HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Սպանված եւ հացադուլավոր զինվորներ

«Ես տղա ունեի, որը բանակի «դժբախտ պատահարների» զոհերից դարձավ, բայց եթե մի քանիսն էլ ունենայի, միեւնույն է, նորից կուղարկեի ծառայելու, մեր հայրենիքը պաշտպանելու, բայց ոչ էս ֆաշիստների համար: Սրանք թուրքից էլ ահավոր են: Այն, ինչ այսօր կատարվում է դատարանում, ուղղակի խեղկատակություն է»,-ասում է «Զինվորների պաշտպանության կոմիտե» կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը:

2003թ. դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասից անհետացել են շարքային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանը եւ Ռոման Եղիազարյանը: Զինվորական դատախազությունն այդ կապակցությամբ 15 օր անց քրեական գործ է հարուցել, իսկ հունվարի 9-ին Մատաղիսի ջրանցքից հայտնաբերվել են անհայտ կորած զինվորների դիակները' բռնության հետքերով: Մարտակերտի զինդատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակներում սպանության մեղադրանքով ձերբակալվել են 4 զինծառայողներ, որոնք մեղադրական ցուցմունքներ են տվել գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանի, սպաներ Կառլեն Մայիլյանի, Ռուբեն Բաղրյանի դեմ: ԼՂՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը միջնորդագիր է ուղղել ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որով խնդրում է քրգործ չհարուցել գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանի նկատմամբ, քանի որ վերջինս «հայրենական պատերազմի հերոս է եւ զղջում է»:

Չնայած նրան, որ գործով վկա Արման Գրիգորյանն իր ցուցմունքում ասել է, որ տեսել է, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանն իր «Նիվա» մակնիշի մեքենայից ցելոֆանապատ երկու բեռ հանել: Հրամատարը, Արմանին նկատելով, կանչել եւ ասել է, որ ոտքով հրի ու ջուրը գցի բեռները:

Սակայն, որոշ ժամանակ անց, քննության ընթացքը կտրուկ փոխվել է: Ձերբակալված 4 զինծառայողների վրայից մեղադրանքը հանվել է, եւ հայտնվել են նոր մեղավորներ: ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանի հրամանով ստեղծվել է նոր քննչական խումբ, իսկ գործը ԼՂՀ դատախազությունից փոխանցվել է ՀՀ զինդատախազություն:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005թ. մայիսի 18-ին գործով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Վճիռը հիմնված է եղել Ռազմիկ Սարգսյանի միակ ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որը, ինչպես հետագայում դատարանում բազմիցս նշել է ամբաստանյալը, ձեռք է բերվել ծեծի եւ բռնությունների միջոցով: Ռազմիկ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն խոշտանգել է ԼՂՀ ռազմական ոստիկանության աշխատակից Արամ Բաղդասարյանը' «Մարալիկ» մականունով: 2004թ. ապրիլի 19-ից մինչեւ ապրիլի 24-ը երեք զինծառայողները բազմիցս հարցաքննվել են որպես վկաներ ձերբակալված վիճակում' զրկված լինելով պաշտպանական իրավունքից:

Իրենց անմեղությունն ապացուցելու ուրիշ ելք չգտնելով' տղաները հացադուլ են հայտարարել. Մուսա Սերոբյանը 15 օր է հացադուլի մեջ եղել, Արայիկ Զալյանը' 90, իսկ Ռազմիկ Սարգսյանի հացադուլը 2005թ.-ի օգոստոսի 12-ից շարունակվում է մինչ օրս: Նա քննչական մարմիններից պահանջում է գործի վերաքննություն:

Նոյեմբերի 30-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատական նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկա էին ոչ միայն ամբաստանյալների եւ սպանված զինվորների հարազատներն ու կողմնակիցները, այլեւ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ: Մինչ դահլիճ մտնելը դատավորի հրահանգով ոստիկանները լրագրողներից վերցրեցին ձայնագրիչներն ու լուսանկարչական ապարատները: Սակայն լրագրողների բողոքից հետո դատական նիստը սկսելուց առաջ դատավոր Մհեր Արղամալյանը հրահանգեց վերադարձնել լրագրողներից վերցված իրերը. «Իհարկե, մենք ոչինչ չենք թաքցնում, ամեն ինչ հրապարակավ է արվում, կարող եք ձայնագրել, իսկ ռեպորտաժի համար, կարծում եմ, 10 րոպե տեսագրելն էլ բավարար է»,-ասաց դատավորը: Այդ օրը դատարանում նկարահանումներ կատարած ոչ մի հեռուստաընկերություն դատական նիստի մասին ռեպորտաժ չհեռարձակեց:

Դատավարությունը սկսվեց լարված մթնոլորտում: Արայիկն ու Մուսան Ռազմիկին գրեթե գրկած ներս բերեցին, ոստիկանների օգնությամբ մի կերպ նստեցրեցին աթոռին, եւ այդ դիրքով նա մնաց մինչ դատական նիստի ավարտը:

Տղային տեսնելուն պես մայրը' Ջուլիետա Սարգսյանը, ուշաթափվեց: Ռազմիկը կիսափակ աչքերով, անօգնական հետեւում էր, թե ինչպես էին մորն ուշքի բերում: Դատարանն առանց հապաղելու սկսեց նիստը: Նախագահող դատավոր Մհեր Արղամալյանը հրապարակեց Զինդատախազության միջնորդությամբ նոյեմբերի 15-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ այցելած բժշկական փորձագետների խմբի կազմած արձանագրությունը, որտեղ նշվում էր, որ ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը, չվստահելով բժիշկներին, հրաժարվել է փորձաքննությունից: Փորձագետների խումբը տեղում ծանոթացել է Սարգսյանի անվամբ քրեակատարողական հիմնարկի բուժ. բաժնում լրացված բժշկական քարտի տվյալներին եւ եզրակացություն գրել. «Սարգսյանը, բացի ընդհանուր թուլությունից, ոչնչից չի բողոքել: Նրա մոտ նորմայից որեւէ շեղում չի գրանցվել, այսինքն' ներքին օրգանների որեւէ հիվանդությամբ չի տառապում, եւ նրա վարքը նպատակասլաց է, ինչով էլ բացատրվում է հացադուլը: Գտնում ենք, որ նրա մասնակցությանը դատավարությանը ոչինչ չի խանգարում, ոչ մի արգելք չկա»: Ըստ հարազատների' Ռազմիկը բանակ է գնացել 75 կգ քաշով, իսկ այժմ նրա քաշը 60 կգ է: Փորձագետների եզրակացության մեջ, սակայն, նշված էր, որ Ռազմիկ Սարգսյանը մինչ դատապարտվելը եղել է 52կգ:

Փաստորեն, ըստ փորձագետների, հացադուլից հետո Ռազմիկի քաշն ավելացել է:

Ամբաստանյալների պաշտպանները դատարանում հայտարարեցին, որ գործին պետք է կցել Ռազմիկին հետազոտած անկախ բժշկի եզրակացությունը: Բժիշկը ամբաստանյալին քննել է ՀՀ արդարադատության նախարարի թույլտվությամբ: Սակայն դատավորի համար հիմք չէր «այդ թղթի կտորը»: Նա նույնիսկ չէր ցանկանում լսել դատապաշտպաններին եւ համառորեն շարունակում էր հարցեր ուղղել ամբաստանյալին, որոնք, իհարկե, անպատասխան էին մնում. Ռազմիկն ի վիճակի չէր նույնիսկ գլուխը բարձրացնել:

Դատավարության ընթացքում դահլիճ մտավ մի տղամարդ, անկաշկանդ մոտեցավ դատավորին եւ հայտարարեց, որ եկել է մասնակցելու: Առաջին ատյանի դատավարության մեղադրող, տղաների համար ցմահ պատիժ պահանջող Ասկերանի կայազորի զինդատախազի տեղակալ Աշոտ Ապրեսյանն էր: Դատավորը, առանց վարանելու, առանց որեւէ փաստաթուղթ պահանջելու թույլատրեց նրան նստել մեղադրող Անահիտ Եղիազարյանի կողքին: Ամբաստանյալներ Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանն ուղղակի սարսափահար առարկեցին նրա մասնակցության դեմ: Դատապաշտպաններն էլ միացան նրանց ու ներկայացրին առաջին ատյանի դատավարության մի քանի դրվագ' մատնանշելով դատախազի անօրինական գործողությունները: Սակայն դատարանը մերժեց բացարկը:

Ի վերջո, դատարանի դահլիճից գրեթե չդադարող ռեպլիկները դատավորին ստիպեցին դատավարությունը փակ դռների ետեւում անցկացնել: Նիստի ավարտից հետո փաստաբանները հայտարարեցին, թե դատարանի ապօրինի գործողությունների դեմ բացարկ են ներկայացրել եւ պահանջել փոխել դատավորների կազմը: Բացարկը մերժվել էր: Նիստը հետաձգվեց 1 օրով:

Դեկտեմբերի 1-ին «Մենք չենք ուզում լինել հաջորդը», «Զինդատախազություն, դադարեցրու ապօրինությունները», «Մենք գիտենք' ովքեր են հանցագործները եւ հովանավորները» եւ այլ նմանատիպ գրառումներով ցուցանակներով Վերաքննիչ դատարանի բակում էին հավաքվել ամբաստանյալների հարազատները, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ տարբեր բուհերի ուսանողներ:

Դատավորն առաջարկեց դիտել գործում առկա տեսաժապավենը:

Դատապաշտպանները փորձեցին ժապավենի առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատավորը թույլ չտվեց նրանց խոսել: Որպես բողոքի նշան' բոլոր երեք պաշտպաններն էլ ( Զարուհի Փոստանջյան, Ստեփան Ոսկանյան , Աշոտ Աթոյան ) լքեցին դատարանի դահլիճը: Սակայն դա չխանգարեց դատավորին ցուցադրել տեսաժապավենը, որտեղ ակնհայտ երեւում էր, որ Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել էին բռնություններ, որից վերջինս անճանաչելիորեն փոխվել էր: Տղայի դեմքն ու ձեռքերն ամբողջովին այտուցված էին, գլխի վրա նկատվում էին ծեծի հետքեր: Ժապավենում Ռազմիկ Սարգսյանը խոստովանում է իր մեղքը եւ պատմում, որ դեկտեմբերի 24-ին տնից ուտելիք են ստացել եւ միասին որոշել զորամասի մոտ գտնվող կիսաքանդ շինության մեջ ուտել այն: Հետո հայտնվել են Ռոմանն ու Հովսեփը (սպանված զինվորները) եւ պահանջել են «տուլիկն» իրենց տալ: Դա էլ կռվի առիթ է դարձել, որի արդյունքում էլ Ռազմիկը ծեծել է տղաներին եւ անգիտակից վիճակում թողել այդ շինության մեջ ընկած, մի քանի ժամից Արայիկի ու Մուսայի հետ վերադարձել են եւ տղաների դիակները գցել ջրանցքը:

Քննիչի յուրաքանչյուր հարց իր մեջ արդեն իսկ պատասխան էր պարունակում, եւ Ռազմիկը շատ ժամանակ համաձայնվում կամ ուղղակի կրկնում էր քննչի ասածները: Իսկ երբ նա ինչ-որ բան էր բաց թողնում, քննիչը կողմնորոշող հարցերով նրան «հիշեցնում» էր, որ մինչ առաջ անցնելը դեռ բաներ ունի պատմելու: Տեսաժապավենի ցուցադրման ընթացքում Ռազմիկի կողքին նստած Արայիկը մի քանի անգամ ասաց, որ Ռազմիկն իրեն վատ է զգում, սակայն դատավորը ուշադրություն չդարձրեց դրան այնքան ժամանակ, մինչեւ Ռազմիկի բերանից սկսեց հեղուկ հոսել, եւ նա կորցրեց գիտակցությունը: Ոստիկանները նրան քարշ տալով հեռացրին դահլիճից: Ռազմիկի մայրը' Ջուլիետա Սարգսյանը, նույնպես ուշագնաց եղավ եւ անգիտակից էր մինչեւ շտապ օգնության ժամանելը: Ռազմիկին քննելու ժամանակ պաշտպաններից ոչ մեկին այդպես էլ թույլ չտվեցին ներկա գտնվել: Ի վերջո, ստուգող բժիշկը դատարանի դահլիճում հայտարարեց, որ ամբաստանյալը շատ թույլ է, դատավարությանը մասնակցել չի կարող եւ պետք է գտնվի բժիշկների անմիջական հսկողության տակ:

Դատավարության ավարտից հետո սպանված Հովսեփի հայրը' Մովսես Մկրտումյանը, շփոթված ասաց, որ ցուցմունքը սխալ է. «Հիմա թե Ռազմիկն է խաբում, թե ուղղակի սխալ են մեկնաբանում, չգիտեմ, բայց ինչ-որ բան այն չէ: Ռազմիկն ասում է, որ նրան մոտեցավ մի բարձրահասակ տղա' Հովսեփը, որը մյուսից, այսինքն' Ռոմանից էլ բարձրահասակ էր, բայց տղաս բավականին կարճահասակ էր, իսկ Ռոմանն էլ նրանից շատ ավելի հասակով բարձր: Ուրիշ բաներ էլ կան, որ կասկածի տեղիք են տալիս, բայց դեռ կլռեմ»: Նշենք նաեւ, որ սպանված Ռոման Եղիազարյանի հայրն էլ էր գործի հենց սկզբում հայտարարել, որ իր տղային ամբաստանյալները չեն սպանել, սակայն հիմա լռում է: Դատարանում որպես իրավահաջորդ հանդես էր գալիս Ռոմանի հորեղբայրը: Նա համոզված է տղաների մեղավորության մեջ եւ համառորեն պաշտպանում է մեղադրող կողմին:

Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այցելեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպեց Ռազմիկ Սարգսյանին: Պաշտպանը Ռազմիկ Սարգսյանին առաջարկել է «դադարեցնել հացադուլը, վերականգնել առողջությունը եւ դատարանում ընտրել պաշտպանության ակտիվ մարտավարություն»: Պաշտպանը հանդիպել է նաեւ բժիշկների, հիմնարկի պետ Ա. Սարգսյանի հետ եւ «առաջարկել Ռազմիկ Սարգսյանին չներկայացնել դատարան, քանի դեռ նա դուրս չի եկել հացադուլից, եւ նրան տեղափոխել «ՔԿՀ կենտրոնական հիվանդանոց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter