HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում երիտասարդները, աշակերտները դասադուլ են հայտարարել և արգելափակում են փողոցների երթևեկությունը (լրացված)

12։11

Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի ցուցարարներին երթով միացել են քաղաքի թիվ 9 դպրոցի ուսուցիչները: Մանկավարժները հայտարարում են, որ չեն կարող կեղծիքով մտնել դասարան և հանգիստ նայել աշակերտների աչքերին: Ուսուցիչներից Շուշան Զեյնալյանն ասաց, որ ծնողները ևս պահանջել են, որ ուսուցիչները փողոցում լինեն երեխաների կողքին։

10։21

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում այս պահին քննություններ են: Աշակերտներն ու ուսանողները փակել են քոլեջի հարակից փողոցը, իսկ մի խումբ էլ մտել է քոլեջ և վանկարկում` «Միացեք»: Քննություն հանձնողներից մի քանիսն ընդհատել են քննությունը և միացել ցուցարարներին: Նրանց հետ են նաև  դասախոսների մի մասը:

09։33

Այսօր վաղ առավոտից Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում էին հավաքվել մի խումբ երիտասարդներ, աշակերտներ: Նրանք դասադուլ են հայտարարել և բողոքում են երեկ ԱԺ-ի կողմից կայացված որոշման դեմ, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելուն:

Իռենա Մխիթարյանը սովորում է Էջմիածին քաղաքի Էռնեկյանի անվան դպրոցում` 9-րդ դասարանում: Նա դասընկերների հետ հրապարակում էր: Իռենան «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կողմնակից չէ այն հայտարարություններին, թե երեխաներն իրավունք չունեն մասնակցել բողոքի ակցիաներին:
«Ինձ թվում է` երեխաները ևս պետք է մասնակցեն այս բողոքի ակցիաներին, որովհետև վտանգ է սպառնում գլխավոր արժեհամակարգին` հայրենիքին: Ներքին գժտություններ են, դա վտանգավոր է», - ասում է Իռենան:
Նա մեջբերեց Հովհաննես Թումանյանի այն խոսքերը, որ «ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
Երիտասարդները քայլելու են Էջմիածնի փողոցներով և հնչեցնելու են խաղաղ անհնազանդության կոչեր: Էջմիածնի աշակերտները փակել են հրապարակամերձ ճանապարհը: Այս պահին փակ է նաև քաղաքի  Զվարթնոց թաղամասի փողոցները:

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter