HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քարը փեշից թափել և նստել իրար կողքի, խոսել, չթշնամանալ». ՀՀԿ պատգամավոր

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ խոսքը ուղղում է ոչ թե դահլիճում նստածներին, այլ հրապարակում հավաքված հայրենակիցներին և հույս ունի, որ լուռ կլինեն, այդ շարժումները չեն անի, կլսեն իր ելույթը և հետևություններ կանեն:

Պատգամավորը նշեց, որ ուզում է խոսել հավատի և վստահության, լույսի և խավարի, սիրո և դավաճանության, ջենտլմենտական պահվածքի և հայհոյանքի, անկեղծի և շողոքորթի մասին:

Ըստ նրա՝ պատմական իրականություն է, հայտնվել ենք միայն հային հատուկ նուրբ, միամտորեն պարզ և վտանգավորության աստիճանի խոցելի վիճակում: Պահը, նրա կարծիքով, շատ կարևոր է: «Միջազգային հարթությունում Հայաստանի Հանրապետության վարկանիշը թռել է, լավ է, բայց ի՞նչ գնով, և ո՞ւր ենք մենք հասնելու»,- ասաց նա:

ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ այս օրերին սնդիկի սյունը բոլորին հավասարաչափ է ճնշում, և որ այս օրերին բոլոր գիշերներն արթուն է եղել, և դա ինչպես ուզում են, թող մեկնաբանեն, կամ սոցիալական ցանցերում գրեն այդ մասին, ծաղրեն:

Նրա ասելով՝ բոլորս նույն նավի մեջ ենք և ծով չունանելով՝ լողում ենք, և միայն սթափ ընկալումները ափ կարող են հանել, իսկ այդ նավավարը, ըստ Եսայանի, ժողովուրդն է՝ առանց «իմի և քոնի»:

«Ասում եք՝ սիրո և համերաշխությոան հեղափոխությո՞ւն, չգիտեմ, բայց գուցե և գիտեմ, սերը և համերաշխությունը միայն յուրայինների հանդեպ, իսկ ով մեզ հետ չէր, վատն էր, չասեմ ավելին՝ հայհոյանքի էր արժանի, հաշվի չառնելով՝ տուն ունեն, ընտանիք ունեն, երեխաներ ունեն, թոռներ ունեն, մարդիկ են, որ ապրում են, քայլում են այս փողոցում, և իրենց սիրտը պակաս չի ցավում, քան ձեր սիրտը»,- նշեց Մ. Եսայանը:

Ըստ պատգամավորի՝ մենք կանգնած են ջրբաժանի առաջ, և այդ ջրբաժանը կամուրջ կդառնա թե ոչ, կախված է յուրաքանչյուրից՝ խորհրդարանում նստածներից և հրապարակում հավաքվածներից:

ՀՀԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ ինքը որևէ կոչ չի անելու, իր խոսքը խնդրանք է, եթե ոչ աղոթք, և այսօր ինքը դահլիճ է եկել Աստվածաշունչը վերցրած, քանի որ ընկալում է պահի լրջությունը:

Եսայանի խոսքով՝ պետք է սթափ նայել դերակատարարներին և ռեժիսորներին ու տեսնել անտեսանելին:

«Ունեցել եմ այս համարձակությունը փողոցում քայլել, երբ որ հռչակվեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես տեսել եմ այդ տոնախմբությունը, ուրախությունը: Lավ էր, մարդիկ շատ ուրախ էին, դա նշանակում էր, մարդիկ ասելիք ունեին, պահանջ ունեին, փողոց էին դուրս եկել և հասել էին իրենց նպատակին: Նրանք փողոց դուրս չէին եկել, որ Նիկոլ Փաշինյանին դարձնեին վարչապետ, նրանք դուրս էին եկել իրենց պահանջով և այդ պահանջն իրականացել է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ չի ուզում, որ այս պայծառ շարժումը, որ երիտասարդներն սկսել են, վերափոխվի, կերպարանափոխվի աթոռակռվի, աթոռակռիվ չկա ըստ նրա, և պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև մենք մաս-մաս բաժանելու երկիր չունենք՝ ըստ Եսայանի:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ընկեր չի եղել ոչ լրագրողական, ոչ պատգամավորական տարիներին, բայց միշտ հարգել է, սակայն այս օրերին ահավոր նեղված է «այն ամբողջ հարձակումից, որ տեղի ունեցավ»: Ըստ պատգամավորի՝ դա վկայում է իր ուժի մասին:

Պատգամավորի ասելով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչ չհաջողվեց Վազգեն Մանուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ստեփան Դեմիրճյանին, դրա համար հարգում է նրան՝ որպես քաղաքական գործչի:

Նա  կոչ արեց Նիկոլ Փաշինյանին նստել և գտնել լուծումները, քանի պահն օրհասական է: «Քարը փեշից թափել և նստել իրար կողք, խոսել, չթշնամանալ»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

լուսանկարը՝ yerkir.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter