HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վերջաբանի փոխարեն

Հունվարի 6, 2004թ. Երեւան, Նուբարաշենի գերեզմանոց:
Հայերն այսօր են տոնում Սուրբ Ծնունդը:

Գերեզմանափորը մեզ ուղեկցում է դեպի անտուն մարդկանց համար նախատեսված գերեզմանահատվածը: Այնտեղ այսօր երկու անտուն մարդու դիակ պիտի ամփոփեն: Երեւանի թափառաշրջիկներից երկուսը մահացել են, բայց առատ ձյունը փակել է առանց այդ էլ դժվարանցանելի ճանապարհն ու մահացածներին բերող մեքենան չի կարողացել տեղ հասցնել դագաղները:

Գերեզմանաթմբերի վրա անուն-ազգանուններ, ծննդյան ու մահվան տարեթվեր չեն լինելու: Ոչ ոք չգիտի' ո՞վ է դագաղում պառկածը: Դրվելու է հերթական համար եւ ուրիշ ոչինչ:Գերեզմանափորը պատմում է, որ անտունների հետ երբեմն նրանց ընկերներն էլ են գալիս, բայց իրենք էլ հաճախ չեն իմանում մեռածների իրական անունները:

Վերադառնում ենք Երեւանի կենտրոն, Կամերային երաժշտության տան մերձակա այգին: Գիշերը ձյուն էր եկել, եւ այգում գիշերած թափառաշրջիկները սառած էին:

«Մի բաժակ արաղ կտա՞ք,-ամբողջ մարմնով դողալով խնդրում է Բաշը:

Մենք ստիպված փող ենք տալիս մի շիշ օղու համար, որպեսզի գոնե այդպես «տաքացնեն» սառած մարմինները:

Նորոն ասում է, թե Բաշը գիշերը վատ է եղել: Հարցնում եմ. «Բա՛շ, ի՞նչ է եղել, վա՞տ ես»: «Հա, լավ չեմ, եթե կարող եք, ինձ հիվանդանոց պառկեցրեք»,- ասում է քսանհինգ տարի բանտերում անցկացրած Բաշը:

«Նա իր կյանքում երբեք նման բան չի ասել,- կիսաձայն ասում է Նորոն,- ուրեմն շատ վատ է»:

Բաշին հիվանդանոց տեղափոխելու մեր բոլոր փորձերն իզուր անցան, ոչ մի հիվանդանոց թափառաշրջիկին չընդունեց:

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց 1703 տարի անց' 2004 թվականի հունվարի 6ին' Սուրբ Ծննդյան տոնի օրը, իր հավատքով ու եկեղեցով հպարտացող ազգի' հայերի, երկիր Հայաստանում չգտնվեց թափառաշրջիկին ապաստան տվող գեթ մեկ հաստատություն:

P.S. Հունվարի 10-ին կամերային երաժշտության տան այգում գիշերող թափառաշրջիկներին այցելեցին ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները: Նրանց օգնությամբ Բաշը տեղափոխվեց այրվածքաբանության կենտրոն, իսկ Ռաֆիկը բժշկական օգնություն ստանալուց հետո մնաց նույն տեղում:

Լուսանկարը' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter