HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ցուցարարների պնդմամբ՝ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է փողոց փակած երեխաներին

Այսօր վաղ առավոտից Ավան վարչական շրջանում բողոքի ակցիաներ են: Բաբաջանյան փողոցում մի քանի խաչմերուկ փակված է Առինջ գյուղի, Բաբաջայանի փողոցի ու հարակից շրջանների բնակիչների կողմից: Փողոցով անցնել չի հաջողվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Արդյունքում, Հայրապետյանի ու ցուցարարների միջև վիճաբանություն է սկսվել:

Հայրապետյանի առանձնատուն տանող ճանապարհն անցնում է Բաբաջանյան փողոցով: Նրա մեքենան առնվազն երկու անգամ փորձել է Բաբաջանյան փողոցի փակված հատվածով անցնել, սակայն ցուցարարները թույլ չեն տվել, ինչն էլ առաջացրել է Հայրապետյանի զայրույթը:

ՀՖՖ նախագահի մեքենայի ընթացքը թույլ չտալու առաջին դեպքին «Հետք»-ի լրագրողը ներկա էր: Այդ ժամանակ որևէ միջադեպ տեղի չունեցավ, մեքենան շրջվեց ու հեռացավ: Երկրորդը դեպքը եղել է դրանից որոշ ժամանակ անց:

Ցուցարարները մեզ ահազանգեցին այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը եկել ու վիճաբանում է քաղաքացիների հետ: Երբ հասանք դեպքի վայր, ականատեսները հայտնեցին, որ Հայրապետյանը հարվածել է դպրոցական երեխաների, որոնք փողոցը փակած են եղել հեծանիվներով:

Ականատեսները  մատնացույց արեցին նաև այն դպրոցականներին, որոնց, ըստ նրանց պնդման, Ռուբեն Հայրապետյանը հարվածել է: Ականատեսների վկայությամբ՝ երեխաները փակած են եղել ճանապարհը, երբ Հայրապետյանը եկել է դեպքի վայր, մեքենայից իջել, հարվածել նախ նրանց հեծանիվներին, ապա իրենց՝ երեխաներին:

Ապա Ռուբեն Հայրապետյանը փոքր-ինչ առաջանալով, հանդիպել է փողոց փակած ուսուցիչների, աշակերտների ու վերջիններիս ծնողների, որից հետո սկսել է վիճաբանել նրանց հետ: Ծնողների ու ուսուցիչների պնդմամբ՝ այն բանից հետո, երբ Հայրապետյանը նկատել է, որ իրեն տեսանկարահանում են,  «մեղմացել է» ու ստիպված եղել հերթական անգամ շրջել մեքենան ու հետ գնալ:

Ստորև ներկայացնում ենք նաև քաղաքացիների կողմից մեզ տրամադրված տեսանյութը, իսկ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ կհայտնեք ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter