Շաբաթ, 22 սեպտեմբերի

Խմելու և ոռոգման ջրին սպասելիս. պատկան մարմինների քայլերն աննշան են



Հայաստանում շուրջ 580 բնակավայր խմելու ջրի խնդիր ունի. սա ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալն է: Բնակավայրերի մի մասն ընդհանրապես խմելաջուր չունի, որոշ համայնքներ արտեզյան կամ խորքային հորերից են օգտվում, որոշներում աղբյուրներ կան, սակայն ջրամատակարարման ներքին ցանց չկա կամ եղել է, սակայն չի գործում:

Մեկ տարի առաջ՝ 2017-ի ամռանը, կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հիմնահարցը լուծելու համար անհրաժեշտ է 270-300 մլն եվրո: Նա նշել էր, որ նպատակ կա խնդիրը լուծել փուլ առ փուլ՝ պետության, «Վեոլիա Ջուր» օպերատորի, համայնքների և արտասահմանյան դոնորների համաֆինանսավորմամբ:

Նախորդ ամիս գրավոր հարցում էինք ուղարկել Ա. Հարությունյանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Միքայել Մակինյանը տվել է շատ ընդհանրական պատասխան: Նրա տեղեկացմամբ՝ 2013-2014 թթ. գերմանական «CES» կազմակերպությունը կոմիտեի պատվերով իրականացրել է Հայաստանի գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման և զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ: Կազմված հաշվետվության մեջ ներառված են չսպասարկվող (ըստ էության, «Վեոլիա Ջուր» օպերատորի կողմից) բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար պահանջվող ներդրումները և դրանց առաջնահերթությունները, տեխինկական առաջարկություններ՝ ուղղված յուրաքանչյուր բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանը, շահագործման ծախսեր և այլ առաջարկություններ:

«Հիմք ընդունելով վերը նշված ուսումնասիրությունները՝ ներկայումս «Համայնքային ենթակառուցվածքի ծրագիր (ՀԵԾ) II փուլ 3» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից չսպասարկվող 6 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի նախագծման գործընթացը,- նշել է Մակինյանն ու հավելել,- չսպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները, որպես առաջնահերթ խնդիր, կքննարկվեն հետագա ներդրումային ծրագրերի շրջանակներում»:

Ավելի ուշ պարզել ենք, որ այդ 6 բնակավայրերն են. Լոռու մարզում՝ Ուռուտ և Ագարակ (մտնում են Լոռի Բերդ համայնքի մեջ), Արմավիրի մարզում՝ Մարգարա, Սյունիքի մարզում՝ Խնածախ (Տեղ համայնք), Կոտայքի մարզում՝ Արզական (Չարենցավան համայնք), Գեղարքունիքի մարզում՝ Լճավան: Ընդհանուր շահառուների թիվը շուրջ 7700 է:

Փաստորեն, ուսումնասիրություններից ու ընդամենը 6 բնակավայրի վերաբերյալ նախագծումից այն կողմ որևէ քայլ չի կատարվել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ելք» խմբակցության պատգմավոր Լենա Նազարյանի հարց ի պատասխան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասել էր, թե մինչև 2020-ի ավարտը մոտ 580 համայնքներից մեկ քառորդում (145 համայնք) ջրի խնդիրը լուծում է ստանալու:

Եզդիաբնակ Թլիկը նորից անտեսված է

Ջրի խնդիրն ամենասուր կերպով առկա է Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղում, որին բազմիցս անդրադարձել ենք: Հայ-թուրքական սահմանի վրա՝ Ախուրյան գետի ափին գտնվող այս համայնքում, բնակիչների ասելով, խմելաջուր չկա 1993-ից ի վեր: Այն գնում են ջրբաժան մեքենայից: Իսկ անասունների ու կենցաղային նպատակների համար օգտագործում են գետի ջուրը:

Հիշեցնենք, որ այլևս նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը դեռ 2017-ին մեզ հայտնել էր, որ Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրի լուծման առաջարկված տարբերակներից առավել իրատեսական է խորքային հորի կառուցման տարբերակը, որին, կառավարության աշխատակազմի ղեկավարի գրության համաձայն, անդրադառնալու էին 2018 թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում: Վերջերս գրավոր հարցում էինք ուղարկել Արագածոտնի մարզպետարան՝ հետաքրքրվելով, թե արդյոք Թլիկի ջրամատակարարման խնդիրն ընդգրկվել է 2018 թ. բյուջեի ծրագրում, իսկ եթե ոչ, ապա ինչու: Այս հարցին Սիմոնյանը չի պատասխանել, այսինքն՝ Թլիկը կրկին դուրս է մնացել պետական ծրագրերից: Սիմոնյանը չի հայտնել նաև, թե ինչ քայլեր են տարվում մարզպետարանի կողմից Թլիկի ջրամատակարարման հարցը լուծելու ուղղությամբ: Նա ընդամենը վերաշարադրել է այն, ինչի մասին հայտնի է, և ինչի մասին գրել ենք նախկինում. «Թլիկ համայնքը կենցաղային կարիքների և անասունների համար պահպանվող ջուրը վերցնում է Ախուրյան գետից պոմպերի միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական հիմնադրամի (թլիկցիների պատմելով՝ իրենց աջակցել է «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը- հեղ.) միջոցներով կառուցված ջրագծով»:

Արագածոտնի նախկին մարզպետը մեր հարցմանն ի պատասխան ներկայացրել է նաև մարզի բնակավայրերի ոռոգման և խմելու ջրի խնդիրները: Այդպիսիք առկա են Արագածոտնի բոլոր տարածաշրջաններում՝ Աշտարակում, Թալինում, Ապարանում, Արագածում:

Կատարվելիք քայլերից Ա. Սիմոնյանը նշել է հետևյալը. «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Արագածոտնի մարզի Ագարակ, Բազմաղբյուր, Բյուրական, Կարբի, Կոշ, Ուջան, Տեղեր, Փարպի, Թաթուլ, Աշտարակ համայնքների ոռոգման ներտնտեսային ցանցերի առավել քայքայված հատվածները՝ համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման պայմանով: Այդ ծրագրի նախնական գինը 1.064 մլն դոլար է»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ