HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան․ «Ուզո՞ւմ եք՝ Արցախը ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարեց՝ իրավիճակը լարված է, և դրա միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելն է։

«Մենք ունենք քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամի լույսի ներքո պետք է հետևություններ անենք: Երկրում անդառնալի փոփոխություններ են եղել, և դրանք դրական են, քանի որ կա քաղաքացիական զարթոնք, և այդ զարթոնքը սահմանադրական ձևակերպում պետք է ստանա»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը, որը ի սկզբանե դեմ էր Նիկոլ Փաշինյանի քայլերթային պայքարին, խոստովանեց, որ ինքը ևս սխալվել է: «Մի շաբաթ առաջ ես էլ էի մտածում, որ կա երրորդ ճանապարհը, բայց հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի սահմանադրական հանգրվանի։ Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը. ով որ կազմակերպել է այն, հաջող հասցրել է հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվությունը, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում այլ ելք չկա՝ պետք է վարչապետի պաշտոնում ընտրել Նիկոլ Փաշինյանին։

Մարուքյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, որ նա պատրաստ է ձևավորել համաձայնության կառավարություն, որ երկրում պետք է լինի համերաշխություն, պետք է բացառվի ատելության և վենդետայի մթնոլորտը, ապա դիմելով ՀՀԿ-ին՝ ասաց․ «Դուք կարող եք այնպես անել, որ Հայաստանը չընկնի սանկցիաների տակ: Եթե դուք դեմ քվեարկեք կամ գնաք այս դահլիճից, չենք կարող դուրս գալ ճգնաժամից. սա իմ համոզմունքն է և բխում է փողոցում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիների շահերից։ Խոսում եք Արցախի մասին, սանկցիաների մասին. ուզո՞ւմ եք Արցախը ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք` սանկիցաների տակ չընկնենք, պետք է քվեարկեք Փաշինյանի օգտին»։

Մարուքյանն ասաց, որ չի ուզում ընդամենը մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ քվեարկեն Փաշինյանի օգտին. «Արժանապատիվ կերպով կարող եք հայտարարել, որ հանուն մեր պետության, մեր երիտասարդության՝ քվեարկում եք Նիկոլ Փաշինյանի օգտին: Դուք բոլորով պետք է քվեարկեք, բոլորովս պետք է պատասխանատու լինենք»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter