HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գլխավոր դատախազությունը Նաջարյանների դեմ

Տես նաեւ՝ «Ձորագյուղ» 4 շենքի պատմությունը

2004թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարեց ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի բողոքը: Դատարանը որոշեց, որ քրեական գործով վարույթը պետք շարունակվի, եւ Ջորջ Նաջարյանը պետք է ընդգրկվի որպես տուժող: ՀՀ գլխավոր դատախազությունը դեմ է դատարանի այս որոշմանը եւ դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին ներկայացրեց իր բողոքը: Դատախազությունը դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսինքն' դատախազությունը գտնում է, որ անհրաժեշտություն չկա շարունակելու գործով քննությունը՝ չնայած որ խարդախության փաստով Գ. Իգիթյանի դեմ հարուցվել էր քրեական գործ:

11 հատոր կազմող քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո որոշեցինք հանդիպել եւ զրուցել Գրիգոր Իգիթյանի հետ: Գրիգորի հետ հանդիպել էինք ուղիղ մեկ տարի առաջ: Նա այն ժամանակ ասաց, որ իր նկատմամբ անարդարություն է տեղի ունենում եւ խնդրեց, որպեսզի մենք զբաղվենք իր գործով: Գրիգորի ներկայացրած փաստաթղթերը հետաքրքրեցին մեզ:

2004թ. մարտին Բոստոնում հանդիպեցինք Ջորջ եւ Քերոլայն Նաջարյաններին: Նրանք պատմեցին իրենց հետ կատարվածը, իսկ փաստաթղթերին առաջարկեցին ծանոթանալ Երեւանում իրենց ներկայացուցչի' Աշոտ Պողոսյանի մոտ:

Գրիգոր Իգիթյանը մեզ տված հարցազրույցում գրեթե ոչինչ չավելացրեց իր տված ցուցմունքներին: Նույնիսկ հրաժարվեց իր որոշ նախնական ցուցմունքներից, երբ նրան այդ մասին հիշեցրինք:

Գլխավոր դատախազությունը բոլոր հիմքերն ուներ քրեական գործն ավարտելու եւ այն դատարան ուղարկելու համար: Սակայն մի պահ անհասկանալի բեկում եղավ քննության ընթացքի մեջ, եւ դատախազությունը քրեական գործը կարճելու որոշում կայացրեց:

Նրանից, թե ով է կանգնած այս գործի ետեւում, կախված է նրա ընթացքը: Նաջարյանների ներկայացուցիչ, իրավաբան Աշոտ Պողոսյանը նշում է, որ դա այնքան էլ կարեւոր չէ. «Կարեւորը գործի ճիշտ քննությունն է»,- ասում է նա:

Մենք, սակայն, չենք կիսում Ա. Պողոսյանի կարծիքը: Դատաիրավական համակարգի հետ մեր ունեցած առնչությունների հարուստ փորձը հուշում է, որ Հայաստանում «օրենքը կախված է» նրանից, թե որ պաշտոնյայի համար այն պիտի «գործածվի», եւ իրավապահ մարմիններն ու դատարանները օրենքը կիրառում են' «հարմարեցնելով» կոնկրետ պաշտոնյայի ցանկությանը կամ ցուցաբերած «վերաբերմունքին»:

Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանները հանդիպել են ՀՀ նախկին եւ ներկա գլխավոր դատախազներ Արամ Թամազյանին եւ Աղվան Հովսեփյանին: Նախկին դատախազը խոստացել էր ուշադրության կենտրոնում պահել այդ գործը: Իսկ Աղվան Հովսեփյանը Քերոլայն Նաջարյանին հայտնել է, որ այս գործում քրեորեն պատժելի արարք չկա, եւ գործը պետք է լուծվի քաղհայցով: Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը կայացվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անմիջական գիտությամբ, եւ գործի կարճման մասին որոշումը նույնիսկ քննարկվել է կոլեգիայում:

Մենք որոշ տեղեկություններ ունենք այն մասին, թե ով է կանգնած Գրիգոր Իգիթյանի թիկունքում, սակայն առայժմ ճշտում ենք այդ տեղեկությունները եւ համոզված լինելու դեպքում անպայման կանդրադառնանք: Մի բան հստակ է. այդ «թիկունքն» այնքան հզոր է, որ նույնիսկ նախագահական ապարատի որոշ պաշտոնյաներ չեն կարողանում ազդել իրենց լծակներով:

Հիշեցնենք, թե ինչ էր պարզել նախաքննությունը:

ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանը «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում 4, 11 եւ 12 հասցեներով հողատարածքների ձեռք բերման նպատակով 1998թ. դեկտեմբերին «Հայք-95» եւ «Շանթ-94» ՍՊԸ-ների փաստացի տիրոջ' Դավիդ Դավիդյանի այրի Սոնյա Թաշչյանի անձնական հաշվին է փոխանցել 35 000 դոլար: Այդ փաստը հաստատում են Սոնյա Թաշչյանը եւ ՍՊԸ-ների մյուս երկու բաժնետերերը: Քանի որ, ըստ Ջորջ Նաջարյանի, Գրիգոր Իգիթյանը նրան հավաստիացրել է, որ որպես օտարերկրյա քաղաքացի նա իրավունք չունի Հայաստանում հանդիսանալ հողի եւ անշարժ գույքի սեփականատեր, այդ հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի փոխանցումը կատարվել է «Հայք-95» եւ «Շանթ-94» ՍՊԸ-ների բաժնետերերի փոփոխման եղանակով: 1999թ. նշված ընկերությունների բաժնետերեր են դարձել Գրիգոր Իգիթյանն ու Ջորջ Նաջարյանի ընկեր Գուրգեն Մելիքյանը' յուրաքանչյուրը 50% բաժնեմասով: Իսկ «Հայթեքլեյզեր» ՀՁ ՓԲԸ-ի 50 %-ի բաժնետեր Մանուկ Մանուկյանը 1999թ. սեպտեմբերին հօգուտ Ջորջ Նաջարյանի հրաժարվել է թիվ 4 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ ունեցած իրավունքներից:

Հետագայում Գ. Իգիթյանի նախաձեռնությամբ Գուրգեն Մելիքյանը հրաժարվել է «Հայք-95» եւ «Շանթ-94» ՍՊԸ-ներում ունեցած իր բաժնեմասերից, եւ դրանց միակ բաժնետեր է դարձել Գրիգոր Իգիթյանը: Այնուհետեւ Ջորջ Նաջարյանը այս երկու հողատարածքների վրա նախաձեռնել է երկու շենքերի շինարարությունը, որի ղեկավարումը հանձնարարել է Գրիգոր Իգիթյանին: Ջորջ Նաջարյանը «Միդլենդ Արմենիա» (HSBC) բանկում բացել է հաշիվ, որից կարող էին օգտվել միայն ինքը եւ Գրիգոր իգիթյանը: Շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Ջորջ Նաջարյանն ուղարկել է այս հաշվին, որտեղից էլ Գրիգոր Իգիթյանը դրանք ստացել եւ ծախսել է:
«Ձորագյուղ» ազգագրական թաղամասի 4, 11/12 հասցեներում Գ. Իգիթյանի ղեկավարությամբ սկսել են կառուցվել երկու շենքերը:

2002թ. «Հայք-95» եւ «Շանթ-94» ՍՊԸ-ները վերանվանվեցին համապատասխանաբար «Հայք-ԳԶԻ» եւ «Շանթ-ԳԶԻ»: Մայիսին Գրիգոր Իգիթյանը «Ձորագյուղ» 11/12 հասցեում գտնվող հողատարածքներն ու դրանց վրա եղած երկհարկանի անավարտ շինությունը գրանցում է այդ ընկերությունների անվամբ:

Գրիգոր Իգիթյանը իր կնոջը' Սուսաննա Հակոբյանին տալով «Հայք-ԳԶԻ» եւ «Շանթ-ԳԶԻ» ընկերությունների անունից հանդես գալու լիազորագիր' 2002թ. հունիսի 5-ին նրանից 1 մլն 125 հազար դրամով գնում է Ձորագյուղ 11/12 հասցեում գտնվող հողատարածքը եւ անավարտ շինությունը:

2002թ. հուլիսի 3-ին Գ. Իգիթյանը 100,000 դրամով «Հայթեքլեյզեր» ՀՁ ՓԲԸ տնօրեն Մանուկ Մանուկյանից գնել է Ձորագյուղ թիվ 4 հասցեում գտնվող անավարտ շենքն ու հողատարածքը:
Ձորագյուղ ազգագրական թաղամասի 4 եւ 11/12 հասցեներում գտնվող հողատարածքներն ու անավարտ շինությունները իր անվամբ գրանցելուց հետո Գրիգոր Իգիթյանը լուծարել է «Հայք-ԳԶԻ» եւ «Շանթ-ԳԶԻ» ՍՊԸ-ները:

2002թ. նոյեմբերին, երբ կառուցված են եղել այս երկու շենքերի առաջին եւ երկրորդ հարկերը, դրանց շինարարության հետագա ղեկավարումը Ջորջ Նաջարյանը հանձնարարել է ԱՄՆ քաղաքացի, ճարտարապետ Գրիգոր Նազարյանին: Նրա ղեկավարությամբ կառուցվել են երկու շենքերի երրորդ հարկերը, իսկ թիվ 4 շենքում կատարվել են նաեւ ներքին հարդարման եւ կահավորման աշխատանքներ:

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալուց հետո Ջորջ Նաջարյանը դիմել է Գրիգոր Իգիթյանին' վերոհիշյալ շենքներն ու հողատարածքներն իր անվամբ ձեւակերպելու համար: Գրիգոր Իգիթյանը հրաժարվել է' ասելով, որ դրանք կառուցվել են իր անձնական միջոցներով:

2004թ. հունվարի 27-ին Գրիգոր Իգիթյանը պայմանագիր է կնքել Համբարձում Գրիգորյանի հետ թիվ 11/12 հասցեում գտնվող շենքն ու հողատարածքը 348 մլն դրամով (600,000 ԱՄՆ դոլար) վաճառելու վերաբերյալ: Թե ով է Համբարձում Գրիգորյանի թիկունքում, մենք առայժմ չենք ուզում նշել: Հ. Գրիգորյանը ծառայում է Ռազմական ոստիկանությունում, նա ատամնաբույժ է եւ, բնականաբար, այդքան մեծ գումարներ չի ունենա: Մեր հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենից բացի սեփականության բաժնետերեր են իր հոր ընկերները, որոնց անունները, սակայն, չցանկացավ նշել:

Ըստ քրեական գործի նախաքննության նյութերի' քննիչները պարզել են. Գրիգոր Իգիթյանը բանկից ստացել է Ջորջ Նաջարյանի սեփականությունը հանդիսացող եւ նրա կողմից փոխանցված 242.902 ԱՄՆ դոլար գումարը, որը լրիվ կամ մասամբ ծախսվել է Երեւանի Ձորագյուղ թիվ 4, 11 եւ 12 հասցեներով շենքերի շինարարության ընթացքում: Բացի այդ, վիճելի անշարժ գույքի' երկու տների վրա ներդրվել է նաեւ Ջորջ Նաջարյանի 138.000 ԱՄՆ դոլար գումարը:

Գրիգոր Իգիթյանի' Ջորջ Նաջարյանի հանձնարարությամբ այլ անձանց տրված գումարների վերաբերյալ ձեւակերպված ստացականների վրա առկա է գրառում այն մասին, որ գումարները տրվում են ֆոտոբիզնեսի գումարներից, իսկ դրանք Գրիգոր Իգիթյանի անձնական սեփականությունը չեն հանդիսանում:

Գրիգոր Իգիթյանը սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված իրավաբանական անձի կողմից լիազորագիր է տվել իր կնոջը, որը «Գրիգոր Իգիթյան» քաղաքացուն է վաճառել որպես իրավաբանական անձի սեփականություն ձեւակերպված վիճելի անշարժ գույքը:

Գրիգոր Իգիթյանը շինարարական աշխատանքներն իրականացնող անձանց տեղեկացրել է, որ աշխատանքները կատարվում են Ջորջ Նաջարյանի միջոցների հաշվին, շինարարական աշխատանքներն իրականացնող անձանցից խնդրել եւ ստացել է ակնհայտ կեղծ ստացականներ, որտեղ կատարված աշխատանքների ծավալների եւ դրանց դիմաց պահանջվող գումարների վերաբերյալ նշվել են ուռճացված տվյալներ' Ջորջ Նաջարյանին ներկայացնելու եւ կատարված աշխատանքների իրական արժեքը զգալիորեն գերազանցող գումարներ ձեռք բերելու համար:
Գրիգոր Իգիթյանը վիճելի տներից մեկը վաճառել եւ դրա դիմաց 600 000 ԱՄՆ դոլար գումար է ստացել առանց Ջորջ Նաջարյանին տեղեկացնելու: Փաստորեն, նրանից գաղտնի տնօրինել է նաեւ վերջինիս սեփականությունը:

Գրիգոր Իգիթյանը տվել է իրարամերժ ցուցմունքներ մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարին համարժեք անձնական միջոցներ ունենալու եւ դրանք վիճելի անշարժ գույքի վրա ներդնելու մասին: Միայն նախաքննության վերջում հայտնել է իր կնոջ հարազատների կողմից որպես ժառանգություն թողնված թանկարժեք իրերի ու նկարների եւ դրանց մի մասի' դեռեւս իր բնակարանում գտնվելու մասին: Նրա այս փաստարկը հերքվել է նաեւ իր բնակարանում քրեական գործի նախաքննությամբ կատարված խուզարկությամբ: Խուզարկությամբ հաստատվել է, որ բնակարանում որեւէ արժեքավոր գույք, այսինքն' թանկարժեք նկարներ եւ այլ իրեր չկան: Սակայն մի քանի ամիս անց վարույթն իրականացնող մարմինը որպես Գրիգոր Իգիթյանի պատճառաբանությունների հիմնավորում ձեւակերպել է այն հանգամանքը, որ նրա բնակարանում առկա է թանկարժեք նկար' առանց պարզելու, թե ինչու այդ նկարը խուզարկությամբ չի հայտնաբերվել այն դեպքում, երբ խուզարկությունը կատարվել է թանկարժեք գույք հայտնաբերելու նպատակով:

Այս ամենը նախաքննությամբ պարզելուց հետո, այնուամենայնիվ, կայացվել է քրեական գործը կարճելու մասին որոշում: Միանշանակ է, որ գործը կարճվել է ինչ-որ մեկի ցուցումով, որովհետեւ նախաքննական մարմինը բացահայտել է գրեթե ամեն ինչ:
Խաբեության մյուս զոհերը

Գուրգեն Մելիքյանը Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների հետ ծանոթացել է 1989 թ.: Նրանք կարճ ժամանակում դարձան մտերիմ բարեկամներ: Գ. Մելիքյանը Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկանն է: Նա նաեւ Քերոլայն Նաջարյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայկական առողջապահական միության» ներկայացուցիչն է Հայաստանում: Կազմակերպությունը գրասենյակներ ունի Գյումրիում եւ Լեռնային Ղարաբաղում: Ձորագյուղում կառուցվող շենքերից մեկը հենց նախատեսված էր այս կազմակերպության գրասենյակի համար: Դատախազությունում տրված բացատրության մեջ Գուրգեն Մելիքյանը նշել է. «Մի քանի տարի առաջ Ջորջի այցելություններից մեկի ժամանակ տեղեկացա, որ նա Հայաստանում ցանկանում է ձեռք բերել հողակտորներ, եւ քանի որ Իգիթյանը նրան ասել էր, թե օտարերկրացին չի կարող լինել հողի եւ անշարժ գույքի սեփականատեր, նա ինձ առաջարկեց դրանցից երկուսը գրանցել իմ անունով: Ստանալով իմ համաձայնությունը' Ջորջն ասաց, որ դրա հետ կապված բոլոր հարցերով զբաղվում է իր ներկայացուցիչ Գ. Իգիթյանը: Վերջինս էլ հոգ տարավ այդ կապակցությամբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու եւ ձեւակերպումները կատարելու մասին: Ես որեւէ պետական կառավարման կամ ինքնակառավարման, ինչպես նաեւ' նոտարական մարմին չեմ այցելել, սակայն Գրիգորի կողմից ներկայացված մի քանի փաստաթղթեր իրականում ստորագրել եմ...Որոշ ժամանակ անց Իգիթյանն ինձ ասաց, որ Ջորջը ցանկանում է այդ հողակտորը ձեւակերպել Գ. Իգիթյանի անունով եւ ձեւակերպումները կատարելու համար խնդրեց միայն իմ անձնագիրը: Ավելի ուշ' Գ. Իգիթյանի եւ Ջ. Նաջարյանի հարաբերությունների սրումից հետո, Ջորջ Նաջարյանի հետ կայացած զրույցից տեղեկացա, որ այն ժամանակ Ջ. Նաջարյանը նրան այդպիսի հանձնարարական չի տվել...: 2003թ. հունիսին իր հայաստանյան այցելության ժամանակ Ջորջի կինը' Քերոլայնը, առաջարկեց ինձ այցելել իրենց պատկանող եւ Ջորջի միջոցներով կառուցվող Ձորագյուղ թաղամասում գտնվող երկու շենքերը ու հայտնեց, որ այդ շենքերից մեկի առաջին հարկը տրամադրում է «Հայկական առողջապահական միությանը»' որպես գրասենյակ, իսկ մյուս շենքը նրանք պլանավորում էին օգտագործել որպես բնակարան: Քերոլայնը որեւէ բան չի ասել նշված շենքերը կամ դրանց մի մասը Գրիգորին պատկանելու վերաբերյալ, իսկ ես վաղուց գիտեի, որ շենքերի կառուցումն ի սկզբանե եւ մինչեւ օրս էլ ֆինանսավորվում է Ջորջի կողմից...»: Այս ցուցմունքը Գուրգեն Մելիքյանը տվել է 2004թ. փետրվարի 10-ին:

«Է. Կորկոտյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուրադ Կորկոտյանը 12.02.2004-ին դատախազությունում տված բացատրության մեջ նշել է. «...Նաջարյանի խնդրանքով 2002թ. մայիսից սկսած անհատ անձանց միջոցով կազմակերպել ու ղեկավարել եմ Ձորագյուղ 4, 11 եւ 12 հասցեներով շենքերի շինաշխատանքները...Իմ ունեցած տվյալներով' շինարարության ֆինանսավորումը կատարել է Նաջարյանը, իսկ Իգիթյանն իր հերթին մշտապես գանգատվում էր, որ Նաջարյանը մշտապես ուշացնում է վճարումները»:

Այդ նույն բացատրության մեջ ստացականների շուրջ պարզաբանումներ տալով' Է. Կորկոտյանը հայտնում է. «Այսպիսով, ես Իգիթյանից իրականում ստացել եմ 18.643 եւ 36.450 ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ, այսինքն' 55.093 ԱՄՆ դոլար, մինչդեռ նա Նաջարյանին ներկայացրել է 97.793 ԱՄՆ դոլար ծախս: Այժմ ինձ համար պարզ է, որ Իգիթյանը իր կողմից յուրացված գումարները պարտակել է իմ միջոցով...»: Նա նշել է նաեւ, որ իր մոտ պահպանված է Իգիթյանի ձեռագրով գրված բոլոր ծախսերի ցանկը' վճարումների ժամանակացույցով եւ վճարող անձի նշումով:

Նաջարյանի եւ Իգիթյանի հարաբերությունների վատանալուց հետո Է. Կորկոտյանը շարունակել է շինարարական աշխատանքները արդեն Միացյալ նահանգներից եկած Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչ, ճարտարապետ Գրիգոր Նազարյանի ղեկավարությամբ: Նա Գ. Նազարյանից ստացել եւ ծախսել է 312 հազար դոլար:

«Տարոն» ՍՊԸ-ի ինժեներ Զենոն Սարգսյանը 13.02.2003թ. տված բացատրության մեջ հայտնել է. « Թիվ 11-12 շենքերի առաջին հարկի աշխատանքների վերաբերյալ կազմվեց կատարողական ակտ' 689.000 դրամ գումարով: Այդ գումարը մեր կատարած աշխատանքների ծավալի համեմատ բավականին ցածր էր եւ չէր համապատասխանում նախկինում պայմանավորված գնին, սակայն Գ. Իգիթյանը, վկայակոչելով իրենց ֆինանսական դժվարությունները, խնդրեց գնալ փոխզիջման' նվազեցնել կատարված ծավալները այն պայմանով, որ հաջորդ ակտերում նվազեցված ծավալներն ու գումարը կուղղվեն, եւ չվճարված գումարը կմարվի: Սակայն հետագայում մեր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ կազմված ակտերը նա չընդունեց եւ չստորագրեց' պատճառաբանելով, որ գումարները վճարելու է Նաջարյանը, թեեւ պայմանագիրը մենք կնքել ենք իր հետ: Հատկանշական է, որ Նաջարյանի այցելությունների ժամանակ Գ. Իգիթյանն ամեն կերպ աշխատում էր մեզ մեկուսացնել նրանից, խնդրում էր չմոտենալ Նաջարյանին ու չանհանգստացնել նրան: Նա մի քանի անգամ մեզ զգուշացրեց, որ շինարարության ծախսերի վերաբերյալ Նաջարյանի մոտ չխոսենք, վճարված գումարների վերաբերյալ նրա հարցերին չպատասխանենք, դժգոհություն չարտահայտենք»:

Այնուհետեւ Զենոն Սարգսյանը բացատրում է, թե ինչպես են աշխատել այդտեղ, ինչպես են ձեռք բերել շինանյութերը, բայց միշտ վճարելու ժամանակ խնդիրներ են առաջացել. «Կատարված աշխատանքների դիմաց գումարները ստանալու նպատակով մենք Գ. Իգիթյանին առաջարկեցինք մեր ներկայությամբ կապվել Նաջարյանի հետ եւ պահանջել գումարը: Նա պատասխանեց, որ կմտածի, սակայն որոշ ժամանակ անց հրավիրեց մեզ եւ հայտարարեց, որ եթե ուզում ենք մեր պարտքերը ստանալ, ապա պետք է ստորագրենք գումարներ ստանալու վերաբերյալ տեղեկանք, որից հետո նա կկարողանա Նաջարյանից գումարներ կորզել: Մեր առարկություններին նա պատասխանեց, որ այդ տեղեկանքը գրվում է Նաջարյանին ներկայացնելու համար, որպեսզի հնարավորինս արագ մարվի պարտքը, եւ որ այն ստացական չէ, ու մենք անհանգստանալու պատճառ չունենք: Նա միաժամանակ շեշտեց, որ հակառակ դեպքում մենք կզրկվենք կատարված աշխատանքների փոխհատուցում ստանալու հույսերից: Գ. Իգիթյանի երկար հորդորներից հետո մենք ստորագրեցինք տեղեկանք, թե իբր շինարարությունն իրականացնելու համար 2001թ. մայիսից մինչեւ 2002թ. մարտը ընկած ժամանակահատվածում իրենից ստացել ենք 117. 539 ԱՄն դոլարին համարժեք դրամ: Մենք ճարահատյալ համաձայնեցինք ստորագրել այդ տեղեկանքը...: Տ եղեկանքը կազմելուց հետո Գ. Իգիթյանը դարձյալ օգտագործում էր ցանկացած պատրվակ եւ միջոց, որ մեր կողմից կատարվող աշխատանքները ճանաչվեն անորակ: Տպավորությունն այնպիսին էր, որ նա ուզում էր մեզանից ազատվել ցանկացած միջոցով, քանի որ նույնիսկ տեղեկանքը ստորագրելուց հետո չկատարեց իր խոստումը եւ չվճարեց: Մենք որոշեցինք դադարեցնել աշխատանքները, որից հետո մեր հարաբերություններն ավելի սրվեցին, եւ հետագա աշխատանքների կատարումը նա հանձնարարեց նոր շինարարի: Այդ ժամանակ մենք հասկացանք, թե Գ. Իգիթյանի հնարքներն ինչ նպատակ էին հետապնդում, այն է' մեզանից ազատվել առանց կատարված աշխատանքների դիմաց վճարելու»:

Չորս էջանոց իր բացատրությունը Զենոն Սարգսյանն ավարտում է այսպես. «Այսպիսով, նա մեզ բազմիցս խաբել է, չի վճարել մեր կատարած աշխատանքի դիմաց, որի կապակցությամբ խնդրում ենք նրան պատասխանատվության ենթարկել ու փոխհատուցել մեր կրած վնասները»:

«Հայթեքլեյզեր» ՓԲԸ ՀՁ տնօրեն Մանուկ Մանուկյանը նույնպես բացատրություն է տվել դատախազությունում: Ահա դրանցից մեկը, որը թվագրված է 16 փետրվարի 2003թ.:

«Մեր ընկերության հողակտորի վրա իրականացվելիք կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպումները տվել է Իգիթյանը, իսկ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կատարել է Ջորջը:

Շեշտում եմ, որ ես երբեւիցե Իգիթյանին «Հայթեքլեյզրի» կնիքը չեմ տրամադրել, եւ առանց ինձ նա որեւէ փաստաթուղթ վավերացնել չէր կարող: Միայն Երեւան քաղաքի դատախազությունում կայացած հանդիպման ընթացքում եմ տեղեկացել, որ առքուվաճառքի պայմանագրի գնորդի դերում հանդես է եկել Իգիթյանը, թեեւ այն կնքելիս նա ինձ հավաստիացնում էր, որ այդ գործարքում ինքը լոկ հանդիսանում է Ջորջի ներկայացուցիչը: Ի դեպ, ասեմ, որ պայմանագրի ինձ մոտ մնացած օրինակի վրա բացակայում է Իգիթյանի ստորագրությունը, թեեւ այն հաստատված է նոտարի կողմից, եւ Իգիթյանը մի քանի անգամ փորձել է համոզել ինձ այդ օրինակում ավելացնել իր ստորագրությունը, որին ես պատասխանել եմ, որ դա կարող եմ անել միայն նոտարի ներկայությամբ: Նա, միաժամանակ, խնդրեց ոչ մեկին ցույց չտալ այդ փաստաթուղթը: Այսպիսով, ինձ միայն ներկայումս է պարզ դառնում, որ Ջորջի լիազորագրով Իգիթյանին հիմնական միջոցների օտարման իրավասություն տրված չի եղել եւ, հետեւաբար, նա իրավունք չի ունեցել իր անունով դրանք ձեւակերպել: Ու որպեսզի դա կատարի, նա գնացել է խարդավանքի ու ինձնից խաբեությամբ կորզել է իմ կողմից ստորագրված ժողովի արձանագրությունը»:

Հողամասի վրա իրականացված շինարարական աշխատանքների ֆինանսավորման մասին տրված հարցին Մ. Մանուկյանը պատասխանում է. «Գումարները տրամադրել է Նաջարյանը, որի մասին բազմիցս խոսվել է Իգիթյանի ներկայությամբ, իսկ իմ կողմից 1999թ. ստորագրած հրաժարականում այդ մասին նաեւ կատարվել է հատուկ շեշտադրում, որ Նաջարյանի միջոցների հաշվին են կառուցվում շենքերը: Այդ մասին նաեւ վկայում է այն հանգամանքը, որ հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն' ես Իգիթյանից բազմիցս պահանջել եմ շինարարության ծախսերը ձեւակերպել ընկերության դրամարկղով, սակայն նա հրաժարվել է դա անել' պատճառաբանելով, որ ինքը հաշվետու է միայն Ջորջի առջեւ' որպես ֆինանսավորողի: Ջորջի կողմից շինարարության ֆինանսավորումը մշտապես հաստատել է հենց ինքը' Իգիթյանը»:

«Իգիթյանին բնորոշող մանրամասներից մեկն էլ այն է, որ նա սեփականացրեց Ջորջի կողմից մեր ՓԲԸ-ին ուղարկած թանկարժեք համակարգիչը ու դրա փոխարեն հանրապետությունում գնեց ու ինձ տվեց երկրորդ կարգի էժան այլ համակարգիչ»,-իր ցուցմունքներում նշել է Մ. Մանուկյանը:

«Գրիգոր Իգիթյանը Ջորջ Նաջարյանի գույքի հափշտակությունը կատարել է ինչպես խաբեության, այնպես էլ վստահությունը չարաշահելու եղանակներով: Իգիթյանը դիտավորությամբ խեղաթյուրել է իրականությունը, կոնկրետ փաստերը կամ հաղորդել է կեղծ փաստեր: Մասնավորապես, որոշման մեջ նշվում է, որ ՍՊԸ-ներում երկու փայատեր լինելու հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ դա է պահանջել օրենսդրությունը, այնինչ ինչպես 1999թ. սկզբին, այնպես էլ հետագայում ՍՊԸ-ներին օրենքով նման պահանջ երբեւէ չի ներկայացվել: Իգիթյանը խաբեությամբ ձեռք է բերել այդ ՍՊԸ-ների մյուս փայատեր Գ. Մելիքյանի բաժնեմասը' վերջինիս մոլորեցնելով, թե իբր նման ցանկություն են հայտնել Նաջարյանները: Այս պարագայում նախաքննության մարմինը չի էլ պարզել, թե ինչու պետք է Մելիքյանը հօգուտ Իգիթյանի հրաժարվեր հիշյալ ընկերություններում ունեցած իր բաժնեմասերից»,-ասում է Ջորջ Նաջարյանի շահերի ներկայացուցիչ Աշոտ Պողոսյանը:

Գրիգոր Իգիթյանի խոսքերով' Նաջարյանին «Հայք» եւ «Շանթ» ՍՊԸ-ներում բաժնետեր դառնալու եւ Ձորագյուղ թաղամասում շինարարություն կատարելու առաջարկությունը ինքն է արել: Մինչդեռ, գործի նյութերով հիմնավորվում է, որ Ձորագյուղ 4, 11 եւ 12 հասցեների հողերի նկատմամբ իրավունքները փոխանցելու համար Նաջարյանը 1998թ. դեկտեմբերի 12-ին, առանց Իգիթյանի մասնակցության եւ գիտության, 35.000 ԱՄՆ դոլար է վճարել Սոնյա Թաշչյանին:

Հետագայում Իգիթյանը հայտնել է Նաջարյանին, թե հողերը չսեփականաշնորհելու դեպքում առկա է դրանք կորցնելու վտանգ եւ, օգտվելով օրենսդրության արգելքից (օտարերկրացիները չէին կարող հողի սեփականատեր լինել), հողատարածքների եւ շենքերի նկատմամբ բոլոր իրավունքները գրանցել է իր անունով:

«Իգիթյանի կողմից Նաջարյանի գույքի հափշտակության փաստը հաստատվում է հենց Իգիթյանի այն ցուցմունքով, որ Նաջարյանը պետք է իր հետ դառնար համասեփականատեր այդ գործունեության մեջ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Ձորագյուղում համատեղ շինարարություն կատարելու վերաբերյալ նրանց միջեւ երբեւէ որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել, ներառյալ ներդրումների քանակի, բաժինների չափի եւ արդյունքի հետագա տնօրինման կապակցությամբ», ասում է Աշոտ Պողոսյանը:

2003թ.–ի նոյեմբերի 7-ին Երեւան քաղաքի դատախազությունում տրված բացատրության մեջ Գրիգոր Իգիթյանը նշել է. «Ելնելով այն հանգամանքից, որ ես եւ Նաջարյանը ունեցել ենք երկար տարիների գործնական եւ բարեկամական հարաբերություններ, անվերապահորեն վստահել ենք իրար, մենք որոշել ենք թիվ 4 եւ 11-12 շենքերը կառուցել եւ օգտագործել որեւէ համատեղ բիզնեսի նպատակով, որի ուղղվածությունը դեռ որոշված չէր, քանի որ շինարարության ավարտի պահին շուկայի պահանջները մեզ համար դեռ անհայտ էին: Այդ իսկ պատճառով թիվ 60 բանկային հաշվի գումարները նույնպես ծախսվում էին ըստ այդ պահին ծագած պահանջների' ներառյալ շենքերի շինարարության համար: Ներկայումս հստակ չեմ կարող ասել, թե թիվ 60 հաշվից կոնկրետ որքա՞ն գումար եմ ծախսել շինարարության նպատակներով, սակայն մոտավոր հաշվարկներով այն կարող է կազմել մոտ 140-150 հազար ԱՄՆ դոլար: Սակայն, իմ մոտավոր հաշվարկներով, թիվ 4 եւ 11-12 շենքերի ընդհանուր շինարարական ծախսերը ...կազմել են մոտ 300-320 հազար ԱՄՆ դոլար...»:

Այս նույն բացատրության մեջ Գրիգոր Իգիթյանը ահա թե ինչ է գրել. «Հայտնում եմ, որ պատրաստ եմ Ջ. Նաջարյանի հետ վերջնահաշվարկ կատարելուց հետո քննարկել թիվ 11-12 շենքերը Նաջարյանին վերադարձնելու հարցը: Քանի որ դրանով խափանվելու են մեր համատեղ բիզնեսի ծրագրերը, ես իրավունք եմ վերապահում նաեւ Նաջարյանից պահանջել իմ կողմից ամբողջ շինարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար փոխհատուցում: Ձեր հարցին պատասխանում եմ, որ թիվ 4 եւ 11-12 շենքերը իմ անունով լինելու հանգամանքը բացատրվում է նրանով, որ համատեղ բիզնես իրականացնելու դեպքում դա էական նշանակություն չէր ունենալու, այդ իսկ պատճառով Նաջարյանը Մանուկյանին հանձնարարել էր թիվ 4 շենքը գրանցել իմ անունով:

Հայտնում եմ նաեւ, որ ես գրավոր առաջարկ կներկայացնեմ «Հայթեքլեյզեր» ՓԲԸ տնօրեն Մ. Մանուկյանին' օրենքով սահմանված կարգով ինձ հետ կազմել թիվ 4 շենքի առուվաճառքի պայմանագրի անվավեր ճանաչման վերաբերյալ համաձայնագիրը: Ինչը եւ ապացուցում է, որ իմ արարքի մեջ չարամիտ նկրտումներ չեն եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter