարզաբանել է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայել է 719 օր: «719 թվի մեջ ներառված է նույնիսկ իր ՀՀ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածը, որի ընթացքում ՀՀ-ից բացակայել է 31 օր։ 719 օրից 31 օրը հանած ստացվում է 688 օր է դրսում եղել: Այսինքն՝ այստեղ որևիցե օբյեկտիվ հանգամանքեր չկան, որ նրա այս դրույթը չէր կարող բավարարել այդ պահանջին: Հետևաբար, Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով և նա բավարարում է և՛ Սահմանդրության, և՛ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված պահանջներին»,-ասել է Մ. Բիչախչյանը: 

Իրավաբանները կարծում են, որ Սահմանադրական օրենքը չի կարող մեկնաբանել կամ պարզաբանել Սահմանադրությունը։ Նման իրավասություն Սահմանադրությամբ ԱԺ-ին չի վերապահվել:

«Կանոնակարգի համաձայն ստացվում է, որ եթե անձը երկու տարի չի բնակվում ՀՀ-ում, իսկ այնուհետև երկու տարի և մեկ օր բնակվում է ՀՀ-ում, վերջինս կարող է հավակնել ԱԺ պատգամավորի և կառավարության անդամի աթոռի։ Այն է՝ անձը, որը երկու տարի մշտապես կամ երբեք չի բնակվել ՀՀ տարածքում կարող է որակվել որպես չորս տարի ՀՀ-ում բնակված, ինչը կարծում եմ բոլորս ենք լավ հասկանում, որ աբսուրդ է»,- ասում է իրավաբան Լևոն Գևորգյանը։ 

Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ դիմում է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ նշանակելու մասին նախագահի 18.04.2018թ. թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրը:

Ալումյանը նախագահի ուշադրությունը հրավիրել է Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի՝ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»: Իսկ պատգամավորին ներկայացվող պահանջներից մեկն էլ վերաբերում է վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելուն:

«Քաղաքացի Կարեն Կարապետյանը չի համապատասխանում պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներից առնվազն մեկին՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջին: Հետևաբար, նա չի կարող լինել Կառավարության անդամ: Իսկ Կառավարության անդամ, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում են վարչապետը, փոխվարչապետը և նախարարները: Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքացի Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ նախարարի պաշտոն: Նրան ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրն, այսպիսով, հակասահմանադրական է և ենթակա է վերացման՝ անվավեր ճանաչման»,- դիմումում նշել է Հայկ Ալումյանը:

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Խզմալյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ապրիլի 23-ին կառավարությունը, հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, փաստել է վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը և այդ հիմնավորմամբ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այժմ փոխարինում է վարչապետին:

Արա Խզմալյան

Պարոն Խզմալյանի խոսքերով՝ նման իրավական ձևակերպումը անհիմն է և հակասում է Սահմանադրությանը: Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը ոչ թե կատարել է հայտարարություն, այլ տվել է հրաժարական: Բացի այդ, սահմանադրությունը հստակ տարանջատում է պաշտոնատար անձի հրաժարականն ու լիազորությունների կատարման անհնարինությունը:

Նշենք, որ վարչապետի ապրիլի 21-ի որոշումով հաստատված «Վարչապետին փոխարինելու կամ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգ»-ի 4-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ վարչապետի բացակայության դեպքում փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունները՝ բացառությամբ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված՝ հրաժարական ներկայացնելու: Սա նշանակում է, որ հրաժարականի դեպքում փոխվարչապետը չի կարող փոխարինել վարչապետին:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 158.

Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը:

Նշված կարգով սահմանված է միայն վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետին վերապահված լիազորությունների մասին: Հրաժարականի մասով որևէ նորմ չկա, ուստի փոխվարչապետին նման իրավունք չի կարող վերապահվել, այդ իսկ պատճառով Կառավարությունն իր որոշմամբ փաստել է հենց անհնարինությունը՝ փորձելով ցուցաբերել «դիվանագիտություն»:

«Պաշտոնատար անձի հրաժարականը որևէ կերպ չի ենթադրում իր կողմից «իր լիազորությունների կատարման անհնարինություն», այլ նշանակում է դրանց կատարումից և առհասարակ զբաղեցված պաշտոնից այդ անձի հրաժարում: Այսինքն, վարչապետի հրաժարականի պարագայում առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հրաժարական տա, այլ ոչ թե փոխարինի վարչապետին: Ուստի 23.04.2018 թվականի Կառավարության որոշումը հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- կարծում է Արա Խզմալյանը:

Հավելենք, որ վարչապետի ապրիլի 21-ի որոշումով հաստատված կարգը հստակ սահմանում է, թե ինչ է վարչապետի բացակայությունը (հիվանդությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակությունը կամ արձակուրդում գտնվելը), որի դեպքում էլ վարչապետին փոխարինում է փոխվարչապետը: Սակայն, ոչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով, ոչ վերը նշված կարգով սահմանված չէ, թե ինչ է անհնարինությունը, երբ է այն առաջանում և այլն:

Մեկնաբանություններ (1)

Արթուր Բադալյան
Արմեն Սարգսյանը նույնպես չի կարող լինել ՀՀ Նախագահ, որովհետև մինչև 2013 թվականի Սեպտեմբերի 27 - ին Միացյալ Թագավորությունում ՀՀ Դեսպան նշանակվելը՝ ապրել է Մեծ Բրիտանիայում։ Այլ խոսքով՝ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարիներից միայն 4 տարի 5 ամիս է ապրել ՀՀ - ում։ Որտեղ է ապրել Արմեն Սարգսյանը 2012 թվականի մարտի 2 - ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 27 - ը??? Մեկ տարի 7 ամիս․․․․․․․․ չի հերիքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter