Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Փաշինյան. «Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա»



Այսօր Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հարցրեց, թե որպես վարչապետի թեկնածու՝ ինչ դիրքորոշում ունի սուպերվարչապետական համակարգի մասին և ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի ուժային կառույցները բերվեն խորհրդարանական հաշվետվության դաշտ: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ երբ ամիսներ առաջ Ազգային ժողովում քննարկվում էր «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ վարչապետին ենթակա մարմիններ են ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության և վերահսկողության ծառայությունները, բավական բուռն արձագանք էր ստացել նաև «Ելք» խմբակցության կողմից, և այդ ժամանակ նաև տեսակետ հնչեց, որ փորձ է արվում ստեղծել սուպերվարչապետական միահեծան կառավարման համակարգ:

Փաշինյանը պատասխանեց, որ օրենսդրությամբ արդեն ստեղծվել է այդ համակարգը, և իրեն հանձնառու է համարում շտկելու այդ խնդիրը: «Միանշանակ է, որ ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական և, հնարավոր է, նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են»,- ասաց Փաշինյանը:

Նա  նշեց, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից: «Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը»,- պատասխանեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա ձևակերպմամբ՝ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա:

Լուսանկարում՝ Շ. Իսայանը (կենտրոնում)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ