HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Նրանց մեջ մեղավորներ մի՛ փնտրիր, մեղավորը պետությունն է»,- ասում է բժիշկ Ալգան

2004թ., դեկտեմբերի 30, ժամը 17:00:
Երեւան, Կենտրոն համայնք:
Կամերային երաժշտության տան մերձակայքի այգի:

Ռուզանը

«Աղջկաս առեւանգեցին միլիցեքը: Շենգավիթի միլիցեքը հինգ տարեկան երեխուս տարան»,-այգու մեջ լսվում էր կնոջ ձայնը: Արտասվողը Ռուզաննա Այդինյանն էր:

Ռուզանը բարձրաձայն հեկեկում էր ու հայհոյում ոստիկաններին: Նրա հինգ տարեկան աղջկան' Մարիաննա Պետրոսյանին, ոստիկանները զոռով վերցրել էին:

 Աղջիկը մոր' Ռուզանի դրդմամբ փող էր մուրում, ու ոստիկանները վերցրել էին երեխային մանկատուն տանելու համար: Ռուզանին շրջապատող մյուս թափառաշրջիկները հանգստացնում էին նրան՝ ասելով, որ երեխան ապահով տեղում է: Առհասարակ, Հայաստանի իշխանությունների համար երեխային մորից վերցնելը հարցի լուծման ամենահեշտ ձեւն է: Վերեւից հրահանգ կա, որ փողոցում թափառաշրջիկ, մուրացկան երեխա չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի: «Ինձ քիչ ժամանակ է մնացել ապրելու, ես ուզում եմ երեխաս կողքիս լինի»,-գոռաց Ռուզանը, երբ փորձեցի հանգստացնել նրան: Կրակի շուրջ նստած են Միքոն, Նատաշան (որի մայրը ռուս է, իսկ հայրը' Կուբանի կազակ), լիտվուհի Ալգան, իսկ Ռուզանը կանգնած լալիս է: Նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր, հետո զրույցում ասաց, որ հոգեբուժարանում էլ է պառկել եւ հաշվառված է այնտեղ: Իսկ թե ինչպես է հայտնվել փողոցում, դժվար էր նրանից իմանալ. նա միայն աղջկա մասին էր խոսում:

Բաշը

Ծառերի տակ հավաքված են թափառաշրջիկները: Այստեղ է քաղաքի ամենահայտնի բոմժը' Բաշը: 

Շատ թափառաշրջիկների վկայությամբ՝ Բաշը քաղաքում ամենահարգված բոմժն է: Նա ժամանակին էլ, երբ դեռ այս կյանքով չէր ապրում, հայտնի էր քաղաքի կենտրոնում: «Հացով մարդ էր»,- նրա մասին ասում էին ժամանակ առ ժամանակ Բաշին բարեւելու եկած, նրա առողջության մասին հարցուփորձ անող Կենտրոնի բնակիչները:

Լաթերի մեջ, շների հետ փաթաթված էր նաեւ նրա մոտ ընկերը' Նորոն:

Հենց այդ ժամանակ ոստիկանական մեքենան, ազդանշանները միացրած, մտավ կամերային երաժշտության տան բակ: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին էին ուղեկցում: Քիչ հետո երեւացին ԱԺ նախագահն ու Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: Երեւի Ամանորի ինչ-որ միջոցառում էր այնտեղ:

Կրակի շուրջ նստած բոլոր բոմժերը հայհոյախառն բառերով փորձում էին լռեցնել Ռուզանին, սակայն չէր հաջողվում: Հետո այդ աղմուկին խառնվեց քնից արթնացած Բաշը. «Մի՛ խոսա, ասում եմ, վե՛րջ, սուս մնացե՛ք»: Սակայն Բաշի ասածն արդեն բանի տեղ դնող չկար: Այնքան շատ էին օղի խմել, որ բոլորն էլ ուզում էին խոսել: Այսպես է ամեն օր, որովհետեւ եթե չխմեն, չեն դիմանա ցրտին: Բոմժերին փողոցում պահողը օղին է, եթե չխմեն, մի օր էլ չեն դիմանա:

Մեր հաջորդ հանդիպմանը' հունվարի 2-ին, Բաշի ծննդյան օրն էր, եւ մենք կրակի շուրջը նշեցինք նրա ծնունդը: Բաշը շատ վատ էր, նրա ասելով՝ ամբողջ մարմինը ցավում էր:

Նորոն

Երեւանցի Նորոն մի քանի տարի առաջ Զեյթունում էր ապրում. «Փոքր եղբայրս թավանի տակ էր, ստիպված տունս ծախեցի: Ընտանիքս էլ' կինս, երկու աղջիկներս եւ տղաս, Ֆրանսիայում են, ապրում են Ստրասբուրգում: Այնտեղ ապրում են ընտիր, հայկական հեռուստաալիքն էլ նայում են»,-վերջին նախադասությունը հպարտությամբ արտաբերելով ասաց Նորոն:

«Քեզ չեն օգնու՞մ»,- հարցնում եմ:

«Ինձ պետք չի իրենց օգնությունը»,- կտրուկ պատասխանում է:

Հասկացա, որ չեն օգնում, նեղացած պատասխան էր:

«Իսկ քեզ չեն ուզու՞մ տանել»: «Ես չեմ ուզում գնալ»,- լսվեց պատասխանը:

Նորոն ծառայել է Ղարաբաղում' Ժիրայր Սեֆելյանի ջոկատում: Նա ջոկատի դարբինն էր:

Միքոն

32-ամյա Միքոն Սպիտակից է, իսկական անունը Վահան է, ազգանունը՝ Շիրոյան: «Երեւանյան» պերիոդիկ հիվանդությամբ է տառապում: Նա հաշվառված է, սակայն չի կարողանում դեղերը ստանալ:

«Գնացի հիվանդանոց, փող են ուզում: Դեղ չեն տալիս, ասում են՝ ուղեգիր պիտի բերես Սպիտակից, այնտեղ էլ չեն տալիս, ինչ-որ տեղեկանքներ են ուզում սոցիալական ապահովությունից, ես էլ չեմ կարողանում վերցնել»: Հինգ տարի Միքոն Երեւանում է ապրում, փողոցներում է. «Սկզբում ընկերոջս տանն էի, հետո նա ամուսնացավ: Ես ստիպված փողոցում հայտնվեցի: Սպորտսմեն եմ, Հայաստանի հնգակի չեմպիոն, ուժային եռամարտ սպորտի վարպետ եմ»:

Միքոն թոշակ չի ստանում՝ չնայած երրորդ կարգի հաշմանդամ է: Տեղեկանքներ են ուզում, չի կարողանում վերցնել, տեղից տեղ են ուղարկում, որովհետեւ գրանցված է Սպիտակում:

«Եթե կարող եք, օգնեք մի քանի օրով գնամ հիվանդանոց պառկեմ, լավ չեմ: Սիրտս լավ չի»,-հեւալով խնդրում է Միքոն:

Երկրորդ այցելության ժամանակ նա, լաթերի մեջ գետնին պառկած, հեւում էր ցավից:

Ալգան

Ալգան թափառաշրջիկ չէ, նա բժիշկ է եւ երբեմն այցելության է գալիս այստեղ գտնվողներին: «Որպես բժիշկ՝ ես ուզում եմ ասել, որ այս մարդիկ բոլորը հիվանդ են եւ պետք է թոշակ ստանան»,-ասում է Ալգան: «Այդ պաշտոնյաները մենակ իրենց գրպաններն են լցնում, լցնում են հենց սրանց նմանների հաշվին, ես բժիշկ եմ աշխատել եւ գիտեմ, թե ինչ է կատարվում: Հազար տեղեկանքներ են պահանջում, ձգձգում, որ չօգնեն այս մարդկանց: Ինչո՞ւ է մեր երկրում տասնյոթ տոկոսով աճել տուբերկուլյոզը: Սրանցից քանի՞սն են հիվանդ տուբերկուլյոզով, ո՞վ գիտի, ո՞վ է սրանց հետազոտել: Ես նրանց կողքով անտարբեր չեմ կարող անցնել, ես չեմ կարող, որպես բժիշկ չեմ կարող անցնել, հիմա եկել եմ, մի շոկոլադի տուփ եմ բերել նրանց Նոր տարին շնորհավորելու, ուրիշ բան չեմ կարող անել: Նստում եմ կողքները, հետները մի բաժակ բան եմ խմում, հանգստանում եմ: Նրանց հետ շփվելը ինձ մի տեսակ հանգստություն է բերում»,-շարունակում է Ալգան:

«Գիտե՞ս, այս մարդկանց մեծ մասը սահմանային վիճակում է, եւ նրանց մեղադրելը անմտություն է: Նրանց չպետք է մեղադրել, տե՛ս թե ինչպես են հոգ տանում միմյանց մասին: Իրար ծածկում են, ջուր տալիս: Մեղավորներ նրանց մեջ մի՛ փնտրիր, մի՛ փնտրիր, մեղավորը պետությունն է, կառավարությունն է: Ես լիտվացի եմ, իմ ամուսինը հայ է, քսանհինգ տարի Հայաստանում եմ, հիմա ես տատիկ եմ: Ես բժիշկ-կարդիոլոգ եմ, մայրս, որ ապրում է Լիտվայում, ութսուն դոլար թոշակ է ստանում: Նա հպարտությամբ է դա ինձ ասում, որովհետեւ պետությունը գնահատել է նրա աշխատանքը»:

Հարցնում եմ' երեխաներդ այստե՞ղ են: «Ո՛չ, փա՜ռք Աստծո, որ այստեղ չեն, Պալանգայում են ապրում: Քայլի՛ր Երեւանի փողոցներով, ամեն քայլափոխի ռեստորաններ են, սաունաներ, բարեր, բենզալցակայաններ, իսկ Հայաստանը դարձել է մուրացկան, «դեշովկա» (էժանագին): Մուրում է բոլոր երկրներից»,- ասում է արդեն գինովցած Ալգան:


Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter