HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ճնշել են պատգամավորներին

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում է վարչապետի ընտրության հարցը։ Առաջադրված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, իսկ քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, դեռ չի հայտնել իր որոշման մասին։

Ազգային ժողովի 105 պատգամավորներից գրանցվել է 102 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աննախադեպ երևույթ որակեց այն, որ խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել, և միակ թեկնածուն քաղաքական փոքրամասնության թեկնածուն է։

«Իրադարձությունների ամենալարված պահերին էլ մենք հանդուրժողականություն և զսպվածություն ենք ցուցաբերել միմյանց հանդեպ, ինչը զարմացրել է ողջ աշխարհին, հորդորում եմ այսօրվա քննարկումներում ևս զուսպ լինենք միմյանց հանդեպ, հարգենք միմյանց խոսքը, մենք պարտավոր ենք հանդուժողականության մթնոլորտում անցկացնել քննարկումները»,- ասաց Բաբլոյանը։

Փաշինյանի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ վերջին օրերին հանրությունը ոտքի է կանգնել հանուն արժանապատվության։

«Այսօր պատիվ ունեմ ներկայացնել համաժողովրդական շարժման թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, թեկնածություն, որը ԱԺ-ում առաջադրել է «Ելք» խմբակցությունը, սատարելու մասին հայտարարել են «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունները, իսկ առնվազն չխոչընդոտելու մասին հայտարարել է ՀՀԿ-ն»,- ասաց նա։

«Ես խնդրում եմ բոլորիդ դադարեցրեք ինքնապաշտպանական ակցիան այս փոփոխություններին, պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում, մի առաջնորդվեք նեղ խմբային շահերով», - ասաց Միրզոյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած քայլերթը «դրամատիկ կերպով» փոխեց ներքաղաքական իրավիճակը, միայն ՔՊ-ականների քայլարշավը հետագայում վերածվեց հարյուր հազարավոր քաղաքացիների հանրահավաքային պայքարի։

Փաշինյանը ներկայացրեց պայքարի ժամանակագրությունը՝ փողոցներ շրջափակելուց մինչև նստացույցներ, դասադուլներ, գործադուլներ, Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա Կարեն Կարապետյանի կողմից դիրքեր չնահանջելը։

«Սակայն ժողովրդի պահանջը ոչ թե անձին որևէ անձով փոխարինելն էր, այլ բիրտ համակարգը արմատախիլ անելը։ Մինչև հիմա քաղաքական մեծամասնությունը մուկն ու կատու է խաղում՝ չհայտարարելով ինչպես են քվեարկելու։ Հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով ազգային համերաշխության գաղափարաբանությունից` մենք բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, որպեսզի Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ վերնախավն արժանապատիվ հեռանան»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի վստահեցմամբ՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սպառնում են պատգամավորներին, որպեսզի վերջիններս իր թեկնածությանը կողմ չքվեարկեն։

«Ըստ օդում կախված լուրերի՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճնշումներ են սկսել գործադրել բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ սպառնալով որևէ կերպ չքվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին»,- ասաց նա։

Փաշինյանը կոչ արեց շարժման հանդուժողականությունը որպես թուլություն չմեկնաբանել։

«Ձեր այդ փորձերը կարող են բերել անկանխատեսելի հետևանքների, ձեր պահքվածքը քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter