HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ»

Կա քաղաքական իրավիճակ, և խնդիրն այն չէ՝ ինչ-որ մեկը նշանակվի կամ ոչ, խնդիրը ճգնաժամը հանգուցալուծելն է։ Այս մասին «Ելք» խմբակցությունում նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների՝ իր թեկնածության հնարավոր քվեարկությանը։

Հարցին՝ կարո՞ղ է երաշխավորել, որ ընտրվելու դեպքում կոռուպցիայի, դատական համակարգի և այլ ոլորտների խնդիրները լուծվելու են, Փաշինյանն ասաց.

«Այո, ես համոզված եմ՝ կկարողանամ։ Ես համոզված եմ, որ այդ նեգատիվ երևույթները վերացվելու են, ես չեմ ուզում խոսել անուն-ազգանունների մակարդակով, պետք է սկզբունքներ քննարկել»։

Ինչ վերաբերում է ապագա կառավարության կազմին, Փաշինյանն այդ մասին ոչինչ չհստակեցրեց՝ ասելով, որ հարցերը պետռք է հերթով քննարկել։ «Բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն, և կկայացվի որոշում»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ այսօր իրեն աջակցում են քաղաքական գործիչներ, որոնք ժամանակին խուսափել են հարկային դաշտում գործելուց, արդյոք այդ քվեն չի՞ կաշկանդելու իրեն, որ այդ անձանց հարկային դաշտ բերի, Փաշինյանն ասաց, որ չի հասկանում, թե խոսքն ում մասին է։ Որպես օրինակ նշեցինք Գագիկ Ծառուկյանին, Փաշինյանը պատասխանեց։

«Ընդհանուր առմամբ ես ասացի, որ երաշխավորում եմ՝ ՀՀ-ում կլինի լիարժեք օրինականություն, ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով, ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը և ըստ այդմ էլ իրականությունը կդասավորվի»։

Դիտարկմանը, որ կարծես թե իր դիրքորոշման մեջ մեղմացում կա, Փաշինյանն արձագանքեց․

«Մեղմացման մասին չի խոսքը, խոսքն այն մասին է, որ երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թևերի տարանջատումն ամենակարևոր սկզբունքներից մեկն է լինելու, չի կարելի երբ նույն մարդը համ դատախազ է,  համ քննիչ, համ վարչապետ, կամ օպերատիվ աշխատող։ Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների թևերի բնականոն գործունեությունն ապահովելն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, իսկ մնացած  մարմինները պետք է կատարեն այդ գործառույթները։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ, հակառակ դեպքում էլի նույն դաշտ կընկնենք, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»։

Խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու պահանջով խորհրդարանական լսումներ հրավիրած «Ելք» խմբակցությունում կարծես թե այս հարցով փոփոխություն կա, Փաշինյանի խոսքով՝ նոր կառավարությունը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի ներկայացնելու, սակայն «դա չի նշանակաւոմ, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան»։

«Մենք ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք»,- ասաց նա։

Հարց հնչեց, թե իր ընտրվելու դեպքում Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը կարո՞ղ է գալ Հայաստան, Փաշինյանն արձագանքեց, որ չի ուզում կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել։

«Կարող եմ երաշխավորել, որ իմ ընտրվելու դեպքում ամբողջական օրինականություն կհաստատվի»,- ասաց նա։

Փաշինյանը չցանկացավ արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ասելով, որ չի կարդացել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter