HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Մենք այժմ ՀՀԿ-ի ուրվականն ենք տեսնում»

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիր ելույթը սկսեց՝ դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին և շնորհակալություն հայտնելով վերջիններիս, որ ամբողջ օրը հրապարակից հետևել են նիստին և ասաց՝ շուտով կմիանա իրենց։

Փաշինյանն ասաց, որ իրեն մեղադրում են, թե սպառնում է ոչնչացնել ՀՀԿ-ն, սակայն ամենևին էլ այդ նպատակը չի ունցել, քանի որ ՀՀԿ-ականներն իրենց ելույթներով ինքնաոչնչացրին այդ կուսակցությունը։

«Մենք այժմ ՀՀԿ-ի ուրվականն ենք տեսնում, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները գոյություն չունեցող իշխանության տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական հռետորիկայի վրայով՝ փորձելով մեր շարժման մասին աշխարհաքաղաքական կենտրոններ ահազանգեր ուղարկել։ Դրանք ոչ միայն ուղղված են ազգային անվտանգությանը, այլև նպատակ ունեն խաթարել Հայաստանի և մի շարք երկրների բարեկամական հարաբերությունները։ Պատասխանատու կերպով ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնարկել, որ ինչ-որ մութ ուժերի սցենար կա, վիրավորում են սեփական ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի սահմաններին սպառնացող վտանգի դեպքում համաժողովրդական շարժումը լծվելու է սահմանների պաշտպանությանը։

«Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ ԱԺ ամբիոնից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերը՝ փորձելով խուճապ տարածել հանրության շրջանում, սա ի՞նչ է եթե ոչ օգնության հուսահատ կանչ ուղղված Ադրբեջանին, ես որևէ այլ որակում չեմ կարող տալ», -ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ եթե ՀՀԿ-ում կան երկրի ապագայով մտահոգ պատգամավորներ, ապա դա կարող են ապացուցել՝ քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին։

«Ես ՀՀԿ-ին որպես ամբողջություն չեմ ուզում դիմել, այլ որպես անհատներ. կուսակցությունը, որը դուք ներկայացնում եք, հատել է այն սահմանը, որից վերադարձ չկա»,- ասաց նա՝ կոչ անելով քվեարկել իր թեկնածության օգտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter