HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Փողոցի մարդիկ

«Գիտե՞ս, մեզնից շատերը վերջացած սրիկաներ են, բոլոր մեղքերը կատարել են բազում անգամներ: Ես էլ կործանված եմ եւ այլեւս վերադառնալ չեմ կարող, հետդարձի ճանապարհ չունեմ: Բայց մեր մեջ կան մարդիկ, որոնց եթե կարող եք, օգնեք դուրս գան էս վիճակից: Ես տեսնում եմ, որ նրանք «պայքարում են», դիմադրում են: Բայց այդպես երկար չեն կարող, ես էլ էի մի ժամանակ փորձում չանցնել էդ սահմանը, մարդ մնալու սահմանը, բայց չկարողացա: Նրանց օգնեք»,- յոթերորդ հանդիպումից հետո մեզ ասաց քաղաքի բոմժերից մեկը' Ռաֆոն:

Նրանք բոմժեր են, իրենք իրենց մասին այդպես էլ ասում են' մենք' բոմժերս:

Բոմժը ռուսերեն հապավում է, որը նշանակում է ապրելու որոշակի տեղ չունեցող:

Մինչեւ անկախությունը Հայաստանում նման մարդիկ չկային: Երեւանի փողոցներում նրանց երբեւէ չէիր հանդիպի: Այսօր նրանք ամենուր են' հատկապես շուկաներին մերձ աղբանոցներում, բնակելի շենքերի աղբատարներում, մեծ աղբավայրերում, լքված ու կիսափուլ շենքերում, նկուղներում, ստորգետնյա անցումներում...: Մի խոսքով , այնտեղ, որտեղ կարելի է հայթայթել մթերքի մնացորդներ, ապակե եւ պլաստիկե շշեր, կոշիկներ, հին շորեր, թղթի ու փայտի կտորներ... եւ պառկելու մի քիչ տաք տեղ :

Ոչ մի գերատեսչություն, պետական մարմին կամ կազմակերպություն չի կարող ասել, թե քանի՞ թափառաշրջիկ կա Հայաստանում: Նրանք ոչ մի տեղ հաշվառված չեն, նրանց անունները չկան աղքատների ու չքավորների ցուցակներում, նրանք չեն հիշատակվում այդ երեւույթներին վերաբերող ուսումնասիրություններում:

Երբ մահանում են, Երեւանի քաղաքապետարանի թաղման բյուրոն նրանց դիակներն ամփոփում է Սովետաշենի գերեզմանոցի' «անտերների» համար նախատեսված հատվածում:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ իրենց նախարարությունում չկա թափառաշրջիկներով զբաղվով որեւէ օղակ:

Ոստիկանության հասարակական կապերի եւ լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ իրենց մոտ էլ չկա հատկապես թափառաշրջիկներով զբաղվող բաժին: Անչափահաս թափառաշրջիկներով, սակայն, ոստիկանությունը զբաղվում է: Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասում է, որ քաղաքապետարանում ոչ մեկը չի զբաղվում թափառաշրջիկներով, միայն թաղման բյուրոն է նրանց «ընդունում» եւ «ճանապարհում»:

Մոսկվայում, որտեղ բոմժերի թիվը հարյուրավոր հազարների է հասնում, «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունն անտունների համար ախտահանող կայանին կից բացել է ամբուլատոր կետ: Ամեն տարի, ըստ այդ կազմակերպության տվյալների, այդտեղով անցնում են քսան հազար անտուններ: Այս կետը, ինչպես արձանագրում են խնդրով զբաղվողները, ռուսական լրատվամիջոցներում տպագրվող բազմաթիվ հոդվածները, բարելավում է Ռուսաստանի մայրաքաղաքի սանիտարա-համաճարակային իրավիճակը, սահմանափակում է տուբերկուլյոզի, մաշկավեներական հիվանդությունների, հեպատիտ «A» եւ այլ ախտերի տարածումը բնակչության շրջանում:

Երեւանում ոչ մի կառույց չի գիտակցում, որ քաղաքի թափառաշրջիկները վերոհիշյալ հիվանդությունների տարածման օջախ են եւ լուրջ վտանգ են ներկայացնում: Արձանագրենք, որ այդ մարդկանց կարելի է հանդիպել շուկաների մերձակայքում, շենքերի մուտքերի մոտ, հանրային այգիներում: Նրանք նստում են նույն նստարաններին, որտեղ հանգստանում են մարդիկ, խաղում են երեխաները:

Այս խնդիրներով չեն զբաղվել եւ չեն զբաղվում նաեւ միջազգային կազմակերպությունները, ինչ բացատրությունը պարզ է: Քանի դեռ կառավարությունը չի ընդունում, որ երկրում գոյություն ունի նման խնդիր, այդ կազմակերպությունները չեն կարող համապատասխան ծրագրեր իրականացնել: Իսկ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում, որ երկրում թափառաշրջիկներ կան:

Երեւանի քաղաքային իշխանությունները սա լուրջ վտանգ, սոցիալական լուրջ խնդիր չեն համարում: Այդ է պատճառը, որ որեւէ օղակ նրանցով չի զբաղվում:

Հաշվառվում չկա, հետեւաբար որւէ մեկը չի կարող ասել, թե քանի թափառաշրջիկ կա Երեւան քաղաքում: Մեր ուսումնասիրությունների ընթացքում հանդիպեցինք մի քանի տասնյակ նման մարդկանց: Նրանց իսկ վկայությամբ՝ այդ թիվը հասնում է 500-1000-ի: Թափառաշրջիկ Ռոբերտ Բաղդասարյանն ասում է. «Մեր նմանները հազարներ են»:

Սասունցի Դավիթ կայարանի մերձակայքում ապրող Արամը, ով տուն չունենալով հանդերձ՝ իրեն թափառաշրջիկ չի համարում, ասաց, որ այդ շրջանում քառասուն բոմժ կա:

Մայրաքաղաքում չկա մի կացարան, որտեղ կարող են գիշերել բոմժերը:

Դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին ցրտից մահացել է տասներկու թափառաշրջիկ: «Սերժիկը մահացավ հենց այստեղ՝ քո նստած տեղը»,-ասաց թափառաշրջիկ Նորոն: Մահացան Արսենը, Տոման ... Ղարաբաղի թալիշցի բոմժին, որը Շահումյանի պարտիզանական շարժման մասնակիցը էր, 15 օր առաջ սառած գտել են Գումի շուկայի մոտ ...

Նրանք ցրտահարվել են: Այս տեղեկությունները որեւէ պետական մարմնից հնարավոր չեղավ ճշտել, բացի իրենցից՝ բոմժերից: Նրանք անուններով նշում էին, թե ովքեր են մահացել: Ամենից շատ, ինչպես պատմում են բոմժերը, տուժել են հարբածները, որոնք բաց պառկել են ինչ-որ շինության մի անկյունում կամ այգում եւ ցրտահարվել: Դեկտեմբերյան ցրտերը հարվածել են նրանց, ովքեր վաղուց զրկված են ամեն ինչից: Գերատեսչություններից մեկի աշխատակցուհին, որից փորձում էի պարզել, թե ունե՞ն որեւէ տվյալ քաղաքի բոմժերի մասին, զարմացած պատասխանեց. «Բոմժերի մասին ինչպիսի՞ տվյալներ կարող են լինել»:

Մի մուրացկանի մասին երկու ամիս առաջ գրած մեր հոդվածին (Տես' Ճակատագրով դատապարտվածները) , որեւէ պետական մարմին չարձագանքեց, բացի ոստիկանությունից: Հրապարակման հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցները սայլակով հաշմանդամ տղային' Նվերին, եւ նրա ընկերոջը' Լյութոյին, տարան բաժին: Լյութոյին մի օր պահեցին այնտեղ, հաջորդ օրը ստորագրություն վերցրին, որ այլեւս չի գնալու տեղափոխելու հաշմանդամ Նվերին, որպեսզի վերջինս քաղաքի կենտրոնում մուրացկանություն չանի: Սա է եղել իշխանությունների միակ «արձագանքը»: («Հետք»-ը շնորհակալություն է հայտնում æոն Դահլբերգին Սան Ֆրանցիսկոյից, ով 100 դոլար է ուղարկել Նվերի համար, եւ ֆրանսիական «ԱՍՊԱ» կազմակերպությանը: Վերջինս հաշմանդամ Նվերին սայլակ է նվիրել) : Հայաստանյան որեւէ կազմակերպություն այդպես էլ չարձագանքեց: Եւ այս նյութը գրելիս էլ մտավախություն ունեմ, որ ոստիկանությունը կարող է բոլոր բոմժերին մի քանի օրով հավաքել եւ տանել քաղաքից դուրս կամ մեկուսարաններ: Այդպիսի դեպքեր էլ են արձանագրվել: Չնայած՝ դա գուցե բոմժերի համար նախընտրելի լինի. «Ու՞ր է մեզ այդպիսի բախտ, գոնե մի քանի օր կտաքանանք իրենց մոտ»,- ասաց նրանցից մեկը:

Երբեմն ոստիկանները հավաքում են բոմժերին. «Վերեւից հրահանգ է գալիս, որ էսինչ օրը քաղաքում բոմժ չպիտի երեւա, հյուրեր են գալիս: Ու մենք ստիպված դրանց բռնում, տանում ենք քաղաքից դուրս, մեջների մի քիչ մաքուրներին բաժին ենք տանում, պահում մի երկու օր: Թե չէ, մեզ պե՞տք է դրանցով զբաղվենք, հազար հիվանդություն կա վրաները»,-ասում է ոստիկանության մի ծանոթ աշխատակից:

«Մի անգամ, երբ իմ մոտ 18 հազար դրամ կար եւ ոստիկանությունն ինձ տարել էր բաժին, ես ստիպված տակս կեղտոտեցի, որպեսզի ինձ չխուզարկեն: Ոստիկանները, քթները բռնած, ինձ վռնդեցին բաժնից»,- ծիծաղելով պատմում է 65-ամյա Սերոժը:

Քաղաքի կենտրոնում' փողոցում բնակվող այս մարդիկ իշխանական բուրգում գտնվողներից որեւէ մեկին չեն հետաքրքրում: Ես օրեր շարունակ փորփրեցի կառավարության աղքատության կրճատման մասին բոլոր փաստաթղթերը, այդ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները, եւ որեւէ տեղ այդպես էլ չհանդիպեցի թափառաշրջիկների մասին գրված մի տողի:

Զրուցեցի Կենտրոն համայնքի թաղապետարանի աշխատակիցների հետ' իմանալու, թե որեւէ աշխատող զբաղվու՞մ է իրենց համայքնի թափառաշրջիկներով: Պարզվեց' ոչ:

Հունվարի 4-ին մենք փորձեցինք չորս թափառաշրջիկի տանել բաղնիք: Մայրաքաղաքի ոչ մի բաղնիք նրանց չընդունեց: Աբովյան փողոցի բաղնիքի աշխատողն այսպիսի բացատրություն տվեց. «Այստեղ ընտանիքներով են գալիս, նորմալ մարդիկ են, եթե նրանք իմանան, որ բոմժեր են եկել, մենք կզրկվենք մեր հաճախորդներից: Կարող է հազար հիվանդություն ունեն, մենք ի՞նչ իմանանք»: Մենք որեւէ բան չգտանք նրանց ասելու: Ի վերջո, Երեւանի լողավազաններից մեկի կաթսայատան աշխատողը համաձայնեց ներս թողնել, եւ թափառաշրջիկները լողացան:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter