Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արփինե Հովհաննիսյանի ելույթը Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստին



ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստի ընթացքում նախ նշեց, որ ինքն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տարիների գործընկերային հարաբերություններ ունեն ու միմյանց նկատմամբ խորը հարգանք են տածում։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինքը շարունակում է Փաշինյանի նկատմամբ մեծ հարգանք տածել և կարծիք հայտնեց, որ Փաշինյանն իսկապես մտահոգ է Հայաստանի Հանրապետության ճակատագրով։

Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը հայտնեց որոշ մտահոգություններ, որոնց մասին, իր խոսքով, չէր կարող լռել։

Հովհաննիսյանի խոսքով՝ այս օրերին շատ է խոսվել ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ճգնաժամի մասին և ավելացրեց ևս մեկը՝ մարդկային հարաբերությունների ճգնաժամը։

Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների ելույթներում կարմիր թելով անցել է համերաշխության գաղափարն ու հարց բարձրացրեց, թե արդյոք համերաշխությունն ու հանդուրժողականությունը տարածվում է միայն շարժման մասնակիցների նկատմամբ։

«Ուզում եմ հասկանալ՝ սիրո համերաշխության մթնոլորտը չի՞ ենթադրում այլ կարծիք ունեցողների նկատմամբ հանդուրժողականություն»,- ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ ինքը ունի սկզբունքներ ու համոզմունքներ, որոնք չի փոխելու միայն այն պատճառով, որ իրեն զանգում են կամ սպառնում։

«Դուք իրոք կարծո՞ւմ եք, որ ես իմ համոզմունքն ու սկզբունքը պիտի փոխեմ, որովհետև ինձ զանգում կամ սպառնում են․ դուք դրանից հետո ինձ կհարգե՞ք,- հարցրեց Հովհաննիսյանը։

Վերջինս անդրադարձավ նաև այս օրերին Երևանում քաղաքացիների կողմից իրականացրած ակցիաներին։

«Ես հարց եմ ուզում տալ․ դուք համարում եք, որ իրավունքների խախտում իրականում չի՞ եղել, երբ իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն էր, թաղման թափորը չէր կարողանում դիակը տանել եկեղեցի, որովհետև փողոցը փակ էր։ Անկեղծ հարց եմ տալիս․ էմոցիայի վրա չեմ խաղում։ Էս ու՞ր ենք մենք հասել»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս, այնուամենայնիվ, մեկ հանգամանքի համար շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։

«Հիմա այնտեղ՝ հրապարակում, լիքը ուսանողներ կան։ Ախր ես դասախոս եմ չէ։ 2000-ից ավելի ուսանողի դասախոս եմ թե՛ ժուռնալիստիկայի, թե´ իրավաբանության ֆակուլտետում։ Շնորհակալ եմ, որ այդ  էրեխեքը այս շարժման շնորհիվ հասկացել են, որ պետք է պայքարել հանուն գաղափարի։ Ընկեր Հովհաննիսյանը ձեզ մի բան է խնդրում․ ոչ թե էմոցիայով այլ սթափությամբ ու  գաղափարով լսեք, թե ինչի համար ենք մենք առաջ գնալու ուր ենք գնալու»,- դիմելով իր ուսանողներին՝ ասաց Արփինե Հովհաննիսյանը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Աննա20:45 - 1 մայիսի, 2018
Կեղեքողների կապակցությամբ համերաշխություն բառը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նրանք դադարեցնում են կեղեքումը, հրաժարվում իրենց քաղաքական, ֆինանսատնտեսական, գենդերային և այլ տեսակի արտոնություններից, կանգնում անարդարության դեմ պայքարողների կողքին ոչ թե իրենց կիրառած անարդարությունների համակարգերը պահպանելու, այլ այդ համակարգերը փշրելու ու պայքարողներին իսկականից համերաշխ լինելու նպատակով։ Սա բացատրություն ու զգուշացում է «Համերաշխության հեղափոխությանը» միացող բոլոր անհատներին և քաղաքական ու տնտեսական միավորներին։ http://epress.am/2018/05/01/111.html
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ