HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի ընտրության ընթացակարգը․ հայտարարված միակ թեկնածուն դեռևս Նիկոլ Փաշինյանն է

Մայիսի մեկին խորհրդարանում նշանակված իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը(այս պահին դեռ պաշտոնապես առաջադրված չէ) ըստ խմբակցությունների հայտարարությունների, կարող է ստանալ 47 ձայն՝ ՀՅԴ-ի, «Ծառուկյանի» և «Ելք»-ի պատգամավորների ձայները միասին։ Նման արդյունք կլինի միայն այն դեպքում, եթե վերոնշյալ խմբակցությունների պատգամավորները քվեարկեն այնպես, ինչպես հայտարարվել է, և եթե բացակայություններ չլինեն։ Սակայն վարչապետ ընտրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ է ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ առնվազն 53:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը խորհրդարանում ընթացող միակ բարձրաստիճան պաշտոնյայի ընտրությունն է, որը ըստ ընթացակարգի ոչ թե փակ-գաղտնի է, այլ՝ անվանական, այսինքն պատգամավորների քվեարկությունը տեսանելի է բոլորի համար։ Երբ ավելի վաղ այս մասին հարց էինք ուղղել ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին, թե արդյոք վարչապետի անվանական քվեարկությունը չի՞ կաշկանդի պատգամավորներին, վերջինս պնդել էր՝ պատգամավորներն իրենց ընտրողներից ստացած մանդատը պետք է իրականացնեն հրապարակայնորեն։ 

«Երբ խորհրդարանական մեծամասնությունը քվե է ստացել ժողովրդից, որպես թիմ պետք է բացահայտ դիրքորոշում արտահայտի վարչապետ ընտրելու հարցում, այսինքն՝ չի կարող գաղտնի քվեարկությամբ որոշել իրացնում է այդ քվեն, թե ոչ»,- ասել էր նա։

Ըստ Սահմանադրության՝ եթե վարչապետ չի ընտրվում խորհրդարանում, ապա ընտրությունից մեկ շաբաթ անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե այդ դեպքում էլ  վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այս հարցը` արդյոք իշխող ՀՀԿ խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, թե՞ կտապալի ընտրությունները, որպեսզի խորհրդարանն օրենքի ուժով լուծարվի։

Սակայն վարչապետի ընտրությունը միակը չէ, որի շնորհիվ ՀՀԿ-ն կարող է օրենքի ուժով լուծարել խորհրդարանը, հնարավոր տարբերակ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ամենամեծ խմբակցություն ունեցող ՀՀԿ-ն, չքվեարկի Կառավարության ծրագրի օգտին, որի հետևանքով խորհրդարանը կլուծարվի։ Ըստ Սահմանադրության՝ Կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետը խորհրդարանին է ներկայացնում Կառավարության ծրագիրը, և եթե ծրագիրը խորհրդարանի կողմից չի հաստատվում, ապա խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է, Կառավարությունն էլ հրաժարական է ներկայացնում։

Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 15-ական րոպե, թեկնածուների ելույթների համար՝ մինչև մեկ ժամ, թեկնածուների եզրափակիչ ելույթների համար՝ մինչև երեսնական րոպե։ Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տալ, ելույթներից հետո կարող է լինել մտքերի փոխանակություն, այսինքն ելույթներով հանդես գան պատգամավորները։

Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 30-ին երեկոյան 18.00-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր խորհրդարան կներկայացնեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, առաջադրումը կլինի «Ելք» խմբակցության անունից։ Տեղեկացնենք, որ թեկնածուն կարող է առաջադրվել ինչպես խմբակցության, այնպես էլ կոալիցիոն համագործակցության դեպքում՝ խմբակցությունների անունից։ Թե ով է «Ելք» խմբակցության անունից խորհրդարանում ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այս պահին դեռ հայտնի չէ։ Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեռ խմբակցության նիստ չեն գումարել, որպեսզի որոշեն այդ հարցը։ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ այս պահին պաշտոնապես առաջադրված թեկնածու կա՞ թե՞ ոչ, Բաբայանն ասաց, որ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուն պես կամփոփեն առաջադրումները։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter