Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Դաշնակցությունը հաստատեց՝ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին



«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովում, անդրադառնալով վարչապետի ընտրության՝ խմբակցությունների դիրքորոշումներին, նշեց, որ իրենց խմբակցությունը քվեարկելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգտին։

Իսկ անդրադառնալով իրենց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այն հայտարարությանը, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը չի մասնակցելու, չնայած այն հանգամանքին, որ ՀՅԴ կուսակցությունը և խմբակցությունն ունեն որոշում, և եթե կուսակցությունը որոշի՝ պատրաստ է անգամ վայր դնել մանդատը, ասաց. «Ես ստիպված եմ անդրադառնալ Աղվան Վարդանյանի հայտարարությանը, որը իր իսկ խմբակցության համար անակնկալ էր։ Մենք իհարկե հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմունքով, բայց սա դաշնակցություն է և ունի իր ավանդույթները։ Նրա կատարած քայլը այդ ավանդույթներին դեմ էր, և մենք բնականաբար այդ պահվածքին անպայման համապատասխան գնահատական կտանք։ Իսկ Դաշակցության դիրքորոշումը նույնն է և անփոփոխ է՝ մենք որոշել ենք և այսօր քվեարկելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- նշեց պատգամավորը։

Ռուստամյանի խոսքով՝ իրենց այս դիրքորոշման նպատակը հստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի ողջ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Նրա գնահատմամբ՝ ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձությունն է այս գործընթացը։

Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը իր հրաժարականով ապացուցեց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը նեղ հատվածական շահ չէր հետապնդում, հիմա հերթը ՀՀԿ-ին է, որը պետք է ապացուցի, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում և պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով։

«Մենք պարտավոր ենք անցյալի սխալները չկրկնելով՝ թույլ չտալ, որ համաժողովրդական զարթոնքի ներուժը մսխվի, ժողովուրդը հիասթափվի, այլ անենք ամեն ինչ, որ բոլորը` ամեն մի քաղաքացի զգա ժողովրդական շարժման նոր շունչը, ու ճաշակի դրա բարերար արդյունքները»,- նշեց նա։

Հավելենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը։ ՀՅԴ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով․ «ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ