Կիրակի, 23 սեպտեմբերի

Ալավերդցիները փակել էին Ալավերդի–Վանաձոր միջպետական ճանապարհը և երկաթգիծը



Այսօր ժամը 12:30-ից ալավերդցիները Սանահին կայարանային թաղամասում փակել էին Ալավերդի–Վանաձոր միջպետական ճանապարհը և երկաթգիծը:

Ճանապարհի երկու կողմերում մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մեծ կուտակումներ էին: Մեր այցելության պահին Սանահինի երկաթուղային կայարանի երկաթգծի վրա նստած էին մի խումբ երեխաներ և երիտասարդներ: «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող 34-02 համարի Երևան-Այրում բեռնատար գնացքի մեքենավար Ալբերտ Բեժանյանը հայտնեց, որ ցուցարարների կողմից փակված երկաթուղային ճանապարհը հատելու էր ժամը 12:30-ին: Արդեն շուրջ մեկ ժամ է` գնացքը կանգնած էր  Սանահին երկաթուղային կայարանում: Մեքենավարի ասելով` Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրինությունը տեղեկացված է:

«Ցուցարարները այդ մասին մեր ղեկավարությանը տեղեկացրել են  երկաթգիծը փակելուց հետո: Մեր ղեկավարությունը հրահանգել է սպասել երկաթգիծը բացելուն»,- ասաց մեքենավարը: Երկաթուղու Սանահին կայարանի գծանցի սլաքավար Ռուբեն Բաղդասարյանի խոսքով` այսօր երկաթգծով ընդամենը մեկ բեռնատար գնացք է անցել դեպի Այրումի երկաթուղային կայարան. «Այս պահին մեկ բեռնատար գնացք կանգնած է Սանահինի երկաթուղային, երեք բեռնատար գնացքներ՝ Այրումի երկաթուղային կայարաններում: Օրվա ընթացքում Այրում-Երևան երթուղով պետք է անցնեն 5 բեռնատար գնացքներ»,- հայտնեց Ռուբենը:

Ալավերդի համայնքի ավագանու անդամ Սեյրան Հովհաննիսյանն ասաց, որ Ալավերդի – Վանաձոր միջպետական ճանապարհը երիտասարդությունը փակել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով. «Որպես Ալավերդի համայնքի ավագանու անդամ տեղյակ եմ, որ մինչև ժամը 16:00 պետք է փակված մնա միջպետական ճանապարհը: Ցուցարարները որոշել են ավելի երկար փակված պահել երկաթգիծը»:

Ցուցարար Վահե Մոսինյանի խոսքով` ալավերդցիները ցույցերին մասնակցում են ինքնաբուխ: «Մեր հետագա ծրագրերը դեռևս քննարկման փուլում են, բայց մեր ցույցերը դեռ շարունակական բնույթ են կրելու՝ մինչև վերջնական հաղթանակը: Դա կարող եմ փաստել»,- ասաց Վահեն:

Ժամը 16:00-ից բացվել է միջպետական ճանապարհը, սակայն երկաթգիծը դեռեւս փակ է: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ