ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյան․ «Վարչապետը պետք է ընտրվի առանց նախապայմանների»




ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Փաշինյանի խոսքով՝ դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել է ներքաղաքական ընթացիկ իրավիճակը: Հարցին, թե ինչ է փոխվել ՀՀԿ-ականների մոտ մի քանի ժամում, որ որոշել են կողմ քվեարկել իր թեկնածությանը, Փաշինյանը պատասխանեց. «Բոլորս շահագրգիռ ենք, որ քաղաքական այս իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության ու օրենքների շրջանակում, և ես ուրախ եմ, որ այս ըմբռնումը քաղաքական պատկեր պիտի ստանա»:

Հարցին, թե արդյոք Արցախի փողոցից իրեն առևանգելուց հետո հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Ինձ անմիջապես տեղափոխել են Սևանի ոստիկանության բաժին, որտեղ ես մնացել եմ այնտեղ ինչ-որ ժամանակ, ժամացույց չեմ ունեցել, չեմ կարող ասել ինչքան եմ մնացել, որից հետո ինձ տեղափոխել են Երևանի ՁՊՎ, այնտեղ ինձ այցելել են Արա Բաբլոյանը, Կարեն Կարապետյանը և Հրանտ Մարգարյանը»։

Ապագա Կառավարության ձևավորման հարցով Փաշինյանն ասաց, որ օրենքով սահմանված ժամկետներում կարվեն նշանակումները։

Դիտարկմանը, որ որոշ ՀՀԿ-ականներ քվեարկելու են իր օգտին. հնարավո՞ր է, որ լինեն ՀՀԿ-ականներ, որոնք անդամակցեն Փաշինյանի կառավարությանը, վերջինս պատասխանեց. «Նոր վարչապետը պետք է ընտրվի առանց նախապայմանների, իսկ ընդհանուր առմամբ մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է, իսկ նպատակին հասնելու համար կանենք կոնկրետ քայլեր՝ կախված տվյալ պահին հաստատված քաղաքական իրավիճակից»։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը անդամակցի համաձայնության կառավարությանը, Փաշինյանը պատասխանեց․ «Կոնկրետ հարցերի չեմ կարող պատասխանել, արդեն ասացի, որ կառավարությունը կձևավորվի՝ հաշվի առնելով կոնկրետ քաղաքական իրավիճակ»։

Իսկ թե արդյոք իրեն համար հստակ է նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը, Փաշինյանն ասաց․ «Այո: Փաստաթուղթը ինձ մոտ չի, կարծում եմ՝ պարոն Սարգսյանը ճիշտ կանի՝ ինքը հրապարակի»։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ