Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ (թարմացված)



ՀՅԴ խմբակցությունում մեկնարկել է խմբակցության պատգամավորների հանդիպումը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպմանը ներկա են ՀՅԴ խմբակցությունում ընդգրկված բոլոր յոթ պատգամավորներն էլ:

«Մենք հասկանում ենք, որ կա անհրաժեշտություն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել, դրանից հետո մտքեր փոխանակեցինք փիլիսոփայության շուրջ, որ պետք է աշխատանքային համերաշխության մթնոլորտ ստեղծենք: Սա մաքուր քաղաքական խոսակցություն է եղել՝ իրավիճակի գնահատման վերաբերյալ»,-հանդիպման ավարտին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հետագա գործողությունների կամ պաշտոնների հետ կապված որևէ պայմանավորվածություն չի եղել:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ «Դաշնակցությունը» միշտ էլ միակամ է եղել, և վարչապետի պաշտոնում սատարելու են ՆիկոլՓաշինյանի թեկնածությունը:

«Ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ գոյություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած եղանակով: Արտահերթ ընտրությունները ևս պետք է ընդունեն Սահմանադրության դրույթները: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք է կարողանանք միասին, համախոհությամբ բոլոր հարցերը լուծենք,-ասաց Ռուստամյանը և մանրամասնեց,- մենք խոսել ենք Փաշինյանի հետ, որ այս ամենի նպատակն ինքնանպատակ չէր, և որ արտահերթ ընտրություններ լինեն հնարավորինս շուտ»:

Նա, այդուհանդերձ, ոչինչ չասաց արտահերթ ընտրությունների ժամկետների մասին։ Ռուստամյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բացառվեն ընտրակեղծիքներն ու կաշառքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ մարմինը հայտարարություն էր տարածել, որ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ