HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Շարմազանովը պատրաստ է վայր դնել մանդատը, բայց կողմ չի քվեարկի Փաշինյանին

«Ինչ ելույթ ունեցել եմ մայիսի 1-ին, համարեք նույն ելույթն ունենալու եմ մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի պաշտոնում իրեն չհամոզեց։

«Ո՞վ է ասել, որ բոլորս պետք է կողմ քվեարկենք»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել մեկ օրվա ընթացքում, որ ՀՀԿ-ն արդեն պատրաստ է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովն ասաց․ «Մեկ օրվա ընթացքում ոչինչ չի փոխվել, մենք այդպես ենք հարմար գտել, բայց իմ անձնական քաղաքական դիրքորոշումը չի փոխվել։ Չգիտեմ՝ ինչպես ենք քվարկելու, բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է: Թե ինչ քանակով կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է։ Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի և մեկ երրորդի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»։

Շարմազանովի խոսքով՝ մայիսի 1-ին քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի ու պատրաստվում է նույն կերպ քվեարկել նաև մայիսի 8-ին։

Մեր հարցին՝ պատրա՞ստ է նաև մանդատից հրաժարվել, ԱԺ փոխնախագահն ասաց՝ պատրաստ է, «մանդատով չեմ ծնվել»։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հարցերին չի տրվել հստակ պատասխաններ, ես հարցրել եմ  գաղափարախոսության մասին, մարդն ասել է՝ ես որևէ գաղափարախոսություն չունեմ՝ ոչ լիբերալ եմ, ոչ սոցիալիստ, ոչ պահպանողական։ Հարցիս չի պատասխանել, իսկ ինձ համար պետք է հստակ լինի՝ մարդը պահպանողական է, լիբերալ, թե սոցիալիստ։ Արցախյան հարցով 7 շրջաններից հարց եմ տվել, բավարարված պատասխան չեմ ստացել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ասել եմ, որ իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Ես մնում եմ իմ կարծիքին, բայց դա չի նշանակում, որ եթե ես չեմ տեսնում, այլ կարծիք չի կարող լինել»։

Շարմազանովը այդպես էլ չմանրամասնեց, թե ովքեր են կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Մենք կապահովենք, որ մայիսի 8-ին վարչապետ ընտրվի: Հիմա թե 80 ձայն կապահովենք, թե ավելի շատ՝ դա արդեն երկրորդական է։ Մեր թիմը միասնական է, որևէ ճաքեր մի փնտրեք, մեր խնդիրն է քաղաքական ճգնաժամը չխորացնենք»,- ասաց նա։

Հարցին՝ ճգնաժամը չխորացնելու համար պատրա՞ստ է ինքն էլ կողմ քվեարկել, Շարմազանովը բացասական պատասխան տվեց։ «Այսինքն Էդուարդ Շարմազանովն այն անձնավորությո՞ւնն է, որը իր սկզբունքները պահի տակ փոխում է։ Հանուն Հայաստանի մեր խմբակցությունը կքվեարկի, որպեսզի մենք ունենանք վարչապետ, հանուն Հայաստանի պետք են սկզբունքային գործիչներ, այլ ոչ թե կարծիքը օրը 6 անգամ փոխող գործիչներ»,- ասաց նա։

Հարց հնչեց սոցցանցերում շատ քննարկված իր դստեր նամակի մասին, Շարմազանովը պնդեց, որ գիշերն է իմացել նամակի մասին, այն էլ՝ լրագրողների զանգերից։

«Երեխայի մտածումներն են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա: Ամենակարևորը ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը չեմ կարող ասել՝ սուբյեկտիվ եմ, չեմ կարող իր գրածները մեկնաբանել։

Շարմազանովը հերքեց այն լուրերը, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել։

«Սերժ Սարգսյանը ՀՀ-ից գնալու մտադրություն չունի, իր ընտանիքի, թոռների ապագան տեսնում է բացարձակապես ՀՀ-ում»,- նշեց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ կուսակցությունում չեն քննարկել այն հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ նախագահ։

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի նա շարունակի լինել կուսակցության նախագահ: Ինչպես նախկինում եմ ասել, այնպես էլ հիմա. եթե 15 օր առաջ հպարտ էի, հիմա կրկնակի հպարտ եմ, որ պատիվ եմ ունենալու աշխատել իմ կուսակցական առաջնորդ, բացառիկ կուսակցական այր, բացառիկ հայ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter